Հարցազրույց <<Հայրենյաց պաշտպան >> թերթի խմբագիր Ռոբերտ Եսայանի հետ

-Երբ է ստեղծվել <<Հայրենյաց պաշտպան>> թերթը և ով է հիմնադիրը:Ո՞րն է թերթը ստեղծելու նպատակը :

-<<Հայրենյաց պաշտպան >> թերթը հիմնադրել է Արցախի ազատամարտիկների միություն հասարակական կազմակերպությունը 2000 թվականին: Թերթը նախևառաջ լուսաբանում է Արցախի ազատամարտիկների միության գործունեությունը: Հաճախակի են տպագրվում ակնարկներ և հոդվածներ ՝ նվիրված զոհված և անհայտ կորած ազատամարտիկներին: Թերթում ընդգրկվում են նաև ծավալուն նյութեր՝ նվիրված Արցախյան ազատամարտի նվիրյալներին և այսօր ԱՀ պաշտպանության բանակում ծառայող սպաներին և զինվորներին: Եվ քանի որ յուրաքանչյուր ազատամարտիկ ունի յուրահատուկ պատմություն, մարտական փորձ և բնավորության առինքնող որակներ, նպատակահարմար ենք գտնում առանձին ակնարկ նվիրել յուրաքանչյուրին, կերպավորելով անցած մարտական ճանապարհները, որպես սերունդներին փոխանցվող բացառիկ արժեք:

Ի՞նչ տպաքանակով և պարբերությամբ է լույս տեսնում թերթը:

-<<Հայրենյաց պաշտպանը>>-ը ամսաթերթ է, տպաքանակն է՝450: Թերթը բաժանվում է ընթերցողներին՝ անվճար:

-Ի՞նչպիսի թեմաներ են արծարծվում թերթում:

-Եվս մի անգամ նշեմ, որ <<Հայրենյաց պաշտպան>>  թերթը լուսաբանում է այն ազգօգուտ և հայրենանվեր գործունեությունը, որ ծավալում են Արցախի ազատամարտիկների միության աշխատակիցները՝ Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում բարեգործական ծրագրերի իրականացմանը  բարեգործական ծրագրերի իրականացմանը նվիրված  հրապարակումներին: Չէ որ այդ բարեգործական գործունեության արդյունքում բարոյական և նյութական աջակցություն են ստանում  Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների ընտանիքները, վերականգնվում ու ամրապնդվում են կյանքի նկատմամբ  ունեցած սերը,  հավատն ու հույսը:

Ունենք նաև քաղաքական լուսաբանող էջ, որտեղ արտացոլվում են քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններն ու նորանոր տեղաշարժերը:

<<Հայրենիք և ծառայություն >>, <<Հիշողության դաշտ>> խորագրերի ներքո ընդգրկվում են ակնարկներ և հոդվածներ՝ նվիրված Արցախյան ազատամարտի նվիրյալների կյանքին ու գործունեությանը:

<<Երիտասարդական>> խորագրի ներքո ընդգրկվում են նյութեր, որոնք լուսաբանում են <<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպության գործունեությունը, որը բազմաբնույթ է, հետաքրքիր ու նպատակասլաց: Հայրենյաց պաշտպանները այն բացառիկ արժեքների կրողն են, որոնք ստեղծվել և ձեռք են բերվել Արցախյան գոյապայքարում  մեր ազատամարտիկների ցուցաբերած աննախընթաց հերոսությունների  և սխրագործությունների շնորհիվ: Երիտասարդական կազմակերպության նվիրյալները մշտապես մտահոգված են երկրի անվտանգության ապահովման, մշակութային դիմագծի պահպանման ,երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության հրատապ խնդիրներով: <<Հիշողության դաշտ >>, <<Ոգու պատմություն>> խորագրերի ներքո ընդգրկվում են ակնարկներ և հոդվածներ ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Ներկայացնում ենք նաև նյութեր գիտության բնագավառում  և ռազմաշխարհում նշանակալի դերակատարություն ունեցած հայազգի երևելի դեմքերին: Թերթում հանդես են գալիս նաև արվեստագետները ( գրողներ, նկարիչներ, երգահաններ):

-Ովքե՞ր են Ձեր հիմնական թղթակիցները:

Թերթը ունի խմբագիր և մեկ հաստիքային թղթակից:Թերթի յուրաքանչյուր համարի կայացմանը նպաստում են նաև այն լրագրողները, ովքեր իրենց ստեղծագործություններում լուսաբանում են ԱՀ մայրաքաղաքում և շրջաններում ապրող ազատամարտիկների կյանքն ու գործունեությունը:Նշեմ մի քանի անուններ. Հերմինե ԽաչատրյանՄիքայել Բալյան, Էդիկ Ճավակյան ,Լևոն Առաքելյան,   Զոհրաբ  Ըռքոյան, Անահիտ Գևորգյան, էմին Արամյան, Ջամալ Թադևոսյան, անահիտ Հակոբյան, Նարինե Վերդյան…Թերթում լույս են տեսնում նաև ակնարկներ, հոոդվածներ,բանաստեղծություններ, անեկդոտներ, որոնք ուղարկում են Հայաստանում և Սփյուռքում ապրող լրագրողները, բանաստեղծներն ու արվեստասերները:

Կարո՞ղ եք վերհիշել <<Հայրենյաց պաշտպան>> թերթի առաջին և վերջին համարներների բովանդակությունը:

-Հետաքրքիր հարց է ,որն ինձ հուշում է միացնել սկիզբն ու շարունակությունը, ոգու ընթացքի մեջ ընդգծելով ճանապարհի նկարագիրը:

<<Հայրենյաց պաշտպան >> թերթի անդրանիկ համարը լույս է տեսել 2000 թվականի ապրիլի 6-ին, որպես Արցախի պատերազմի վետերանների միոության պարբերաթերթ: Խմբագիրն էր արձակագիր Կոմիտաս Դանիելյանը: Առաջին էջում տպագրված նյութը ինքնին խոսուն է՝ <<Միության անդրանիկ համագումարը>>: Եթե նկատի առնենք, որ թերթի վերջին համարում (թիվ 122, 2011թ.) ընդգրկվել են Արցախի ազատամարտիկների միության 5-րդ համագումարի մասին նյութերը, ժամանակների ծայրերը գալիս միանում են միևնույն կարգախոսով ՝<<Մեր ուժն ու հաղթանակի գրավականը մեր միասնության մեջ է>>: 2006-ից մինչև 2008 թ. օգոստոսը թերթի խմբագիրն էր բանաստեղծ Արմեն Դանիելյանը : <<Հայրենյաց պաշտպան>> թերթը  հավատարիմ մնալով լրագրողական լավագույն ավանդներին, իր կենարար շունչն ու ինքնուրույն դիմագիծն է բերում արժեքավոր էջերով հարստացնում  Արցախյան ազատամարտի տարեգրությունը: