Եվ հաշմված մի կյանք

Եվս հաշմված մի կյանք՝ հաղթանակի ձեռքբերման խաչուղիներում:Եվգենյա Առստամյան: Ծնվել է Ստեփանակերտում: Կին, որ կռվել է հանուն հայրենիքի ազատության, անվախ մտել մարտի դաշտ, հսկել մարտերում հոգնած ընկեր զինվորների անդորրը, հաց-ջուր տվել նրանց,չի երկնչել թշնամուն դեմ առ դեմ հանդիպելուց ծանր վիրավորվել է, զինակիցների օգնությամբ դուրս բերվել մարտի դաշտից,տեղափոխվել զինվորական հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը:

Այո,՛ կինը կարող է զորավիգ լինել ամուսնուն, տեր կանգնել երեխաներին,հոգալ ընտանիքի հոգսերը,երբ ամուսինը ռազմի դաշտում է: Սա  հայ կնոջ ամենաբնութագրական հատկանիշն է: Բայց այլ է, երբ կին արարածը մարտի դաշտում է: Արցախյան պատերազմը՝ լինել չլինելու խնդիրը Արցախյան կնոջը մղեց սխրագործության…արցախուհին զենք վերցրեց:

Մարտի դաշտում գտնվող կանանց պահվածքը հիացմունք ու պատկառանք էին առաջացնում տղամարդու մոտ, և Եվգենիան դիպուկ նշանառու էր: Դա դրսևորվեց Շուշիի և Քարվաճառի շրջանների գյուղերում(Շրլան, Խփյակ) ծավալված մարտական գործողություններում:  Աղջիկների հետ Եվգենիան մասնակցեց նաև Մարտակերտի գյուղերի ազատագրման գործին: Նրա սրատես աչքը միշտ գտնում էր անզգույշ թշնամուն, նա գրոհի էր նետվում տղամարդկանց հետ հավասար: 1988 թվականից  մասնակցեց պատերազմին. նամակներ ու հաղորդագրություններ էր տեղափոխում. ռուս զինվորականները չէին համարձակվում խուզարկել նրան: 1992 թ.-ին երկու որդիներն արդեն կամավորագրվել էին` 13-14 տարեկանում, չորս եղբայրները՝ ևս:

«1992-ին կազմավորվեց մեր ջոկատը: 12 հոգի էինք` բոլորս կին: Ջոկատում ընդամենը մի ԷսՎեԴե (Դրագունովի դիպուկահար հրացան) ունեինք, մյուսներս ավտոմատով էինք կռվում:

Պատերազմը տիկին Եվգենիայից խլեց ամեն ինչ` երկու եղբայրների կյանքը, զավակների՝ չտեսած մանկությունը, իր ջահելությունն ու սիրունությունը: Տվեց` երկու բեկոր` ճերմակ մարմնի մեջ, երկու թիկնակ` թևերի տակ ու մի մեդալ` արիության համար.

«Երեք օր գործողության էինք, երեք օր` տանը: Գալիս էի տուն, ուտելու բան պատրաստում, լվացք անում: Երեխեքս իրենք իրենցով մեծացան… Կռվի ժամանակ էլ գիշերները աչք չէի փակում: Լինում էր` վիրավորներին գրկում էի, սեղմում ինձ, որ հարմար լինի, վերքերը չցավեն. ամբողջ գիշեր նստած էի անցկացնում: Ի՞նչ անեի: Երկու զինվոր էլ ես ունեի կռվում: Մեր ներկայությունից տղաները ոգևորվում էին: Շատ ժամանակ, երբ որ հուսահատվում էին, վախենում, առաջինը մենք էինք առաջ գնում: Դրանից իրենք և՛ ոգևորվում էին, և՛ ամաչում: Կանայք մի կողմից առաջ մղող էին, մյուս կողմից՝ զսպող: Շատ վեճեր, խոսակցություններ միանգամից մարում էին, երբ մենք էինք մեջտեղում հայտնվում>>,- պատմում է տիկին Եվգենյան ու թախծում:

Եվգենյան մասնակցել է նաև Հադրութի ու Կուբաթլուի շրջաններում ծավալված մարտերին: Այստեղ էլ հակառակորդի ականանետի արկի պայթյունից խմբի բոլոր անդամներն էլ խոցվեցին, որոնցից երկուսը  զոհվեցին…

Եվգենյան խոցվել էր ոտքից, փորից, ազդրից…

Հոգատար բժիշկները փրկեցին նրա կյանքը և նա ապրեց …

Պատերազմը տիկին Եվգենիայից խլեց ամեն ինչ` երկու եղբայրների կյանքը, զավակների՝ չտեսած մանկությունը, իր ջահելությունն ու սիրունությունը: Տվեց` երկու բեկոր` ճերմակ մարմնի մեջ, երկու թիկնակ` թևերի տակ ու մի մեդալ` արիության համար.

Չնայած երկրորդ կարգի հաշմանդամ է, աշխատում է և ապրում: Մի բնակարան է վերցրել ազատագրված Շուշիում և ձգտում է շենացնել այն, որ վերաշինվի ու ամրանա հայերի հայաբնակ Շուշին:

Տան ամենապատվավոր անկյունում  մի նկար կա. «Արմենս է: Փոքրս: Հաստ ոսկոր տղա է. Աչքերի գույնը տես` ինչ սիրուն է: 4 տարի առաջ մահացավ»,- ասում է տիկին Եվգենյան ` ցույց տալով մյուս լուսանկարը: Որդին ժպտում է, ավելի լայն, քան սովորաբար ժպտում են տապանաքարի նկարների մեջ:

Նա  հետադարձ հայացք ձգեց իր կյանքին ու սկսեց հիշողություններով կիսվել.երեք որդի ունեցա: Երկրորդ զավակի ծնունդից  հետո ամուսինս թողեց ընտանիքն ու գնաց արտասահման. Վերադարձավ միայն 10 տարի անց: Երրորդ որդիս՝ Արմենը, ծնվեց ընտանիքս փրկելու համար:

«Արմենս ծնվեց եղբայրներից 11 տարի հետո: Մայրս արդեն չկար, օգնող չունեի: Ես աշխատում էի, երեխաներս` մեծանում, իրենք իրենցով: Մեծ տղաներս պատերազմի հաշմանդամ են: Մեկը Լենինգրադ գնաց ու հետ չեկավ, մյուսը մինչև հիմա ծառայության մեջ է: Ամուսնուս մահից հետո ես ու Արմենս իրար հետ մնացինք: Ինչ տեսնում եք էս տանը, Արմենիս արածն է: Չվայելեց»,- ասում է տիկին Եվգենյան:

Ժպտում է արցունքների միջից, փորձելով պահպանել ավանդականը, հայկականը: Նրա երեխաները, թոռները հոգատարությամբ են շրջապատում սիրելի տատիկին: Ուրեմն, կյանքը շարունակվում է: