«Երեխաներին լավ կնայես»

Հայ ժողովուրդը իր ինքնությունն ու ազատությունը պահպանելու համար միշտ էլ հարկադրված է եղել պայքարել: Ու այդ ճանապարհին նա կորցրել է իր լավագույն քաջորդիներին: Այդպես էր նաև 1988-ին, երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագրական պայքարը, որը դարակազմիկ իրադարձություն էր հայ ժողովրդի պատմության մեջ:

Վտանգված էր Արցախի ճակատագիրը: Պետք էր տեր կանգնել այս սուրբ հողին ու ջրին, փրկել հայրենիքը: Իսկ Հայրենիքը հավիտենական արժեք է: Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել. «Նրա տերը ոչ միայն այսօր ապրողներն են, այլև բոլոր այն սերունդները, որոնք եկել ու անցել են, նաև նրանք, որ դեռ պիտի գան ու անցնեն»: Ուստի` պետք էր փրկել Արցախը և հաջորդ սերունդներին ժառանգել ազատ ու անկախ հայրենիք: Ոտքի կանգնեց ողջ հայությունը, համախմբվեց, դարձավ մեկ բռունցք:

Արցախյան ազատամարտը հերոսության ու անձնազոհության բազում օրինակներ է տվել:

Արցախյան ազատամարտի նվիրյալներից է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Կարեն Ռաֆայելի Միրզոյանը:

Կարենն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը և աշխատում էր իր մասնագիտությամբ, երբ սկսվեց Շարժումը: Մի կողմ թողնելով գծագրական պարագաները` Կարենը զինվորագրվեց: Դեռևս ինստիտուտի վերջին կուրսում սովորելիս վեց ամսով Կարենը մեկնել էր Ղազախստան, մասնակցել այնտեղ կազմակերպված հատուկ դասընթացներին, որը նպաստել էր տեխնիկայի, մասնավորապես` հրետանու մասին ունեցած նրա տեսական գիտելիքների զարգացմանը, հմտությունների, ունակությունների կատարելագործմանը: Կարելի է ասել` Կարենն արդեն տիրապետում էր հրետանային գործին: Ուստի, երբ ստեղծվեց հրետանային դիվիզիոնը, Կարեն Միրզոյանը նշանակվեց հրետանային դիվիզիոնի հրամանատար: Նրան հարգում ու սիրում էին բոլորը: Շատ բարեկիրթ և բարի անձնավորություն էր: Նրա համարձակությունը, տաղանդը գնահատվում էր բոլորի կողմից:

«Նրան մեծ ապագա էր սպասում: Լավ տղա էր, բարեկիրթ վերաբերմունքով, հաճելի ժպիտով, բարի հայացքով»,-ասում են մարտական ընկերներն ու նրան ճանաչողները:

Կարենը մասնակցել է բազմաթիվ մարտերի, այդ թվում` Հադրութի, Քարվաճառի, Զանգելանի, Կուբաթլուի ռազմագործողություններին: Նա անձնական օրինակով ոգևորում էր բոլորին:

Կարենն ամուսնացած էր, ուներ երկու աղջիկ և շատ էր սիրում նրանց:

«Երեխաներին լավ կնայես…»,- ասում էր Կարենը կնոջը, ամեն անգամ, երբ գալիս էր տուն` նրանց տեսնելու:

1994թ. հունվարի 5-ին Բոյուք Բահմանլիի համար մղված մարտը վերջինը եղավ Կարենի համար: Ընկավ խիզախ քաջորդին` հայրենիքի փրկության զոհասեղանին դնելով իր մատաղ կյանքը, իսկ բազում երազանքներն էլ մնացին անկատար:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության ու անձնական արիության համար Կարեն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: