Կին և պատերազմ

Արցախյան ազատամարտի տարիներին հազարավոր հայ կանայք միացան կամավորական ջոկատներին՝ անձնվիրաբար պայքարելով մեր ամեն մի թիզ հողի համար, արժանապատվորեն կրելով պատերազմի արհավիրքը: Նրանց փխրուն ուսերին դրոշմվեցին կորստի ցավն ու մահվան սարսափը: Հենց նրանց սխրանքի ու նվիրումի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը հաղթեց արցախյան պատերազմում: Հայ կանանց շնորհիվ է նաև կերտվել մեր պատմության հզոր ու հաղթական էջերը՝ Ավարայրից մինչև Արցախ: Նրանք մարտի դաշտում եղան որպես կապավոր, բուժքույր, հրաձիգ և տղամարդկանց հետ հավասար կրեցին պատերազմի բոլոր դժվարությունները:

<<… Ուս ուսի տված, առյուծի նման, ետ բերենք հողն ու փառքը հայության…>>

Հայրենասիրական երգերն էին կռվից առաջ ոգեշնչում <<Կանանց ջոկատի աղջիկներին>>:

Սիրո, նվիրումի, քնքշության ու հեզության խտացումից է մարմնավորվել հայ կինը: Դարեր ի վեր նա լինելով ընտանիքի երդվյալ նվիրյալն ու պահապանը, երբեք չի կորցրել իր կանացի դիմագիծը:

Արցախյան պատերազմի տարիներին շատերի նման Մարգարիտան զենք վերցրեց:

-Սկսեմ նրանից, որ մեր ընտանիքում հայերենի հանդեպ սերը ավանդույթ էր: Ես հիշում եմ, շատ փոքր տարիքում էի, քույրս Հովհաննես Շիրազի հետ նամակագրական կապերի մեջ էր: Չեմ հիշում ՝ երրորդ, թե չորրորդ դասարանում  ես նրա նամակներից մեկը գողացա, տարա դպրոց, դպրոցում կարդացինք: Հետո մեր պատմության ուսուցիչն ասաց. <<Չեմ բարձրաձայնի, բայց էլ դպրոց չբերես>>:

1992թ. Ստեփանակերտում պատահաբար Մարգարիտայի աչքով է ընկնում մի հայտարարություն, որ Արցախի կանանց ջոկատ ստեղծելու նպատակով՝ կանայք ու աղջիկներ են հավաքագրում նա իսկույն որոշեց, որ պետք է ջոկատում ընդգրկվի, չնայած հստակ գիտակցում էր, որ նահապետական բարքերի վրա հիմնված ընտանիքում հազիվ թե  նրան հաջողվի ծնողներին համոզել, բայց որոշումը հստակ էր, պետք է գնար:

-Ես ևս ավանդապաշտ եմ և սիրում, հարգում եմ այն ընտանիքները, որտեղ հայկական ավանդույթները իշխում են: Մարգարիտա Սարգսյանին երևի շատերն են ճանաչում: Նա եղել է իմ համադասարանցին, միշտ էլ կատակով ասում էի  պատերազմ է, ինչի ես դու դասին նստել, այնինչ կարող էիր զենքով օգտակար լինել: Եվ այդպես էլ ստացվեց, միասին գնացինք: Սկզբում հավաքագրվել էին շատերը 35, թե 40հոգի: Տանը ևս ասացի, որ հոսպիտալում ենք լինում, հեռու տեղեր չենք գնում, դա  իմ փոքրիկ սուտն էր: Ավանդապաշտ լինելով մտածում էի հասարակական կարծիքի մասին:

1992թ. աշնանը, երբ ջոկատը արդեն պատրաստ էր մարտական առաջադրանք կատարելու, ուսումնական կենտրոն եկավ գումարտակներից մեկի հրամանատարը և խնդրեց երեք բուժքույր տրամադրել: Մարգարիտան գնաց երկու Անահիտների հետ: Առաջին մարտը հաջող ավարտվեց նույնիսկ վիրավորներ էլ չունեցան:

Այն, որ արցախյան գոյամարտում մեծ է բժշկի ու բուժքրոջ դերը, կասկածից վեր է: Ավելին՝ նրանց բաժին ընկած պատասխանատվությունը կրկնակի էր: Հաճախ մարտադաշտում անհրաժեշտ սարքավորումների ու դեղորայքների բացակայության պայմաններում, նրանք ստիպված էին անհապաղ բժշկական միջամտություն ցուցաբերել, վիրահատել ու փրկել վիրավոր ազատամարտիկների կյանքը: Եվ դա նրանց շատ դեպքերում հաջողվում էր: Մյուս կողմից, նրանք իրավիճակից ելնելով, պարտավոր  էին բժշկի հագուստն ու սարքավորումները փոխարինել զինվորական համազգեստով ու զենքով: Մարգարիտան հենց այդ կանանց մեջ էր: Ամեն անգամ հիշելով մարտերը, Մարգարիտայի աչքերը տխրում են՝ ինչքան ծանր մարտեր էին, ինչքան տղաներ զոհվեցին նրա ձեռքերի վրա. <<Մինչև հիմա չեմ պատկերացնում, թե ինչպես փրկվեցինք: Անհավատալի է, որ այդ ցուրտ ու մութ դաժան օրերից հետո առողջությունս պահպանվել է,- պատմում է Մարգարիտան, պատմում նաև, թե ինչպես է իր ընկերուհի Մարգարիտան զոհվել >> :

Կռվի դաշտում ամենքը քույր  ու  եղբայր էին, համախմբված բարձր նպատակի, հաղթանակի շուրջ:

-Այն տարիներին մահվան աչքերին էինք նայում, բայց հավատը կար, կողքիդ կային ընկերներ, հավատարիմ ընկերներ, որոնց համար դու պատրաստ ես քո կյանքը զոհել և գիտես, որ նույնն էլ իրենք կանեն, դա մեծ հպարտություն էր: Մեր մարտական ընկերները մեզ մոտ աշխատում էին միշտ զուսպ լինել: Մինչև այսօր էլ ունենք լավ մարտական ընկերներ, որոնց հետ մարդկային լավ հարաբերությունների մեջ ենք: Դիրքերում կնոջ ներկայությունը հայ տղամարդու համար մեծ ուժ էր, մեծ պատասխանատվություն և անպայման հաղթանակի խորհուրդ: Մարգարիտան մեդալներ, գովասանագրեր, փառքի դափնիներ չի ակնկալում, նախընտրելով, որ այդ գումարը հատկացվի մեր բանակի ու  նորանկախ  պետության հզորացման համար: Նա անցել է արցախյան պատերազմի ողջ թոհուբոհով, կատարել բուժքրոջ պարտականությունները, հարկ եղած դեպքում զենք է վերցրել տղաների և ջոկատի մյուս աղջիկների՝ Կարինեի, Անահիտի, Մարգարիտայի, Գայանեի հետ մասնակցել մարտերին:
Փոքրիկ լռությունից հետո Մարգարիտան շարունակեց.

-Ուզում եմ խաղաղություն լինի, պատերազմ չլինի: Տղաներին ցանկանում եմ խաղաղ ծառայություն, կարևորն այն է, որ վտանգ չլինի, բոլորը վերադառնան իրենց տները: Որդեկորույս մայրերին համբերություն՝ բոլոր տղաները հերոսներ են: Հերոսական Արցախի բոլոր բնակիչները ռմբակոծության տակ են եղել  ու շատ հարազատներ են կորցրել:

Իր կյանքի դրվագները պատմելիս Մարգարիտան կաերծես  կրկին ու կրկին վերապրում էր այն դաժան պահերը, որ զգացել է սեփական մաշկի վրա: Նայելով սիրունատես Մարգարիտա Թառանյանին, մտքովդ անգամ չի կարող անցնել, որ բուժքրոջ պարտականությունները կատարելուց բացի, հարկ եղած դեպքում, նաև զենք  է  վերցրել:

Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար Մարգարիտա Թառանյանը պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով,  <<Անբասիր ծառայություն>> և <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> մեդալներով: