Մարտակերտի ազատագրման 26-րդ տարեդարձ

Մարտակերտը Արցախ աշխարհի այն բնակավայրերից է, որ հայտնի է իր հրաշք բնությամբ, հոյակերտ Գանձասարով, շքեղաշուք Դադիվանքով և մի շարք այլ հրաշալիքներով: Թշնամուն համեղ պատառ թվացող Մարտակերտը մեկ տարի մնալով գերության մեջ սուր ոսկոր դարձավ և մնաց նրա բերանում: Արյունալի մարտեր տեղալուց հետո թշնամին համոզվեց, որ ուժեղինն է հաղթանակը՝ գոյապայքարի կռվանը: Համոզվեց նաև մի բանում. հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ դրանց պակասի պատճառով:

26 տարի առաջ այս օրերին Արցախը ծանր, բայց հերոսական օրեր էր ապրում:

Արցախի ժողովրդին պարտադրված պատերազմը լայնամասշտաբ բնույթ էր կրում: Հակառակորդը ռազմաճակատի բոլոր հատվածներում կուտակելով հսկայական  զինտեխնիկա՝ փորձում էր խորանալ դեպի Արցախի կենտրոնական մասերը:

Ադրբեջանում նոր իշխանության գլուխ անցած Հեյդար Ալիեւը մեծ խոստումներով ռազմաճակատ էր բերել նորանոր ուժեր: Օրըստօրե մեծանում էր նաեւ ադրբեջանական իշխանությունների՝ տարբեր երկրներից վարձկանների հավաքագրումը, սակայն հայկական կամավորական ուժերը ռազմաճակատի բոլոր հատվածներում, մշակելով պաշտպանական եւ հարձակվողական ռազմավարություն, հակահարված էին տալիս հակառակորդին:

Հունիսի երկրորդ կեսին, հյուսիսային ռազմաճակատում հաջողությամբ իրականացնելով իրենց առջեւ դրած մարտական խնդիրները, հայկական կողմը զբաղեցնում էր մարտավարական տեսակետից շահավետ մի քանի բարձունքներ եւ մոտենում էր արդեն մեկ տարի գերության մեջ գտնվող Մարտակերտ քաղաքին:
Ծանր մարտական գործողություններից հետո` մարտնչելով հակառակորդի գերակա ուժերի դեմ հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանությանը և հարակից բնակավայրերի ազատագրմանը:

Արցախյան հերոսամարտում իրենց առանձնահատուկ տեղն ունեն Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած ամենաթեժ մարտերը, որոնց ընթացքում զոհվել են բազմաթիվ հայորդիներ, որոնց թվում են նաև հանրահայտ Բեկոր Աշոտը` Աշոտ Ղուլյանը կամ Ասկոլկան:

Արցախյան ազատամարտի տարիներին ամենաշատ տառապանքները բաժին հասան Մարտակերտի գյուղերին ու բուն Մարտակերտ քաղաքին: Տեղահանվեց ողջ բնակչությունը: Մարտակերտի պատմական գյուղերը բռնազավթվեցին հակառակորդի կողմից: Որոշ գյուղեր մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով` ռմբակոծություններից հիմնովին ավերվեցին:

Հունիսի 26-ին, դիրք առ դիրք առաջ ընթացող հայաստանյան կամավորական ուժերի եւ Արցախի ինքնապաշտպանական զորամիավորումների դեմ հակառակորդը ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտի մեջ մտցրեց զրահատեխնիկան, ծանր հրետանին եւ նաեւ մարտական ինքնաթիռները:

Ռազմաճակատի հարավային հատվածում 5-րդ կամավորական բրիգադի մարտիկները, ամրացնելով իրենց դիրքերը եւ ոչնչացնելով հակառակորդի կրակակետերը, արդեն առաջ էին շարժվում:

1993 թվականի այսօրվանից սկսվեց հայոց զինուժի ազատագրումների փայլուն շրջանը: Ռազմաճակատի հյուսիսային հատվածում արդեն կորցնելով Մարտակերտը, ադրբեջանական կողմը հունիսի վերջին, հուլիսի սկզբին, ռազմական ուժգին գործողություններ սկսեց Ֆիզուլիի հատվածում, փորձելով ճեղքել կամավորական բրիգադի գումարտակների ստեղծած ինքնապաշտպանական ամուր դիրքերը: Բայց կամավորական գումարտակները կարողացան ջախջախիչ հակահարված տալ, քայլ առ քայլ մոտենալով Ֆիզուլի քաղաքին: Իրար հետեւից ոչնչացվեցին թշնամու կրակակետերը Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի հատվածում: Կամավորականների, հայոց մարտնչող զինուժի բուն խնդիրը դարձավ Մարտակերտի բռնազավթված գյուղերի ազատագրումը:

Պատերազմի վերքերը տակավին չեն սպիացել, բայց, ի պատասխան հակառակորդի այսօր էլ հնչող ռազմատենչ հայտարարությունների, խաղաղասեր մարտակերտցին տուն է կառուցում, հարսանիք անում, երկիր շենացնում: Արցախ աշխարհի ողջ տարածքում՝ Մարտակերտի հատվածում մասնավորապես, բազմաթիվ հուշակոթողներ ու խաչքարեր կան, որոնք հիշատակումն են  քաջարի մարտիկների անցած մարտական փառապանծ ուղու: