Անավարտ կենսագրություն

Արցախյան պատերազմից անցել են տարիներ, բայց մենք ապրելով խաղաղության մեջ, չենք կարող չհիշել ու չմեծարել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար թողել են ազատ ու անկախ Արցախ: Սա է ողջ ճշմարտությունը և յուրաքանչյուր մարդ որտեղ էլ, որ ապրում է պարտավոր է եկող սերնդին իրազեկել արժանապատվություն ունեցող ժողովրդի պատմությունը: Պատմել այն քաջազունների մասին, ովքեր գիտակցված են գնացել մահին ընդառաջ ՝ մտածելով, որ քաջի ամենագեղեցիկ զարդը ռազմադաշտում ստացած վերքն է:

Դեռևս հնուց էլ երջանիկ է համարվել այն մարդը, ով հանուն հայրենիքի փրկության վիրավորվել է մարտում՝ կյանքից թանկ համարելով հայրենիքը: Արցախ աշխարհը հերոսական կռիվներում մարտիրոսված շատ քաջեր ունեցավ, ովքեր պսակեցին իրենց անունները հավերժի դափնիներով: Նրանց հոգին ապրողների սրտերի մեջ է, որովհետև եղել են քաջ, չեն երկնչել դժվարություններից, չեն խնայել ոչինչ, վարել են կռիվ կռվի ետևից  և դեռ չապաքինված՝ նորից նետվել մարտի: Այդ քաջորդիներից մեկն էլ Ճարտարի <<Ճուտոներ >> ջոկատի մեխանիկ –վարորդ Գևորգ Միրզոյանն է:

Գևորգ Լևոնի Միրզոյանը ծնվել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:

Տեղի միջնակարգն ավարտելուց հետո Գևորգը ստացել է վարորդի մասնագիտություն և աշխատել <<Զեփյուռ >> կոպերատիվում ՝ որպես ավտովարորդ: Արցախյան շարժմանը նա մասնակցել է 1990 թվականի սեպտեմբերից

Գևորգ Միրզոյանը S 72 տանկի մեխանիկ վարորդն էր: Ընկերների բնորոշմամբ՝ նա աչքի  էր ընկնում իր հայրենասիրությամբ, համարձակությամբ, ճշտապահությամբ, բարձր պատասխանատվությամբ: Մասնակցել է մի շարք ազատագրական ու պաշտպանական մարտագործողությունների.  Վերին Վեյսալիի, Ալիբալիի, Ուրյանա Սարի, Մարզիլուի, ինչպես նաև Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի ազատագրման և Ֆիզուլիի, Աղդամի մոտակա բնակավայրերի համար մղված մարտերին:

Մարտընկերներից Հովիկը պատմում է . Մի անգամ խրամատում չամիչ բաժանեցին, Գևորգն ասաց, բա ասում են պատերազմում չամիչ չեն բաժանում, փաստորեն բաժանում են: Նա իմ փոքր եղբայրն էր, ես նրան շատ էի սիրում: Գիտեի, որ Լևոն և Ռայա Միրզոյանները դաստիարակել են մի այնպիսի որդի, ում համար հայրենիքը վեր է բոլոր տեսակի զգացողություններից:

Արթուր Հովսեփյան. Շատ բանիմաց երիտասարդ էր. Չի եղել մի դեպք, որ Գևորգը հանձնարարոււթյուն ստանար ու պատշաճ մակարդակով չկատարեր: Նա թշնամուց չէր վախենում, պատրաստ էր պատասխանատվությամբ կատարել բոլոր հանձնարարությունները: Նվիրյալ էր: Գևորգը իմ հիշողության մեջ մնաց որպես նվիրումի, ինքնայրումի, իսկական օրինակ: Քաջորդին փառք չի փնտրել, նա փնտրել է ապրելու իրավունք:

Ցավոք, Մարզիլուի մոտ մղված մարտը վերջինը եղավ Գևորգի համար: Իջավ մթնշաղը, բայց այն անդորրություն չբերեց հրկիզվող հոգիներին: Անկատար մնացին նրա վարդագույն երազները, կյանքը սիրելու, կյանքը իմաստավորելու ձգտումները…

Պատերազմը դաժան դիմագիծ ունի, այն խլում է բազում կյանքեր… զրկում հազարավորներին բյուր երազանքներից, ստիպում հարմարվել դառն իրականության հետ: Նա ապրեց ընդամենը 20 գարուն … բայց այդ գարունների մեջ նա ապրեց պարզ ու շիտակ ,գեղեցիկ ու բովանդակալից …

Հայորդին չտեսավ կյանքի ուրախությունները, ազատագրված Արցախը: Ծնողների միակ սփոփանքն այն է, որ իրենց որդին ընկել է հանուն հայրենիքի փրկության: Հայրենիքին մատուցած  ծառայությունների համար Գևորգ Միրզոյանը պարգևատրվել է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով:

Այո հերոսները հաճախ ծնվում ու ապրում են մեր կողքին, ապրում ու աշխատում են ինչպես բոլորը, սակայն վտանգի պահին մոռանալով ամենքին ու ամեն ինչ նետվում են կրակների մեջ:

Գևորգը  մարտնչեց  և իր պատանի կյանքը տվեց հանուն Արցախի ազատության  ու ապագայի: