ԱԱՄ նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ

Անկախության տոնը մեր ժողովրդի ոգու և կամքի մեծագույն հաղթանակն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումով բացվեց հայոց պատմության նոր էջը: Արցախյան գոյապայքարը դարձավ համայն աշխարհի հայությանը միավորող ուժ: Կրկին հաստատվեց հայտնի ճշմարտությունը.«Ազատությունը զենքով են նվաճում, իսկ հողը`արյամբ պաշտպանում»: Սեփական ուժերով և նվիրյալների արյամբ ձեռք բերած անկախությունը անսակարկելի արժեք է:

Հիրավի,  «ազգերն իրենց հայրենիքի գոյությունը մարդկության առջև արդարացնում են իրենց հերոսների մահով, հերոսներ, որոնց համար մահը հաղթանակ ու հարություն է միաժամանակ»:

Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում մարտիրոսված քաջորդիների հիշատակի առաջ:

Այսօր Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է: Ստեղծված են քաղաքական, իրավական ու բարոյական բոլոր հիմքերը՝ Արցախի միջազգային ճանաչման համար: Իսկ մեր բանակը ոչ միայն մեր ժողովրդի անվտանգության երաշխավորն է, այլև հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության պահպանման վճռորոշ ուժը:

Հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն և հաջողություն Ձեր ձեռնարկած յուրաքանչյուր ազգանպաստ գործում:

Թող Ձեզ միշտ ուղեկցի Հաղթանակի ստեղծարար ոգին:

Փա՜ռք բոլոր նահատակներին:

Փա՜ռք մեր բանակին:

Փա՜ռք Արցախի ժողովրդին ու նրան սատարող հայությանը: