Հայկական պետականության գաղափարի նվիրյալը

Արցախում երկար սպասված ազատագրական պայքարը շատ ու շատ հայորդիների մեջ բացահայտեց հայի դարերով նիրհած ոգին: Եվ ավերակված Հայոց Մեծ Տան կորուսյալ այդ փոքրիկ հատվածում բարձրացված անկախության դրոշի շուրջը հավաքվեցին բոլոր նրանք, որոնց համար մասունքի պես անչափ թանկ է մայր հողից օտարված Արցախը` հայոց երբեմնի 10-րդ նահանգը:

Մեծ զորավար, հմուտ ռազմական գործիչ Քրիստափոր Իվանյանը մեկն էր նրանցից, ովքեր Շարժման առաջին իսկ օրից հասկացան, որ դեպի երկարատև գոյամարտ գնացող Արցախին անհրաժեշտ են միմիայն ռազմական գործը լավ իմացող, գրագետ մարտիկներ:

Հասկանալով այդ ամենը` նա չկարողացավ հեռավոր Սանկտ Պետերբուրգում անհաղորդ մնալ Հայրենիքի այդ փոքրիկ հատվածի ճակատագրի վճռմանը: Անտեսելով պատկառելի տարիքն ու կյանքի վերջին տարիներին հանգիստ, բարեկեցիկ ապրելու հնարավորությունը, եկավ Արցախ և իր ողջ գիտելիքներն ու հարուստ կենսափորձը ի սպաս դրեց երկրամասի փրկությանը:

Զենքն ու տարիների փորձառությունը միավորելով` Իվանյանն անցավ նաև Արցախյան պատերազմի ճանապարհով:

Նա բախտորոշ ժամանակահատվածում եկավ Արցախ, երբ բռնազավթված էր Մարտակերտի շրջանի մեծ մասը, ինչպես նաև` Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր: Զինակիցները պատմում են, որ օրհասական այդ օրերին, իրեն չխնայելով` ծերունազարդ գեներալը կարողանում էր միաժամանակ և՛ ռազմական գործողություններ ղեկավարել, և՛ ռազմական գործ ուսուցանել: Առանձնահատուկ աշխատասիրությամբ օժտված գեներալի համար 16-ժամյա աշխատանքային ռեժիմը սովորական երևույթ էր դարձել, և նա իր անձնական օրինակով խրախուսում էր շատերին:

Գեներալ Իվանյանը շատ ծրագրեր ու երազանքներ ուներ` կապված ազգային բանակի կատարելագործման հետ, և շտապում էր օր առաջ իրականացված տեսնել այդ ամենը: Դեռ սերունդների գնահատանքին կարժանանա այն իրողությունը, որ աստիճանաբար ձևավորվող ազգային բանակում նրա անմիջական ջանքերով սկիզբ դրվեց մի սկզբունք, համաձայն որի` պատերազմական գործողություններին զուգահեռ պետք է նաև ուսուցանվի ռազմական գործը: «Առանց ռազմական գիտելիքների ոչ մի հաջողության չենք հասնի»,- հաճախ էր զինակիցներին հիշեցնում Ք.Իվանյանը: Այդ ծանր օրերին առաջին հայացքից դժվար ըմբռնելի թվացող գաղափարը, սակայն, պսակվեց մեծ հաջողությամբ, և այսօր, թերևս, կարող ենք ասել, որ հաղթանակում գեներալը իր ուրույն լուման ունի: Ք.Իվանյանի երազանքների իրականացման վառ օրինակ է նաև նրա անունը կրող Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանը, իսկ սաները կոչվում են Իվանյանի սաներ, որոնք ավարտելով ուսումնառությունը, անկասկած, կգնան մեծ զորականի նախանշած ուղիով…

Այն ճանապարհը, որի մեծ նվիրյալներից էր նաև գեներալ-լեյտենանտ Ք.Իվանյանը, կոչվում է անկախության ճանապարհ: Այն գաղափարը, որը ոգևորում ու ապրեցնում էր Իվանյանին, կոչվում է սեփական ժողովրդի ու պետության անկախության գաղափար: Այն նպատակը, որ ամբողջացնում էր Իվանյանի գործն ու միտքը, կոչվում է Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան: