Պատերազմական հիշողություններ

Մարդատար մեքենան ձյուների միջով բարձրանում էր վեր: Անիվներով կարծես ճզմում էր հոգուս անսահմանությունը, որ բառերի մեջ բանտարկված էր երկար ժամանակ: Բառերի պես մենք էլ ամեն մեկս մեր աշխարհում կծկված` խորհում էինք: Լռության մեջ մեր խոհերը իրար դիպչում ու բոցավառվում էին. <<Ե՞րբ կվերջանա այս անտեր պատերազմը>>:

Հիշեցի որդուս` վեցամյա Վրույրի օրեր առաջ ասաց խոսքերը: Առավոտյան արթնացել էի, բայց դեռ չէի ուզում տեղից վեր կենալ: Երեխաների մանկաբույր զրույցներն էի լսում և հոգիս մի կապույտ խաղաղությամբ էր լցվում: Միշտ չի բախտ վիճակվում ինձ լսելու նրանց զրույցները: <Հայրիկ, ինձ համար խաղալիք – տանկ կբերես, լա՞վ: Ի՛նձ համար խաղալիք – ավտոմատ կբերես >>: Ես  գլխով համաձայնության նշան էի անում, բռնում դեպի ինձ էի քաշում երեքամյա Նարեկին, պաչպչելով այտերը: Իսկ Վրույրի խոսքը ուղղակի մնացել է մեխված ուղեղիս  մեջ. <Նարեկ, գիտե՞ս, երբ բոլորը մեռնեն, մենք ենք գնալու կռիվ>: Հիշեցի բանաստեղծ ընկերոջս` Հրանտի տողերը. <<Երեխաների ձեռքին խաղալիք – զենքերը ավելի սարսափելի են, քան ձեր ամբողջ ռազմական տեխնիկան, մի՛ ներքաշեք նրանց պատերազմի մեջ>> :

Դժբախտաբար, մեր վզին փաթաթված պատերազմն իր ստվերն է նետել նաև երեխաների հոգեբանության վրա, նրանց խաղերն է խոցոտում ու արյունոտում մանկական երազները:

Մարդատար մեքենան շարունակում էր վեր բարձրանալ ձյունոտ ճանապարհով: Կողքիս նստած տղան ասաց. <<Եթե իմանայիք, թե մեքենան ինչպիսի վտանգավոր ճանապարհով է բարձրանում, այսքան հանգիստ չէիք լինի>>:

<<Ուրալ>> մեքենան մեզ առանձնացրել էր դրսի աշխարհից: Գնում էինք հերթափոխելու մեր տղաներին, որոնք արդեն մի քանի օր է` Օմարի լեռնանցքը հրետակոծության տակ էին պահում: Հերթափոխող հաշվարկում չորս հոգի էինք` Պետյան, Գրիշան, Արթուրը և ես: Երբ տեղ հասանք, մարտերն արդեն ավարտված էին: Տղաների մրոտ դեմքերին գիշերային մարտերի հոգնությունն էր նստել, աչքերի մեջ դժվար ձեռք բերած հաղթանակի ոգին էր հանգստանում: Կարծես սպիտակ մի արև էր սփռված գետնին, որի վրա ընդգծված սև կետերը պայթած արկերի և թշնամու դիակների տեղերն էին նշում:

Օդը սառն էր: Փոքրիկ քամին հերիք էր, որ կրկնապատկվեր  ցրտությունը: Այստեղ առաջին թշնամիդ թուրքն էր, երկրորդը` ցուրտը:

– Հիմա  բավականին մեղմացել է եղանակը,- ասաց Գարիկ Հարությունյանը, բահով խառնելով կրակը,- արև կա, ջերմացնում է: Երկու օր առաջ ցուրտը մտնում էր ոսկորներիդ մեջ: Մեր դիտակետից թշնամու դիրքերը որոշելիս` կարծես թե մեկը բռով ձյուն էր լցնում աչքերիդ մեջ: Աչքերդ չէիր կարողանում բացել: Ահա այդպիսի պայմաններում ենք կռվել ու հաղթել: – Վերջին նախադասությունն, իհարկե, ասաց հայացքով միայն: Գարիկը դժվարություններից վախեցողը չէր:  Ինչպես միշտ, այս մարտի ժամանակ էլ, նա հրամանատարական դիտակետից ղեկավարում էր հրետանու աշխատանքը: Ձյան քանի շերտ է նստել նրա համբերության վրա ու հալվել, կաթիլ-կաթիլ լցվելով… հոգու մեջ: Նրա մասին է, որ ասում են. <<Ոսկի մարդ է, ոսկի հոգի ունի>>: Դիվիզիոնի հրամանատարին կարող եք տեսնել հրանոթ մաքրելիս, հրանոթ տեղադրելիս, մեքենաներ բեռնաթափելիս, մազ կտրելիս և այլ հանգամանքներում: Դրսի աչքի համար գուցե դա զարմանալի լինի: Բայց Գարիկի համար… դա առօրյա կյանք է: Եվ պատերազմի դժվարություններն հաղթահարելու միակ միջոցը հենց այն է, որ ինքդ քո մեջ փակես նախկին կյանքի դռները և պատերազմն ընդունես որպես առօրյա կյանք, որից դուրս … ստրկության մառախուղն է իշխում…

Ես նայում էի Գարիկի,  Բորիսի և հրանոթի հաշվարկի տղաների` Մհերի, Կարենի, Ենոքի, Վահանի դեմքերին և մտածում. ՙՏեր Աստված, ինչպիսի ուժ ես դրել այս տղաների մեջ, որ ինչքան բախվում են թշնամուն, այնքան ավելի են ամրանում: Եվ եթե թուրքը Քելբաջարը համարում է իր հողը, մի՞թե այսպես են կռվում հայրենի հողի համար՚:

Մենք բարձրացանք այն բարձունքը, որտեղ մեր հրանոթներն են տեղադրված: Դա տրակտորով հարթեցված մի փոքրիկ տեղ է, որտեղից միանգամից մի քանի հրանոթներ հրետակոծության տակ էին պահել Օմարի լեռնանցքը, կասեցնելով թուրքերին օգնության շտապող ջոկատների և տեխնիկայի առաջխաղացումը: Այդտեղից էր աշխատում նաև թշնամու հրանոթը, որը վերջնականապես լռեցվել էր առաջին մարտկոցի տղաների կողմից (հրանոթի հրամանատար` Կարեն Բաբայան): Հրետանային այդ կատարյալ զարկը չի վրիպել Արցախի հրետանու պետի` Ժորա Գասպարյանի ուշադրությունից.<<Տեսե՞լ եք>> ինչքան դիպուկ է խփել <<Արքան>>: Ժորա Գասպարյանի դեմքը փայլում էր ուրախությունից, նաև` թաքուն հպարտությունից, որը նրա հոգու խորքից բարձրանալիս` մարում էր աչքերի ցոլքերի մեջ: Եվ կարծես այդ թաքուն հպարտությունից էր, որ նրա աչքերը դարձել էին այդքան մոխրագույն ու այդքան բարի:

Հեշտ չէր նաև հակաօդային հրանոթի հաշվարկի զինվորների գործը: Հաշվարկի ավագը` Հենրիխ Մանուկյանը, մի քանի խոսքով պատմեց անցած օրերի մարտերի մասին. <<Ամեն ինչ սովորեցինք մարտի ժամանակ,- ասաց նա,- հրանոթի այս տեսակի հետ մինչ այս չէինք առնչվել: Մշտական հարվածի տակ էինք պահում թշնամու տեխնիկան և կենդանի ուժը: Մարտի ժամանակ անհրաժեշտություն եղավ նորոգելու հրանոթը: Դա էլ արեցինք: Ստացվեց: Կարևորը ցանկությունն է: Սա իմ առաջին մարտն է: Ինքդ լավ գիտես, որ թշնամու հրետանու հարվածների տակ այդքան էլ հեշտ չէ աշխատելը, հատկապես, երբ բլինդաժ չկա: Հողը երկաթի պես կարծր է, հնարավոր չէ փորել… Ես հաշվարկներն էի անում, Վազգենը նշանառուն էր, իսկ Ռոբերտն ու Վանյան լցավորողն էին: Այս կռիվը միացրել էր բոլորիս, դարձրել մի բռունցք>>…Վերադարձանք ոչ այն ճանապարհով,  որով եկել էինք, հնարավորություն տրվեց մեզ տեսնելու այն  վայրերը, որտեղ մարտերն էին ընթացել: Դեպի Յանշաղ ուղևորվող բեռնատար մեքենայում մի կերպ տեղավորվեցինք: Մեր կյանքը կրկին սկսեց օրորվել անիվների վրա: Հիշեցի Գարիկի խոսքը. <<Երեկ, փետրվարի 20-ին, ինձ բախտ վիճակվեց լուսանկարվել Օմարի բարձունքնում>>:  Ես նայեցի պատերազմի մառախուղի միջով և հեռու- հեռվում պարզ տեսա այդ պայծառ օրը, որ ժամանակի հարվածներից կծկվել, մի բուռ հող էր դարձել: Այդպես էլ մեզ չհաջողվեց այդ մի բուռ հողում առանց արյան երազանքի ծաղիկ աճեցնել: Դարը վանկերի բաժանվեց. <<Մի-ա-ցո՛ւմ>>: Վանկերի բաժանվեց նաև մեր շնչառությունը. <<Ադրբեջանը մեզ ձեռնոց նետեց: Մենք ընդունեցինք այն>>: Եթե չընդունեինք, Ավոյի բառերով ասած` պիտի շրջեինք հայոց պատմության վերջին էջը: Սփոփվենք նրանով, որ աշխարհում ազգեր ու ժողովուրդներ կան, որոնք ստրկության խավարում ապրելով` զրկված են հայրենի հողի համար զենքով պայքարելու հնարավորությունից և բախտի՛ց անգամ:

Բեռնատար մեքենան իր հանդարտ ընթացքով օրորում էր մտքերս: Աչքերիս առաջ թերթվում էին թշնամու պարտության էջերը. փշրված վրաններ, ձյուների մեջ ընկղմված արկղեր, արկեր, և իհարկե, դիակներ, որոնց աչքերում սառել էին բազմաթիվ հարցեր:  Վարորդը երբեմն կանգնեցնում էր մեքենան, որպեսզի զինվորները հավաքեն թշնամու թողած զինամթերքը:

Հավաքիր, վարո՛րդ, պատերազմի հետքերը մեր բոլոր – բոլոր ճանապարհներից, հավաքիր կսկիծի, ցավի հետքերը բոլոր սրտերից: Եվ թո՛ղ, վերջապես, խաղաղություն լինի… Խաղաղություն և…. օրհնությո՜ւն լույսի…

Նկարում (ձախից)` Կարեն Գրիգորյանը, Գարիկ Հարությունյանը, Աղավնի Սահակյանը և Գարիկ Անտոնյանը: