Արիության դասը՝ ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն միջոց

ԱՀ կրթության, գիտության և սպորտի, պաշտպանության նախարարությունների և Արցախի ազատամարտիկների միության   միջև գործող համատեղ ծրագրերի համաձայն ազատամարտիկների կողմից բոլոր դպրոցներում անցկացվեցին արիության դասեր՝ հետաքրքիր դրվագներով ու դեպքերի նկարագրով: Մատաղ սերնդի ռազմահայրեասիրական դաստիարակությունը հանդիսանում է մեր երկրի կարևորագույն խնդիրներից մեկը: Արցախի ազատամարտիկների միությունը լինելով երեկվա գոյապայքարի մասնակիցներին միավորող ուժ, այսօր իր դերակատարությունն ունի  նաև նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Ավանդույթի համաձայն, հանրապետության բոլոր կրթարաններում առաջին զանգի արարողությունից անմիջապես հետո, առաջին դասը որ մատուցվեց աշակերտներին կրում էր <<Արիության դաս>> խորագիրը: Միջոցառումը, որ կազմակերպվում է  Պաշտպանության բանակի և Արցախի ազատամարտիկների միության կողմից անց է կացվում ՊԲ սպաների և ԱԱՄ անդամների  կողմից: Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անունը կրող թիվ 5 դպրոցում եղանք նաև մենք: Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը ներկաներին միության նախագահ գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի անունից շնորհավորեց գիտելիքի և անկախության տոների կապակցությամբ:

Բովանդակալից էր Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանի անցկացրած արիության դասը Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անունը կրող թիվ 5 դպրոցի 9-րդ դասարանում:

Էդուարդ Խաչատրյանը, մանկավարժական գործունեություն էր ծավալում, բայց ստիպված եղավ գրիչը փոխարինել զենքով:Բանասխոսը համառոտ ներկայացրեց շարժման սկզբնական պատմությունը, երեխաներին բացատրեց 28 տարի առաջ Անկախության հռչակագրով մեր ժողովրդի կատարած պատմական ընտրության հրատապությունն ու ինքնիշխան ապրելու իրավունքի անհրաժեշտոււթյունը:

Նա հանգամանորեն անդրադարձավ արցախյան գոյապայքարի դրվագներին,  ազատամարտիկների անցած հերոսական ճանապարհին. անդրադարձավ նաև այն զորամասերի ու ստորաբաժանումների անցած մարտական ուղուն, որոնք ստեղծվել և կայացել են մարտական գործողությունների ժամանակ:

Է.Խաչատրյանը կոչ արեց աշակերտներին ժամանակն անտեղի չվատնել, լավ սովորել,առաջադիմել բոլոր առարկաներում, ամուր և հաստատուն գիտելիքներ ստանալու համար, քանի որ միայն գիտելիքով օժտած և կրթված երիտասարդն է անպարտելի:

Արիության դասը հայրենիքի հանդեպ սիրո ու պարտավորվածության, հայ զինվորի ու հայոց բանակի նկատմամբ հավատի ու վստահության ներշնչման առանձնահատուկ դաստիարակչական նպատակ է հետապնդում, որը միության անդամները կատարում են ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ: