Նրա մարտական ուղին ձգվում է Օմարից մինչև Արաքս

Ժորա Սահակի Գասպարյանը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղում` 1942թ. հուլիսի 7-ին: 1963թ. ավարտել է Հաթերքի միջնակարգ դպրոցը: 1963թ. զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը: 1966թ. ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը և ստացել սպայի կոչում:

Ծառայել է Անդրբայկալյան, Կիևյան զինվորական օկրուգների հրետանային զորամասերում և Գերմանիայի սովետական զինվորական խմբավորումում ու զբաղեցրել դասակի հրամանատարից մինչև առանձին զորամասերի հրամանատարի պաշտոններ:

1976թ. Լենինգրադում ավարտել է ակադեմիական դասընթացներ: 1988թ. փոխգնդապետի կոչումով անցել է կենսաթոշակի: Ապրում էր Ուկրաինայում: 1990թ. տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության Հրազդան քաղաք` մշտական բնակության:

Սկսվել էր Արցախյան շարժումը: Արցախահայությունը պայքարի էր ելել իր իրավունքների, ազատության և անկախության համար:

Սակայն Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սանձազերծեց արցախահայության դեմ` ազատագրական շարժումը արյան մեջ խեղդելու նպատակով:

Արցախում Ժ.Գասպարյանի և նրա նմանների կարիքը շատ էր զգացվում: Եվ նա չկարողացավ և չէր էլ կարող անտարբեր մնալ իր հայրենիքի ազատագրության համար մղվող արդարացի պայքարից, մանավանդ որ ամեն օր տագնապալի լուրեր էին հասնում սահմանամերձ շրջաններից:

Եվ ահա 1991թ. օգոստոսին նա Հրազդանից տեղափոխվեց հայրենի Զարդախաչ գյուղ, կամավորագրվեց Արցախի ազգային ազատագրական պայքարին և մինչև վերջ հավատարիմ մնաց այդ սրբազան գործին: Ակտիվ մասնակցություն ունեցավ Զարդախաչ, Չափար, Գետավան և մյուս գյուղերի պաշտպանությանը, Իմերեթ Քերավանդ, Ումուդլու և ադրբեջանական մյուս գյուղերի թշնամական հենակետերի ոչնչացմանը:

1992թ. փետրվարից Ժ.Գասպարյանը ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սկսեց կազմավորել հրետանային ստորաբաժանումներ, նշանակվեց հրետանու պետ, միաժամանակ սկսեց երիտասարդներին ուսուցանել հրետանային գործը և գործնականում ձեռնարկելով թշնամու կենդանի ուժի ու մարտական տեխնիկայի ոչնչացման մարտավարական միջոցները:

1992թ. Ժ.Գասպարյանին շնորհվեց գնդապետի կոչում: 1992թ. սեպտեմբերին նա նշանակվեց ԼՂՀ ՊԲ հրետանու պետ:

Ժ.Գասպարյանը անուրանալի ծառայություն ունի ԼՂՀ ՊԲ ստեղծման և Արցախի ազատագրական պայքարում տարած հաղթանակի գործում: Ժորա Գասպարյան անունը  ծանոթ է բոլորին, երեխաներից  մինչև մեծերը, ՊԲ-ի անձնակազմին` շարքայինից մինչև գեներալը:

Նա  ակտիվ  մասնակցություն է ուեցել Շուշի  քաղաքի և Արցախի բոլոր բնակավայրերի ազատագրման ռազմական գործողություններին: Ընդհանրապես նրա մարտական ուղին ձգվում է Օմարից մինչև Արաքս: Նա  միայն հմուտ  հրամանատար չէր, այլ դրա  հետ միասին նաև ուսուցիչ: Դեռևս  Խորհրդային բանակում ծառայության տարիներին  ավարտելով  հրետանային ուսումնարանը և Լենինգրադի ակադեմիական դասնըթացները,  նա խորը տիրապետել էր ռազմական գործին, զենքի բոլոր տեսակներին, կրակում էր դիպուկ: Նույնը նա ուսուցանում էր նաև ենթականերին:

Ժորա  անունը անբաժանելի է «գրադից», նա կրում էր «Գրադ-Ժորա» անունը: Այն հենց  այնպես չէր կրում:  Մինչև հրետանային  կանոնավոր ստորաբաժանումների ստեղծումը հայկական գյուղերի անվտանգության պահպանումը և թշնամուն դիմակայելը կատարվում էր ենթաշրջանում եղած միակ «գրադ» կայանքով, որի հրամանատարը  անձամբ ինքն էր: «Գրադ» կայանքով ինքը ոչնչացրել է թշնամական տասնյակ զրահամեքենաներ, ավտոմեքենաներ, պարենի, զենքի և  զինամթերքի պահեստներ, շտաբներ  և հարյուրավոր  ասկյարների:  Գասպարյանը  ԼՂՀ հրետանային ստորաբաժանումերի ստեղծողն ու հրետանու պետն էր: Առանց հրետանու, առավել ևս առանց  Ժորա Գասպարյանի և նրա նման հմուտ  հրամանատարների դժվար կլիներ հաղթանակը,  ավելի ճիշտ անհնար:Ահա թե ինչու հրետանավորները նրան կոչեցին «հրետանու  արքա»: Նա  հմուտ հրամանատար էր, մարտում  անհնարինը  հնարավոր դարձնում և ապահովում հաղթանակը:  Նա  ենթակաների կողմից  սիրված հրամանատար էր շնորհիվ մարդկային լավագույն հատկանիշների: Ենթակաների  շրջանում նա իրեն հասարակ էր պահում, բնավորությամբ հանգիստ էր, բայց  խստապահանջ, միաժամանակ ենթակաների նկատմամբ շատ բարի  ու հոգատար, ճաշում և քնում էր ենթակաների հետ միասին, մարտի ժամանակ շատ զգույշ էր: Զոհ լինելու դեքում  հարազատի չափ  սգում էր  ու մեծ վիշտ ապրում: Այդ  ամենի շնորհիվ նա դառձել էր  բոլորի  սիրելին, մեծ հարգանք  էր վայելում ենթակաների, սպայական անձնակազմի և բնակիչների շրջանում:  Նա  հատկապես մեծ ճանաչման արժանացավ իր ռազմավարական արվեստով և հայրենիքին մինչև վեջ նվիրվածությամբ:

1996թ. նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Այսպես նա  շարքայինից բարձրացել է գեներալ-մայորի կոչման, դասակի հրամանատարից  բարձրացել մինչև  հրետանու պետի  պաշտոնի:

Հայրենիքը բարձր է գնահատել փառապանծ հրամանատարի ծառայությունները: ԼՂՀ ՊԲ ստեղծման գործում ունեցած բացառիկ ծառայությունների և հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած քաջության, անձնական արիության համար գեներալ-մայոր Ժ.Գասպարյանին, ԼՂՀ նախագահի հրամանագրով, 2006թ. շնորհվել է ԼՂՀ բարձրագույն` «Արցախի հերոս» կոչում և հանձնվել «Ոսկե Արծիվ» շքանշան:

Պարգևատրվել է նաև «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով:

Նրա անունը, կյանքը, գործն ու փորձը երիտասարդ սերնդին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու լավագույն օրինակներ են: