Արցախի ազատամարտիկների միության վարչության ողջույնի խոսքը Սևանի ռազմահայրենասիրական ճամբարի բացման կապակցությամբ

Հայրենակիցներ

Մեր այսօրվա հույս ու ապավեն, մեր ապագան կերտող պատանիներ և աղջիկներ,

Արցախի ազատամարտիկների միության և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում եմ Ձեզ՝ ճամբարի բացման կապակցությամբ: Երկրապահ կամավորականների միության նախաձեռնությամբ կազմակերպվող այս ճամբարի նպատակն ու դերը մեծ են, և ուշագրավ, ինչպես ամեն մի հայի, այնպես էլ արցախցիներիս  համար:

Այսօրվանից Ձեզ հնարավորություն է տրվում համատեղել անմոռանալի հանգիստն ու խիստ անհրաժեշտ ռազմական գիտելիքների ուսումնասիրումը: Վստահ եմ, որ ճամբարային այս օրերը խթան կհանդիսանան ռազմահայրենասիրական  դաստիարակության համար, կմղեն Ձեզ կազմակերպված և ընդգրկուն աշխատանքով ծանոթանալու ռազմարվեստի գաղտնիքներին, հմտանալու  ռազմամարզական  անհրաժեշտ  գործում:

Միշտ պետք է գիտակցել, որ մարդկային գործերում ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է:

Այսօր մեր ուժն ու դաշնակիցը պիտի լինեն մեր միասնությունն ու սեփական ուժերի նկատմամբ ունեցած ամուր հավատը: Ամենակարևորն այն է, որ բոլորս համախմբվենք  մի  գաղափարի շուրջ՝  լինենք  միասնական:

Սիրելի ճամբարականներ, այս հիասքանչ վայրում, հարմարավետ պայմաններում վայելեք Ձեր հանգիստը, ձեռք բերելով գիտելիքներ ու փորձ և ամրանալով մարմնով ու հոգով:

Մաղթում եմ Ձեզ բոլորիդ անսպառ եռանդ և նոր ձեռքբերումներ կարևորագույն գործում, թող իրականանան Ձեր բոլոր ծրագրերն ու մտահղացումները՝ ի փառս հայ ժողովրդի բարօրության, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի  միասնական  լինելիության: