<<Ես փակել էի թշնամու գնդակի ճանապարհը>>…

Լայնարձակ հայրենիքի հանդեպ ունեցած մեծ պարտականությունը` զինվորական ծառայությունը, իրականացրել է Գերմանիայում 1981-1982թթ.` մոտոհրաձգային գնդում:

Մայրը` տիկին Ռոզան, Խնապատի կինոմեխանիկն էր, իսկ որդին` Գարիկը (Գարեն Հայրապետյան)` նրա օգնականը:

Երանությամբ է հիշում այն օրերը, երբ գյուղի հասարակության պահանջով բացառիկ կինոնկարներ էր բերում` թե՛ մարտական, թե՛ հնդկական, և ակումբում ամեն օր ասեղ գցելու տեղ չկար:

Բայց Արցախյան գոյամարտը փոխեց Գարիկի կենսակերպը: Շատերի պես նա էլ զենք վերցրեց: Համարձակ գործելաոճին չափ ու սահման չկար: Անվախ էր ու աներկբա:

Մարտական ուղին սկսել էր <<Կարտոշկեն>> տափից:

Սրտի ցավով է հիշում բոլոր այն ընկերներին, որոնց մահը, սահմռկեցուցիչ տեսարանները ակնդրել է սեփական աչքերով: Հերոսաբար զոհված հերոսի` Արթուրի մարմինը այս անվախ զինվորն է տեղափոխել:

Նրա աչքի առաջ են զոհվել նաև մյուս ընկերները` Սամվել Ծատրյանը, Աշոտ Պետրոսյանը (վաշտի հրամանատար), Էդիկ Հակոբյանը, Աշոտ Հայրապետյանը, Վալերիկ Մելքումյանը, տարբեր ժամանակահատվածներում:

Հենց այս հերոսական մահերն են թանձրացրել վրեժի այն զգացումը, որ Գարիկն ուներ ոսոխի հանդեպ, որն էլ չիրականացնել նա չէր կարող:

Պատմում է հիմնականում Աղդամի << մասին, որովհետև հենց այստեղ էր ճակատագրական մի դեպք կատարվել, և նա հրաշքով փրկվել էր: Մեկ ամիս շարունակ դիրքեր էին պահում Մարտակերտ-Աղդամ խաչմերուկում:

Հուլիսի 23-ին Սանասարի խումբը` Փառուխից, մեր վաշտը` Աղդամ տանող մայրուղով, Ասկերանի վաշտը` կիրճով, շարժվում են առաջ և մտնում Աղդամ: Ճանապարհին Վազգեն Բաբայանը մի БМП է խփում:

Հենց այստեղ է, որ խիզախ մարտիկը, անահ առաջանալով, հայտնվում է թշնամու շրջապատման մեջ: Կարծելով, թե եկող տանկերը մերն էին` նետվում է առաջ ուրախ բացականչություններով և հաջորդ պահին հասկանում, որ թշնամին է դիմացից գալիս: Արագ կողմնորոշվելով և կրակելով նրանց ուղղությամբ` հետ է քաշվում ու հայտնվում պատահական մի բակում: Մոտ երկու ժամ սսկվելով պատի տակ` հանկարծ ընկերների ձայնն է լսում, որ իրեն էին փնտրում: Այդ պահին թե ինչ զորություն է պատում իրեն, ինքն էլ չի կարողանում բացատրել, ցատկում է և շատ բարձր ցանկապատով իրեն նետում դուրս: Ցնծում էին ընկերները. <<Գարիկը երևացե՜լ է, գտե՜լ ենք նրան…>>: Գիշերում են քաղաքում, և հաջորդ օրը շարունակվում են մարտերը Աղդամում: Որոշ ժամանակ դիրքեր էին պահում Աղդամի տակ:

Հետո մարտերը շարունակվում էին Շահբուլաղի (այժմ` Տիգրանակերտ) ուղղությամբ` <конный завод>   ռազմաբազա (վերջինս ռուսական զորակայանի պահեստն էր, որտեղ, սակայն, ոչինչ չկար. մեծ ջանասիրությամբ դատարկել էին մեր հարևանները):

Գրավում են ևս երկու գյուղ ու նորից դիրքավորվում:

Արդեն 1994-ի հունվար ամիսն էր: Մի քանի օրից հետո թուրքերը բազմաթիվ տեխնիկաներով հարձակվում են մեր դիրքապահների վրա (չէին հաշտվում իրենց կորուստների հետ): Մի քանիսը պայթում են ականների վրա, որոնք հետո պետք է լրացնեին մեր տեխնիկայի շարքերը: Տղաները հետ քաշվելով սպասում են մի փոքրիկ գյուղում` մարտերն իրենց վրա վերցնելով: Հենց այստեղ էլ զոհվում է Գարիկի մարտական ընկերներից մեկը` Համլետ Հայրապետյանը (Համենը), որին տղաները դուրս են բերում մարտադաշտից, իսկ մարտը շարունակվում էր, ու նախապես պլանավորած<<քեֆը>>այդպես էլ չեն վայելում տղաները (Գարիկը հերթափոխին տուն էր գնացել և իր հետ ժենգյալով հաց, ձու, թթու, օղի էր բերել` Համլետի հետ մի լավ քեֆ անելու համար): Համլետին հանելիս վիրավորվում է նաև Վարդան Բաբայանը:

Ռազմաճակատով շարունակվում էր մեր առաջխաղացումը: Մի քանի օր հաստատվելով նոր դիրքերում` մեր վաշտը մարտնչում է Ղարբանդի համար, որտեղ ունենում ենք հերթական զոհը` Սամվել Աղաբաբյանը:

Այնուհետև մարտական գործողությունները տեղախոխվում են Հորադիզի ուղղությամբ:

Տարբեր գումարտակներից ու վաշտերից մեկական մարտիկ էին պահանջում: Գարիկն էլի նրանց մեջ էր:

Երկու օր ծավալվող մարտերը չտվեցին ցանկալի արդյունք:

Օգնության են հասնում մեր վաշտի տղաները:

Մի քանի օր հետո 10 հոգի մեր տղաներից մեկնում են Հորադիզ: Ծանր մարտում ընկնում է Սաշիկ Սարկիսովը (խնապատցի, որին վիրավոր տեղափոխում են Ֆիզուլի, որտեղ էլ մահանում է): Սարսափազդու տեսարանների էր ականատես դառնում Գարիկը` հոգում ու հիշողության մեջ դրոշմելով յուրաքանչյուրի ցավը:

Հետո … Քարվաճառ: Նա չի սիրում պատմել իր արածի մասին, բայց պատմում են ուրիշները:

Երբ Ասկերանի գնդի հրամանատար Վիտալի Բալասանյանը, հավաքելով տարբեր վաշտերի մարտիկների, առաջարկում է կամավորներ` Քարվաճառ մեկնելու համար, սարսափելի լռությունն էլի խախտում է Գարիկը, որն արդեն դասակի հրամանատար էր:

Ու մեր վաշտի տղաները Գարիկի հետ (25 հոգով) մեկնում են Քարվաճառ, որտեղ Արցախի դիրքերը հսկում էին Հայաստանից եկած նորակոչիկները:

Թշնամուն հաջողվում է գրավել դիրքերը:

Սակայն մի քանի օր անց դիրքերը կրկին մեր վաշտի տղաների վերահսկողության տակ էին: Այս մարտում մերոնք զոհ չեն ունենում:

Որոշ ժամանակ անց Հայաստանից ազատամարտիկներ են գալիս ու փոխարինում մեր տղաներին, իսկ վերջիններս վերադառնալով կրկին հսկում են Աղդամի դիրքերը:

Բայց թշնամին չէր կարող հաշտվել այս բազմաթիվ կորուստների հետ ու լռել: Գիշեր-ցերեկ զգոն են մեր տղաները:

Եվ ահա նոր հարձակում Աղդամի օդանավակայանի ուղղությամբ` թշնամու կողմից:

Նորից Խնապատի վաշտից 10 հոգով հասնում են օգնության և առանց կորուստների վերադարձնում օդանավակայանը` թշնամուն մեծ կորուստներ պատճառելով:

Գարիկի համար Արցախյան պատերազմը չավարտվեց 1994թ. մայիսի 14-ի զինադադարով:

Մինչև 1995 թվականի օգոստոսի 25-ը ծառայեց ԼՂՀ ՊԲ-ում, այնուհետև վերադարձավ գյուղ և զբաղվեց բանվորի ծանր աշխատանքով:

Մեկ-մեկ կինոնկարներ էր հայթայթում (մանկական և մեծերի համար) ու ցուցադրում, իսկ երբ 1996թ. զորահավաք հայտարարվեց, խիզախ զինվորը երկուսուկես ամսով մասնակցեց դրան:

Իմ այն հարցին, թե այդքան մարտերի մասնակիցը լինելով` երբեք չի՞ վիրավորվել, նա պատասխանում է. <<Թշնամու գնդակը վախենում էր ինձանից, ես փակել էի նրա ճանապարհը>> : Բայց առայսօր պահպանում է ինքնաձիգի այն փամփշտակալը, որն իր վրա էր վերցրել թշնամու գնդակը` փրկելով անահ մարտիկին:

Հիմա նա երկու որդիների հայր և չորս թոռների պապիկ է: Առողջական խնդիրներով հանդերձ` գեղագիտական ճաշակով ձևավորված ծաղիկներ է խնամում` գնահատելով գեղեցիկի դերը:

Պարգևատրվել է  <<Արիության համար>> մեդալով, իսկ Ասկերանի զինկոմիսարիատի կողմից տրամադրվել է վկայական, որի համաձայն` Գարիկ Հայրապետյանը` որպես ԼՂՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից, ունի ԼՂՀ օրենքով սահմանված համապատասխան արտոնություններից օգտվելու իրավունք: