Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման գործունեությունը

Արցախում ծավալված ազգային ազատագրական պայքարը ցույց տվեց, որ համազգային նշանակության հաղթանակները կարող են կերտվել միայն համազգային ուժերի ու ջանքերի կենտրոնացման շնորհիվ:.

Արցախի ազատամարտիկների միությունը ծնունդ առավ ժողովրդին պարտադրված պատերազմի բովում, երբ արցախահայության գոյատևման ճակատագիրն էր վճռվում:Հենց հայրենիքի ազատության համար ոտքի ելած մեր քաջարի տղաների շնորհիվ կարողացանք պատերազմի առաջին փուլում ձախողել հակառակորդի հանցավոր նպատակները:Ազատամարտիկների ջոկատները դարձան պաշտպանության բանակի կորիզը:Հենց նրանց շնորհիվ կերտվեց այսօրվա հաղթանակը:

Ստեղծվեց Արցախի ազատամարտիկների միություն հասարակական կազմակերպությունը, որի հանդեպ ակնածանք է տածում յուրաքանչյուր հայրենյաց պաշտպան:

Միությունն իր շուրջը համախմբելով արցախյան ազատամարտի մասնակիցներին, ձգտում է արժանվույն գնահատել յուրաքանչյուրի դերը անկախության ձեռք բերման գործում:

Այսօր արցախի ազատամարտիկների միությունը մեր երկրի ամենաազդեցիկ ու հեղինակավոր կազմակերպությունն է :

Միությունն իր տարածքային ու համայնքային միավորումների գործունեության միջոցով վեր է հանում առկա խնդիրները և դրանց տալիս համապատասխան ընթացք: Ասկերանի տարածքային միավորումը գործում է 2000 թվականից:

 Միավորման խորհուրդն իր աշխատանքներում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով.<<Կառուցելով ու ամրապնդելով մեր պետությունը՝ մենք իրական ու շոշափելի ենք դարձնում ժողովրդի երազանքը այն է՝ պահպանել Արցախյան գոյապայքարում ձեռք բերած արժեքները՝  ազգասեր ոգին,միասնական ու անկոտրում կամքը, մարտունակությունը ՝ սեփական ուժերով կրելով վաղվա հաղթանակը>>:

Այսօր  վերոնշյալ տարածքային միավորմանն անդամակցում են 2000-ից ավելի անդամներ: Տարեցտարի ավելանում է տարածքային միավորման անդամների թիվը, հանրության շրջանում աճում՝ կառույցի հեղինակությունը: Տարածքային միավորումը զգալի աշխատանք է կատարում ազատամարտիկների և նրանց ընտանիքների սոցիալ- տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը բարելավելու համար:

Ակտիվ մասնակցություն  ունենում՝ զորակոչային ռեսուրսների համալրման աշխատանքներին և նորակոչիկների երդման արարողություններին:

Նկատելի առաջընթաց է արձանագրվել երիտասարդության հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում: Հաճախակի <<Արիության դասեր>> են կազմակերպվում զորանոցներում և դպրոցներում: Շրջանային կրթության բաժնի հետ համատեղ դպրոցներում պարբերաբար կազմակերպում ենք միջոցառումներ՝ նվիրված արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին: Ազատամարտիկները հաճախակի են այցելում պաշտպանության բանակի առաջինային դիրքեր ,զրուցում զինվորների հետ ՝ նրանց փոխանցելով մարտական փորձն ու հմտությունը,- ասում է  Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը: Վերջինիս հավաստմամբ տարեցտարի ավելի է բարձրանում Արցախյան ազատամարտի մասնկցի անունն ու դերը, հասարակության կյանքում զգալի դառնում նրա բացառիկ առաքելության կարևորությունն ու դերակատարությունը:Ժողովուրդը գնահատում է միության կատարած աշխատանքը:

Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ մեծ է Արցախի ազատամարտիկների միության դերը երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:Արցախի ազատամարտիկների միությունը լինելով ժողովրդի միասնությունն ամրապնդաող ուժ, միաժամանակ նպաստում է երկրի և բանակի հզորացմանը:Տարածքային միավորման գրեթե բոլոր անդամները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Իհարկե, դեռ ամեն ինչ հեռու է կատարյալ լինելուց, քանի ունենք զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներ, քանի ունենք սոցիալապես անապահով անչափ մեծ խավ ու աշխատատեղերի խնդիր:Սակայն այս ամենն էլ ինչ որ տեղ բնական ու օրինաչափ է մեր նորանկախ, կայացման ուղին բռնած երկրի համար:

Չնայած այս ամենին ազատամարտիկը շարունակում է հավատարիմ մնալ իր վեհ կոչմանը:Հանուն խաղաղության ու հայրենիքի հզորացման պայքարելը իր առաքելությունը համարելով ՝ այսօր արդեն մաքառում ու պայքարում է կյանքի այլ ոլորտներում:Երեկվա պատերազմում հերոսաբար հաղթանակած ազատամարտիկի համար թերևս ամենամեծ գնահատականն ու հպարտությունը ազատագրված հայրենիքն  ու մարտունակ և կայացած մեր հզոր բանակն է: Չէ՞ որ դեռ երեկ երազ էր թվում այդ ամենը, երազ, որի իրականացման համար վճարեցին կյանքով ու առողջությամբ:

Սակայն նրանք միաժամանակ շատ խստապահանջ են նոր սերնդի հանդեպ,քանի որ իրենց մարմնի վրա զգացել են ազատ ու անկախ հայրենիք ունենալու գինը և այսօր պարզապես դողում են այդ հայրենիքի անվտանգության ու վաղվա օրվա համար չէ՞ որ սեփական արյամբ են սրբագործել,ատամներով պաշտպանել ու մեզ հանձնել անկախ հայրենիքը:

Պատերազմն ապրած ու անկախ երկրում ապրելու իրավունքը վաստակած ազատամարտիկները հանուն հայ մնալուն, հանուն մեր պայծառ ապագայի չխնայեցին ոչինչ:Եվ այսպես կրկին փաստեցինք, որ ազատամարտիկը երբեք նախկին չի լինում, որ այսօր էլ նրանք մեծ հավատով ու վճռականությամբ շարունակում են իրենց պայքարը հանուն վերջնահաղթանակի:

-Պարոն Աղաջանյան, այսօր Դուք և Ասկերանի քաղաքապետն եք և Արցախի ազատամարտիկների միության  տարածքային միավորման նախագահը:Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր աշխատանքները:

– Երկու դեպքում էլ հայրենիքն է, մարդն է՝ իր հոգսերով ու խնդիրներով: Երկիրը շենացնել է պետք, մարդուն՝ աջակցել հուզող այս կամ այն խնդիրը լուծելու: Եվ դա անում ենք ո°չ միայնակ ու միանձնյա, այլ համընդհանուր ուժերով, համայնքի անդամներով, ազատամարտիկ-վետերաններով: Ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի առաջին իսկ օրը, 190 կամավորական է մեկնել դիրքեր՝ չհաշված զինկոմիսարիատի կողմից հավաքագրվածները, որոնք շուրջ 500-600 հոգի զենքը ձեռքին կազմ ու պատրաստ սպասում էին զորանոցներում: Մինչև մայիսի վերջ մեր տղաները կանգնած էին սահմանագծում՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այսօր էլ բոլորս մեկ մարդու պես պատրաստ ենք թշնամու կողմից որևէ ոտնձգություն լինելու դեպքում զենք վերցնել ու  գնալ սահմանագիծ: Ձգտում ենք այնպես անել, որ հողը լքող չլինի, այլ հայրենադարձներ ունենանք: Ամուր կանգնենք մեր հողին, շենցնենք ու ծաղկեցնենք այն:

Մենք լիահույս ենք, որ Արցախի ազատամարտիկների միությունը մշտապես իր կարևորագույն առաքելությունը կունենա հասարակության կյանքում, բացառիկ դերակատարություն ունենալով նաև երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության  գործում: