Զորակոչը՝ Արցախի ազատամարտիկների միության ուշադրության կենտրոնում

Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկներին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ  շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բանակի հրամանատարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկրեն հայ ժողովրդի խաղաղ աշխատանքի և հետագա ճակատագրի երաշխավորն ու պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններիս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն:

Զորակոչի կազակերպման գործնթացին մշտապես ներկա են Արցախի ազատամարտիկների միության աշխատակիցները: Նրանց դիտարկմամբ՝ զինվորների համար բացվում է Հայրենիքին ծառայելու նոր հնարավորություն.դա պատասխանատվություն է, պարտք, որ պիտի կատարել միայն ու միայն սիրով: Մշտապես զորակոչին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ երեկվա պատերազմի մասնակիցը բարի ծառայություն է մաղթում նորակոչիկներին, որոնք արժանի հետնորդն են արցախյան գոյապայքարում հաղթանակներ կռած քաջորդիների:

Հայրենիքին անձնվիրաբար ծառայելը և ժողովրդի անվտանգությունն ապահովելը յուրաքանչյուր հայ զինվորի պարտքն է: Հպարտ ենք, որ պաշտպանության բանակը ամենօրյա հերթափոխ ունի,- իր ելույթում նշեց Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» թերթի խմբագիր Ռոբերտ Եսայանը, հավելելով, որ անկախության և ազատության սերունդը պատվով է կատարելու իր պարտքը:

Հարազատներով շրջապատված տղաների հայացքներում հասունության խորհուրդ կար, որից ճառագող հպարտությունն ու ինքնավստահությունը նկատելի էր անգամ անզեն աչքով:

Իսկ պահն իրավամբ հուզառատ էր: Չորսբոլոր հնչում էին  ջերմ խոսքեր, բարի խորհուրդներ ու այդ ամենը գեղեցկանում կարոտաշատ համբույրներով: Նայում ու համոզվում ես, որ  կատարվածը դեռ երկար է թևածելու տղաների հուշերում…

Մոտենում էր հրաժեշտի պահը: Զորակոչիկը մի հերթական անգամ շրջվելով դեպի հարազատները, կարծես ուզում էր վերջնականապես հավաստիացնել, որ ինքը գնում է պաշտպանելու տարիներով նվաճած մեր անկախության պատիվը:

Հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:

Այնուհետև զորակոչիկները, վիճակահանության միջոցով, որոշել են իրենց հետագա ծառայության վայրերը: Զորակոչիկները վստահեցնում են ՝ դառնալու են հայոց բանակի արժանի զինվորներ: