Նրա երգը հավատի ու հույսի ղողանջ է

<<Մենք կանգնած ենք մեր դիրքերում, մեր սահմաններն ենք հսկում>>,<<Այն դժվարին օրերին ինչպես էինք դիմանում>> <<Ով չի եղել պատերազմում, նա դժվար թե մեզ հասկանա>>  <<խրոխտ ու ջերմ ձայնով երգում է ազատամարտիկ Վալերի Իշխանյանը և հայացքով ընդգրկում երազների հեռուն: Կիթառի ձայնի ելևէջներով հյուսվում է հետզհետե մարտական ճանապարհի ոգեղեն հիշողությունը, որի մեջ ցավ կա և տառապանք, կա ոգու տարերք և տոկունություն, որով և հաղթահարվել են դժվարությունները: Երգում է: Գուցե այս երգը ուղեկցել է Վ. Իշխանյանին իր անցած մարտական ճանապարհին, ոգևորել մարտընկերներին, հույս ու հավատ ներշնչել, զինել ոգու ուժով և կորովով: Բարձունքների նկարագիրն է տեսիլքի պես արտացոլվում երգի ակունքներում, որոնցից հորդող իրականության տարերքը կրկին միացնում է հեռուներում վարագուրված ճանապարհների շնչառությունը ժամանակի ելքին:

Իսկ ժամանակի ելքը ցույց է տալիս ոչ թե երգը, այլ մարտիկի զե՛նքը, ո՛ւժը, ոգի՛ն: Նվիրյալների արյան գնով ազատագրված Արցախ աշխարհը մեր հաղթական ոգու նկարագիրն է: Ոգեպնդված են սերունդները արիության, քաջագործության բազում դասերով:

Մենք չշրջեցինք պատմության վերջին էջը: Մենք կերտեցինք նոր Սկիզբ, նոր իրականություն: Եվ ապրում ենք հաղթողի հոգեբանությամբ: Կյանքը ինքնահաղթահարման ասպարեզ է:

Արցախյան գոյապայքարի նվիրյալներից է Վալերի Իշխանյանը: Նա 15 տարեկան էր, երբ հոգու թելերով և երազներով կապվեց ու միաձուլվեց ընդվզող ազգի անբեկանելի երթին: <<Ես ցանկացել եմ փրկել Հայրենիքը և կյանքս>>,- այս անկեղծ խոստովանության մեջ է բաբախում այն ճշմարտությունը, որը և նախանշեց աննկուն ու արի ազատամարտիկի ճանապարհը:

<<Հաշմանդամների գերակարևոր հիմնահարցերը>> հոդվածում (<<ԼՂ Հանրապետություն>> 29 օգոստոսի, 1995թ.) Է.Բալայանը գրում է. <<Վալերի Սեդրակի Իշխանյան, ծնված 1974թ., առաջին կարգի հաշմանդամ, վիրավորվել է գանգից: 15 տարեկանից (1988թ.) ակտիվորեն ներգրավվել է մեր շարժմանը (բնականաբար, մինչև այդ մասնակցել է բոլոր հանրահավաքներին): Հանձնարարություն ստանալով, նա մեկնել է Շոշ գյուղը` տնտեսության ֆերմաները պաշտպանելու ադրբեջանցիների հարձակումներից: Երբ Ավետարանոցում (Չանախչի) կազմակերպվեց ռազմաուսումնական կենտրոն, նրան ուղարկեցին, որ փորձ ձեռք բերի: 1990թ. Վալերին մտավ Մայիս Սարգսյանի խումբը, որը պահակակետ ուներ Աղդամ-Շուշի մայրուղու վրա: Հետո նրանց ուղարկեցին Ասկերանի շրջան` պաշտպանելու Նախիջևանիկը, Փրջամալը, Աղբուլաղը: Շուշին ազատագրելու ժամանակ նրանք հսկում էին ռազմաճակատի Նախիջևանիկ-Փրջամալ գիծը, որտեղ ադրբեջանցիները փորձում էին 20-25 տանկի միջոցով ճեղքել ռազմաճակատի գիծը, որը նրանց չհաջողվեց: Ավելին, մերոնք խփեցին ադրբեջանական բանակի 10 տանկ, իսկ 3-ն էլ վերցրին սարքին վիճակում>>:

Սա ընդամենը փոքրիկ մի դրվագ է ազատամարտիկ Վալերի Իշխանյանի անցած մարտական փորձաշատ ճանապարհի հարուստ նկարագրից: 18 տարեկանում նա մտավ Մարտիկ Գասպարյանի գլխավորած վաշտը, որը պաշտպանում էր թիվ 80-81 պահակակետերը: Բառերով գուցե հեշտ է նկարագրել… Բայց իրականում դժվարությունների կծիկ էր րոպեն, որը հաղթահարվում էր զինվորականի ամուր կամքով, ոգու ուժով ու տոկունությամբ: Տագնապը, ցուրտը, թշնամու հարձակումները, առանց ջերմության դիմանալու խնդիրը… Այս ամենը հաղթահարում էր Վալերին, ավելի ու ավելի ամրանում ոգով, դառնում հայրենիքի անձնուրաց ու աննկուն պաշտպանը: Մասնակցել է Քելբաջարի, Ղուբաթլուի կրակակետերի ոչնչացման մարտագործողություններին: Ղուբաթլուում ծանր մարտեր մղեցին, հաղթահարելով շրջափակման օղակը, ճեղքեցին` զոհերի գնով:

Զոհված ընկերների հիշատակը սրբությամբ է պահպանում Վալերին: Երբ կիթառը վերցնում և նվագում է, ասես ցավի լարերից ոգու ուժ է ստանում` կրկին ու կրկին մարմնավորելով ռազմաճակատի հերոսական տարերքը, որ որպես նոր շնչառություն, լցվում է կյանքի երակները, հիշողությունների ելևէջներով հարստացնում առօրյան:

Ահա Վալերիի ևս մի խոստովանությունը: Կռվել  է, որ քաղաքը տեսնի խաղաղ, երեխաներին հանգիստ բակերում խաղալիս: Հավատացած էի, որ իզուր չեմ կռվում, որ եթե մի բան պատահի, բախտի քմահաճույքին չեն թողնի: Եվ դա թև էր տալիս մեզ>>:

<<Վալերի Իշխանյանը Արցախյան գոյապայքարի նվիրյալ ազատամարտիկներց է,- ասում է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանակիր Վլադիմիր Ավագյանը: – Աչքի էր ընկնում խիզախությամբ և համարձակ ձեռնարկումներով: Մարտական գործողությունների ժամանակ իրեն դրսևորել է` որպես համարձակ ու խիզախ մարտիկ>>:

1993թ. Վ. Իշխանյանն իր զինակիցների հետ մարտնչում էր Մարտակերտի ազատագրման համար:

Մարտակերտի շրջանում 1994թ. ապրիլի 13-ին զոհվում են գումարտակի շտաբի պետ Ալեքսանդր Դանիելյանը և հետախուզության պետ Սիմոն Գասպարյանը: Նրանք հետմահու պարգևատրվել են<<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով:

1994թ. ապրիլին Վ. Իշխանյանը վիրավորվում է գլխից և տեղափոխվում հոսպիտալ:

<<Երկու վիրահատություն կատարեցին,- գրում է Է.Բալայանը,- բայց պետք եղավ նաև երրորդը: Երևանից հրավիրեցին վիրաբույժ Կարո Էբոյանին: Վիրահատությունից հետո նրան տեղափոխեցին Երևան: Այստեղ կատարվեց չորրորդ վիրահատությունը: Երկրորդ վիրահատությունից հետո կաթված ստացան հիվանդի ձախ ձեռքն ու ոտքը: Չորրորդ միջամտությունից հետո աստիճանաբար սկսեցին վերականգնվել ձեռքերի և ոտքերի շարժումները: Բայց պահանջվեց հինգերորդ վիրահատությունը: Սկզբում ինքնազգացողությունը նորմալ էր, բայց հետո առողջական վիճակը բարդացավ և հարկ եղավ նորից մեկնել Երևան: Հիմա նա բժիշկների հսկողության տակ է գտնվում>> (<<ԼՂ Հանրապետություն>> 29 օգոստոսի, 1995թ.):

Տառապալից օրերը չեն ընկճում Վալերի Իշխանյանին` Արցախյան գոյապայքարի նվիրյալին: Որովհետև միշտ նրա հետ է երգը: Երգով նա բուժում է վերքերը: Ինչքան էլ պատերազմի ստվերը ծանրանա նրա հոգեաշխարհի թրթիռների վրա, ստիպելով լսել տառապանքի ու մրմուռի ձայնը, մեկ է, նա ոգու ուժով հաղթահարում է ամեն դժվարություն, լսում հոգում ամբարված երազների հեքիաթային նվագը: Եվ պատահական չէ, որ այսքան տառապանքներից հետո նա իր մեջ ուժ ու համարձակություն գտավ` նորովի շարունակելով կյանքի ճանապարհը: Ամուսնանալով իր կյանքի ընկերուհու` Գայանեի հետ, ստեղծում է սիրո ու վստահության վրա հենված մի ընտանիք, որտեղ ծնունդ են առնում և երջանկություն պարգևում ծնողներին երեխաները` աղջիկը և տղան: Թվում է, թե վերջնականապես գտնված են երջանկության հասցեները: <<Ինչքան էլ, որ մեր կյանքը զարդարենք խայտաբղետ զիզիբիզիներով,- գրում է Ն. Հայրումյան <<ԼՂ Հանրապետություն>>, 29 օգոստոսի, 1996թ.),- ինչքան էլ որ ջանանք գլխիվայր խրվել դժվարին խաղաղ կյանքի հորձանուտը, մեզ չի լքում այն զգացումը, որ ինչ-որ մեկը հետևում է մեզ: Այդ նա է` պատերազմը… Երբեմն շրջվում և տեսնում ենք նրա սարսափելի աչքերը` գերեզման գնացող ծեր մորը, կենսաթոշակի համար հերթ կանգնած, երեխան գրկին մատղաշ կնոջը, հաշմանդամի սայլակին գամված երիտասարդ տղային… Հաճախ ենք մտածում, թե նրանց կյանքն ինչ-որ ձևով թեթևացնելու համար արդյո՞ք ամեն բան ենք անում>>:

Վալերի Իշխանյանը գիտի երջանկության գինը: Մաքառումների ճանապարհն անցած ազատամարտիկը չի երկնչում կյանքի դժվարությունների առաջ: Նա թեկուզ իր կիթառի ոգեշունչ երգով կարող է թևավորել առօրյա ժամերը, պահերը դարձնել երազահո՜ւնչ… Միայն մի բանի մասին է մտածում: Կարող է ևս մի անգամ վիրահատվել: Եվ այդ վիրահատությունը կբարելավի իր առողջական վիճակը, թե… Գուցե մի անգամ էլ համարձակվի… Ութերո¯րդ անգամ: ՙՅոթ անգամ բացել են գլուխս: Համեմատաբար լավ էի զգում: Մինչև որ այս նոր բնակարանում ընկա… և գլխով խփվեցի պատին: Այդ օրից սկսած` ուշագնաց եմ լինում հաճախ,- ցավով խոստովանում է Վ. Իշխանյանը,- ինչպես տեսնում եք` բնակարանը ենթակա է վերանորոգման: Ես իմ ուժերով որոշակի չափով կարգավորել եմ: Բայց իմ արածը ի՜նչ պիտի լինի… Թեև սրանք մանրուքներ են… Գլխավորը իմ առողջության վերականգնումն է: Այս անգամ ես չեմ համարձակվում ենթարկվել ևս մի… փորձության: Վերջերս ուղևորվելով Երևան, հնարավորություն ստացա հանդիպելու Մոսկվայից ժամանած բժիշկներին, որոնք նորից զննեցին ինձ… Դա իրականություն դարձավ հատկապես գեներալ-մայոր Վարդան Բալայանի միջամտության շնորհիվ, որին էլ ուզում եմ հայտնել իմ երախտագիտությունը: Միաժամանակ կուզենայի իմ շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնել Արցախի ազատամարտիկների միությանը` իմ նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության, հոգատարության համար: Ես ինքս Արցախի ազատամարտիկների միության  անդամ եմ և հպարտ եմ դրանով՚:

Վալերի Իշխանյանի մարտական ծառայությունները գնահատվել են ոչ միայն մարտական ընկերների կողմից: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար ԼՂՀ նախագահի 2005թ. թիվ 199 հրամանագրով պարգևատրվել է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀՀ <<Մարտական ծառայություն>>, մարշալ Հ. Բաղրամյանի անվան մեդալներով: 2007թ. փետրվարի 23-ին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ` Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Արցախի ազատամարտիկների միության պատվոգրով:

Վալերի Իշխանյանը` Արցախյան գոյապայքարի նվիրյալ ազատամարտիկը, այսօր էլ ոգով աննկուն է և համառ, կյանքի թրթիռներին առնչվում է նաև… կիթառի նվագո՜վ: Երգով փորձում է կրկին քարտեզագրել իր անցած մարտական ճանապարհը: <<Եթե նորից հարկ լինի` մենք կելնենք մարտի>>,- նրա երգը ելնում է ոգու խորքից և հասնում երկրի խրամատներին: Նրա երգը հավատի ու հույսի ղողանջ է այս <<ոչ խաղաղություն, ոչ պատերազմ>>սահմանագծում: