Նա ընտրել է հայրենապաշտության ճանապարհը

Արցախյան գոյապայքարի նվիրյալներից է Վլադիմիր Կասյանը: Նրա կենսագրության մեջ կարևոր տեղ ունի արցախյան գոյապայքարը, որը նշանավորվել է նաև իր զինակիցների մարտական սխրագործություններով: Հայորդու մարտական ուղին կոփվել է մարտադաշտում: Մասնակիցը լինելով  բազում կարևոր  մարտագործողությունների` փրկել է մարդկության արժանապատվությունն ու ոգու  դիմագիծը:

Հայրենիքը  սկսվում է ընտանիքից,- այսպես է մտածում Վլադիմիր Կասյանը: – Պատերազմի տարիներին չէինք  մտածում, որ բազմաերեխատեր ենք, կամ չամուսնացած, բոլորս էլ մեկ մարդու պես կռվում էինք միասնական: Վլադիմիր Կասյանը բազմիցս է մասնակցել ազատագրական ու պաշտպանական մարտագործողությունների: Նա ընտրել էր հայրենապաշտության ճանապարհը: Ճանապարհ, որում և զինվոր էր և հրամանատար, հաղթող բանակի շարքերում անցավ տարբեր ռազմաճակատներով, արեց այն, ինչ որ հնարավոր էր, իսկ երբ արդեն պատերազմ չէր, նորից ընտրեց իր ճանապարհը և այս անգամ արդեն` խաղաղության ճակատում:

Եվ այսօր Վլադիմիր Կասյանը նայում է հետ և մտորում, թե ինչպես իր ապրած գարունների աշխարհում կերտեց իր աշխարհը… Աշխարհ, որն իր գույներով  իրենն է ու բոլորից տարբեր…

Գարունների այդ աշխարհում նա  ապրեց ու կերտեց այն, ինչ-որ թելադրեց խիղճն ու պատիվը, ինչ-որ մարդկային էր, ընկերական ու բնատուր…

Ապրաած գարունների դալար ու ծաղկազարդ բարձունքից այսօր երևելի է նրա  ապրած տարիների բովանդակությունը` համեստ ու ինքնահաստատ, գեղեցիկ ու շիտակ… Եվ ինչպես յուրաքանչյուր մարդու, այնպես էլ նրա համեստ ապրած տարիներն արդեն հիշողություն են… Հիշողություն, որին անդրադառնալով նա նորից զգում է  տարիների հեռավորությունից եկող նորածին մանուկի անմեղ ու անաղարտ տարածության մեջ, ապրում մայրական քաղցրահամ կաթի բերած հրաշքով, զգում մանկության օրերի ակնթարթային ու անվերադարձ ջերմությունը և, վերջապես` մտովի վայելում այն բնաշխարհի լեռնոտ հմայքը, որի անունն է ծննդավայր…

Հետո, երևի թե, մտաբերում է Բերդաձորից դուրս տանող իր ճանապարհը, այն պատանեկան ժամանակները, որ լի էին հույսերով ու սպասումներով, մեծ աշխարհի հետ հարաբերվելու հեռանկարով… Եվ, որպես սկզբի շարունակություն, նա իր ընտրած ճանապարհն անցավ հանգիստ ու անաղմուկ… Անցավ հասունության ոլորաններով և մի օր, երբ հասավ իր դիմաց բացված անծայրածիր հորիզոնին, զգաց, որ կյանքն, իր հետաքրքրությամբ հանդերձ, աստիճանաբար դառնում է ավելի խորախորհուրդ և հոգսերով հարուստ… Իսկ այդ հոգսերը, որքանով զգայուն, այնքանով քաղցր էին…

Ամուսնության բերկրանք, երեխաների ծննդով համեմված հրճվանք, ծնողների` տատիկ-պապիկի երջանիկ աստղին արժանանացնելու հիրավի բովանդակալից առաքելություն… Սա էր հայրենյաց պաշտպանի ճանապարհի շարունակությունը, որ գնալով պիտի դառնա  բախտավոր պահերով ավելի բազմաշերտ…

Սակայն, ինչպես ասում են, աշխարհն ունի իր գրված ու չգրված օրենքները, որոնք հաճախ բերում են անսպասելին… Ու եկավ պատերազմի ժամանակը, մեր պատերազմի ժամանակը… Եվ նա ընտրեց հայրենապաշտության ճանապարհը… Ճանապարհ, որում և՛ զինվոր է, և՛ հրամանատար… Հաղթող բանակի շարքերում անցավ տարբեր ռազմաճակատներով, արեց այն, ինչ-որ հնարավոր էր… Իսկ երբ արդեն պատերազմ չէր, նա ընտրեց հայրենապահպանության ճանապարհը:

Այո՛, պատերազմի վերքերից դեռևս չբուժված երկրի համար, տնտեսության վերականգնումը լավագույն    <<դեղամիջոցն>>էր, իսկ դրան հասնելու ուղին` պետականորեն մտածող անհատների անմնացորդ նվիրումն է վստահված գործին… Եվ նրան նկատեցին որպես այդպիսին` վստահելով պետական կարևորության տարբեր ուղղություններ… Իսկ սա արդեն նոր հարթակ էր` նոր մարտահրավերներով… Եվ ինչպես երեկվա մարտադաշտում, այնպես էլ այստեղ, նա կարողացավ ինքն իրեն գտնել ու կատարել այն, ինչը հարիր է իր բնավորությանը և արմատներից եկող արյան կանչին… Ասել է թե` նա տակավին մնաց մարդկայինի և բարոյականի անդավաճան կրողն ու դրանք հաստատողը…

Վլադիմիր Կասյանն տասնամյակների փորձով իմաստնացած այր, է ով ունի համեստ երջանկությամբ ապրելու բոլոր որակները… Համեստ, քանի որ իսկական երջանկությունը հենց չափի մեջ է` գեղեցիկ, հաստատուն և բովանդակալից…