Բոլորս զինվոր ենք, հայրենիքի պաշտպան

Զրուցում եմ նրա հետ ու ակամայից հիշում Գյոթեի խորիմաստ բառերը. <<Ով իր մասին շատ մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան կարծում է ինքը>>: Այս տողերը, ասես, հենց նրա` Էդուարդ Մելքումյանի մասին են ասված: Սովորական հայ մարդ, որ աչք է բացել մեր լեռնաշխարհում ու հենց սկզբից իր կոչումը տեսել շրջապատին օգտակար լինելու, հայրենիքին ազնվորեն ծառայելու մեջ:

Ծնվել է Ստեփանակերտում, 1965-ին: Միջնակարգ կրթությունը ստացել է ութերորդ դպրոցում (երեկոյան բաժին): Մի քանի տարի աշխատել է կոնդիսատորի գործարանում: Աշխատել է բարեխղճորեն, պարտքի ու պատասխանատվության զգացումով: Ու ղեկավարությունը, կոլեկտիվը միշտ գոհ են եղել նրանից, գործի ու գործընկերների նկատմամբ ունեցած նրա ուշադիր, սրտացավ վերաբերմունքից: Պարտաճանաչությունը, պահանջկոտությունը միշտ ուղեկցել են նրան: Այո՛, նա չի սիրել ապրել <<հաշտ ու խաղաղ>>, միապաղաղ կյանքով>>: Ակտիվ կենսադիրք է ունեցել և շրջապատում կատարվող անցուդարձի նկատմամբ երբեք անտարբեր չի գտնվել: Ապրել է ժողովրդին մտահոգող մեծ ու փոքր խնդիրներով, մեր Շարժման, մեր արդարացի պայքարի ոգով ու շնչով: Օրհասական այն օրերին նա կամավորականների հետ է եղել, <<Մի՛-ա՛-ցո՛ւմ>> վանկարկողների կողքին: Դե իսկ 91-ից մինչև 95-ը հարյուրների, հազարների հետ կռիվ էր տալիս մեր սուրբ հողը ներխուժած թուրքի դեմ: Եղել է Ֆիզուլիում, Աղդամում, Կուբաթլուում, Մարտունու, Մարտակերտի շատ ու շատ գյուղերում, Հադրութում և բազում այլ վայրերում: Մենակ չէր, ընկերների հետ էր: Իսկ ընկերները շատ էին: Սարգսյան Արամ, Գևորգյան Մայիս, Հայրապետյան Արմեն, Բաղրյան Գագո, Պողոսով Արթուր, Ասրյան Բորիկ, Գրիգորյան Գևորգ, Յուրի Անդրեևիչ, Յուրի Կարապետյան ու էլի ուրիշներ: Կռվում էր հակատանկային վաշտում, կռվում էր զինվորին վայել քաջությամբ, արիությամբ` արհամարհելով ամեն մի փորձություն, վտանգ ու զրկանք:

Մարտական նախկին ընկերները գովեստով, հիացմունքով են խոսում նրա անձնուրացության, սխրանքի ու կազմակերպչական ձիրքի (վաշտի հրամանատարը ինքն էր), խիզախումների և հերոսական արարքների մասին: Հիշենք ու հիշեցնենք խոսուն մի փաստ, անմոռաց մի դեպք, որին, թվում է, դժվար է անգա՛մ հավատալ: Բայց դա իրողություն է, իսկական հերոսություն, որի մասին խոսք կա նաև վաղամեռիկ արձակագիր Յաշա Բաբալյանի <<Շիկաքարի արծիվը>> գրքում:

Չչարաշահեմ ձեր համբերությունը ու կոնկրետացնեմ ասելիքս: Թեժ մարտերից մեկում նա ֆագոտով խփել շարքից հանել է թշնամու երեք հրասայլ, երեք տանկ: Այն էլ` հաշված րոպեների ընթացքում: Պատկերացնո՛ւմ եք: Երեք տանկ… Բոլորի աչքի առաջ: Եվ ասում են` այս <<երեքը>>  անփոփոխ չի մնացել: Համաձայնեք: Հրաշքի նման մի բան է սա: Բայց այս <<հրաշքը>> եղել է:

Եղել է 1994-ի հունվարի յոթին, կանալին հարող տարածքում, ջրանցքի ափին,- իր բառերն են, բառեր, որ այնքա՜ն սովորական են հնչում, սակայն իրենց մեջ անչափ շատ բան են ամփոփում:

Դե, ուրեմն, եկեք հավատանք, որ աշխարհում, ռազմի դաշտում հրաշքներ, իրոք, լինում են: Հրաշքներ, որոնց ետևում շատ անգամ կանգնած են լինում շինականներ, դաշտ ու այգի մշակողներ, տուն ու կամուրջ կառուցողներ, արվեստի, մշակույթի աշխատողներ, Էդուարդի նման պարզ ու հասարակ, <<ստվերի տակ մնացած>>, բայց հայրենիքի սիրով  <<հարբած, խենթացած>> հայորդիներ:

Այսպես է: Ու սա մի՛շտ պիտի հիշել: Եվ, որ կարևորն է, պիտի գնահատել, մեծարել, արժանին մատուցել: Ասել է թե` Էդուարդները պիտի ճանաչվեն, սիրվեն` միշտ և ամենուր: Շեշտեմ, ընդգծեմ, որ մարտական մեծ ուղի է անցել: Հիմնականում ծառայել է Շուշիի գնդում, Վաչագան Իշխանյանի հրամանատարության ներքո: Չմոռանանք ասել, որ գունդն այս Քելբաջարում, Խաչենի հովտում շատ ու շատ կատաղի մարտեր է մղել, տասնյակ գյուղեր, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ ազատագրել:

Անկեղծ լինենք ու շիտակ խոսենք:

Անցած երկար, շա՜տ երկար ճանապարհին ուրախության, ցնծության պահեր շատ է ապրել, բայց մեկ-մեկ նաև տագնապներ է ունեցել, տեսել ահեր ու մահեր, լսել վիրավոր զինվորի հառաչ ու օգնության կանչող նվաղած ճիչեր: Ուստի, բնական է, ցավով, ափսոսանքով է հիշում նրանց, բոլորին (Արմեն Ավագյան, Յուրա Կարապետյան, Սլավիկ Պետրոսյան, Վալերիկ Պետրոսյան, Սեգո Ջավադյան), բոլո՜ր-բոլորին, ովքեր ա՛յն տարիներին իր հետ էին ու հիմա չկան, ովքեր իրենց կյանքը տվին հայրենի հողի, հայրենի եզերքի ազատության համար: Նաև` նրանց, ովքեր տուն են դարձել ձեռքը կամ ոտքը կորցրած, խեղված, հաշմանդամ դարձած: Տեղն է հիշեցնել, որ ինքը նույնպես երկու անգամ վիրավորվել է: Առաջին անգամ` Մարտակերտի մատույցներում, 94-ի հունվարի 31-ին, երկրորդ անգամ` Կարմիրավանի մոտերքում, մայիսի 15-ին: Բայց դեռ <<կարգին>> չապաքինված` հայտնվել է ընկերների կողքին:

– Հոսպիտալը բուժվելու, կազդուրվելու համար է, ոչ թե` հանգստանալու, պարապ օրեր անցկացնելու,- ասել է նա բժիշկներին:

Այս ամենը հիմա դարձել է հուշ ու հիշողություն, տխուր պատմություն: Վաղուց նա արդեն հրաժեշտ է տվել զինվորական համազգեստին: Բայց հոգով, սրտով իրեն էլի մարտիկ է համարում ու ամեն անգամ, երբ մի առանձին ակնածանքով ու հաճելի երկյուղածությամբ նայում է դարակում խնամքով պահվող <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանին կամ սիրով, քնքշանքով շոշափում  <<Շուշիի ազատագրման համար>>, մեդալները, պատվոգրերը, գովաս<<Մայրական երախտագիտություն> >անագրերը, մտքով տեղափոխվում է այն վայրերը (Քյոսալար, Բաշ-Գյունափլու, Խծաբերդ, Լաչին, այլ տարածքներ, բնակավայրեր), ուր հարյուրավոր տղաների հետ կենաց ու մահու կռիվ է մղել մեր ծաղկազարդ եզերքի, ամեն մի քարի, ամեն մի թփի համար: Դե իսկ հայրենիքը նրա համար ամեն ինչ է. խինդ ու բերկրանք, ուրախություն ու հպարտություն, ներշնչանքի անսպառ աղբյուր, սեր, կարոտ, երազ ու երազանք:

Ի դեպ, ռազմի բովով անցած քաջորդին, պահեստազորի ավագ լեյտենանտ Էդուարդը յուրովի է տրամաբանում ու հաճելիորեն լավ է բացատրում, հիմնավորում մեր հաղթանակները, իրենց անունով կոչում թուրքի վայրագությունները:

– Երկիր մոլորակի վրա,- ասում է,- յուրաքանչյուր ազգ ունի ապրելու ու հարատևելու իրավունք: Սա համընդհանուր օրենք է: Դարեր շարունակ, սակայն, գազանի կերպարանք առած որոշ ազգեր ոտքի տակ են տվել այս օրենքը, փորձել փոքր ազգերին բնաջնջել, ձուլել, հավատափոխել: Ապացույց` Մամեդի բռնությունները, բարբարոսությունները: Բայց հայը շարունակել է մնալ իբրև ազգ` իր հավատով, ազգային ոգով: Մնացել է ու դիմակայել, տոկացել ու հարատևել: Մնացել է մինչև մեր հերոսական օրերը:

Իր անպարտելի, իր զորեղ տղաների, բանակի շնորհիվ: Ավելին: Համառ աշխատանքի ու կյանքի գնով լուսավոր նոր էջեր է գրել Անկախություն ձեռք բերած Հանրապետության տարեգրության մեջ: Կրկնում եմ` նույնիսկ կյանքի գնով: Օրինակներ շատ կարելի է բերել: Նշենք միայն, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ բազում քաջեր հոգու արիությամբ, հույս ու հավատով կռվեցին, իրական հրաշապատումներով հաղթեցին ու զոհվեցին: Զոհվեցին` նորից ապրելու, անմահանալու համար: Այսպիսի զինվորներ, այսպիսի դյուցազուններ ծնող ազգը անպարտելի է: Այսպիսի ազգի պայքարը արդար է, կյանքը` հավերժական,- եզրափակում է միտքը, հայացքը հառում ինձ` կարծես ստուգելու, հարցնելու` ճի՞շտ չեմ ասում…

Մի պահ լռում, ապա շունչ է քաշում, հոգոց հանում ու` …Մայիսը գարնան, զարթոնքի, ոգեկոչման, ապրելու, արարելու ու պանծալի հաղթանակների տոնակատարության ամիս է: Ավարայր, Սարդարապատ, Ղարաքիլիսիա, Բաշ-Ապարան, Երկրորդ աշխարհամարտ, Շուշի, Արցախյան գոյամարտ: Միով բանիվ` մայիսյան պայծառ օրերի մեջ ամփոփված են փառավոր հաղթանակներ: Մայիսյան օրն ապրեցնող է, տաք, արևային ու հաղթական: Օրն այդ անջնջելի է, անմոռանալի: Ափսոս, հազա՜ր ափսոս, որ մեր տղաներից, մեր արծիվներից շատերը ընկան կես ճանապարհին, չտեսան Ղազանչեցոց եկեղեցու լուսավոր գմբեթին մեղմորեն ծփացող եռագույնի սքանչելի փայլն ու աննկարագրելի հմայքը…

Ես ամեն ինչ մոռացած, մի տեսակ վերացած, տարված նրա մտքերով, խոհերով, առանց մի պահ անգամ ընդհատելու, լուռ ունկնդրում ու մտորում եմ.

– Հիրավի, հող-հայրենիի շնչով, մեր առօրյայով, երկրի բախտով ու ճակատագրով ապրող մարդ է Էդուարդ Մելքումյանը, իսկական նվիրյալ, մեր ազգային ավանդույթներին, սովորույթներին հավատարիմ հայ մարդ, ազնիվ ու արդարամիտ քաղաքացի: Մարդ, որի ապրած կյանքի, անօրինակ և ոգևորիչ սխրանքի, անցած ուսանելի ճանապարհի մասին դեռ երկար, շատ երկար կարելի է խոսել:

Բավարարվենք` ընդգծելով մի հանգամանք ևս, որը, կարծում եմ, խիստ կարևոր է: Մեր ակնարկի հերոսը հիմա էլ շարքում է: Աշխատում է Արցախի ազատամարտիկների միությունում: Աշխատում է իրեն հատուկ ավյունով, եռանդով: Աշխատում է ինչպես պետքն է` կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելով, արածը միշտ  <<կշեռքի նժարին դնելով>>, ինքն իրեն ՙհաշիվ տալով>>:

Թերևս զարմանալի չէ, որ նրա մասին կարելի է լսել միայն դրվատանքի ու գոհունակության խոսքեր: Վերջում, ամենից վերջում նշենք, որ նա երեք զավակների հայր է, որոնք բոլորն էլ (Արայիկ, Գոհար, Իրինա) ջանում են իրենց համեստ վաստակով, պատկերավոր լեզվով ասած` փոքր-ինչ թեթևացնել աշխարհի բեռը, ինչ-որ տեղ, ինչ-որ չափով նպաստել այնքա՜ն հարազատ ու սրտամոտ մեր քաղաքի` Ստեփանակերտի հետագա ծաղկմանն ու բարգավաճմանը:

Չմոռանանք ասել, որ տղան` Արայիկը, կապիտանի ուսադիրներով ծառայում է Պաշտպանության բանակի N զորամասում: Ասել կուզի` գնացել է հոր ճանապարհով: Բոլոր դեպքերում մեր խոսքը, երևի թերի կլիներ, եթե այս ամենին չավելացնենք մի բան ևս: Ո՞րն է: Այն, որ, չնայած առաջացած տարիքին (50-ը արդեն ետևում է թողել) տակավին առույգ է, ամուր ու կենսախինդ:

– Ես հիմա էլ պինդ եմ ու ցանկացած ժամին (եթե, իհարկե, անհրաժեշտություն լինի), կարող եմ կանգնել սահմանը պահող զինվորի կողքին,- ասում է նա վստահորեն, առարկություն չվերցնող տոնով: Դե իսկ  <<Մարտական խաչի>> շքանշանակիր Վարդուհին, որը նրան մոտիկից գիտի (անցած պատերազմում մի գնդում են կռվել, թուրքի հերն անիծել), չի համբերում ու հավելում, հուշում է.

– Գրեք, որ հենց առաջին օրը, ապրիլի երկուսին, առանց խնդրանքի, առանց որևէ մեկի հրահանգի, մեկնել է առաջնագիծ և այնտեղ, պաշտպանական չափազանց կարևոր նշանակություն ունեցող մի հատվածում մնացել 25 օր: Շուրջ` մեկ ամիս: Սա աննկուն կամքի, հերոսական արարքի, անվեհերության ու նվիրվածության դրսևորում է, որ հիմնավորումների, մեկնաբանությունների կարիք չի զգում: Բոլորովի՛ն:

– Մենք բոլորս զինվոր ենք, հայրենիքի աներեր պաշտպան,- սա է նրա` Էդուարդի տեսակետը, կարծիքը, համոզմունքը: Այսքանը: Վերջացնենք Նժդեհի իմաստուն տողերով, որ մոտ ու հարազատ են ի՛մ, քո՛, նրա՛ սրտին:

<<Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը: Մենք` ավելի, քան բոլորը>>: