ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ <<ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻ>> ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ

ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ,  օգոստոսի 31-ին, ԱՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

 ԱՀ  նախագահի  հրամանագրի  համաձայն՝   պաշտպանության  կազմակերպման  գործում  Արցախի  Հանրապետությանը մատուցած   բացառիկ   ծառայությունների, ցուցաբերած  քաջության  ու  անձնական  արիության  համար  և  ԱՀ  հռչակման  28-րդ   տարեդարձի   կապակցությամբ  լեգենդար  հրամանատարներ   Լեոնիդ  Ռուբենի   Ազգալդյանին   և   Վլադիմիր  Ալեքսեյի  Բալայանին  հետմահու  շնորհվել  են  <<Արցախի  հերոս>>բարձրագույն  կոչումներ`նրանց  հարազատներին   հանձնելով     <<Ոսկե  արծիվ >>շքանշաններ:

ԼԵԳԵՆԴԱՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահի նստավայրում կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, գեներալներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ ու զինվորներ, ազատամարտի վետերաններ, հասարակական գործիչներ, հյուրեր Երևանից ու արտերկրից:

Ավանդական արարողությանը նախագահ Բակո Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների, պետական ու հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչների: Պաշտպանության գործում հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության եւ արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվեց Արցախի հերոսի կոչում: Անբաժան երկու ընկերների պարգևատրումը երկրի բարձրագույն պարգևով` <<Ոսկե արծիվ>> շքանշանով, հանդիսավոր արարողությանը ներկա գտնվողների կողմից ընդունվեց գոհունակությամբ, երկարատև ծափահարություններով: Չէ ո՞ր նրանք վաղուց են հավերժացած: Հերոսի կոչման հավաստագրերը` շքանշանի հետ հանձնվեց Լ. Ազգալդյանի քրոջը` Նելլի Ազգալդյանին և Վ. Բալայանի այրուն` Մարետա Հարությունյանին:

<<Ես զգացի, թե ժողովուրդն ինչպես է կիսում իմ ուրախությունը: Ուրեմն արդար որոշում է կայացվել, ու մարդիկ սպասում էին անակնկալի,-հուզմունքը չի թաքցնում Նելլի Ազգալդյանը:30 տարի առաջ անդամագրվելով շարժմանը ու մտնելով պայքարի մեջ, տղաներն, անշուշտ, գիտակցում էին իրենց առաքելության կարեւորությունը եւ մեծ պատասխանատվություն էին ստանձնել: Ցավոք, շատերի թվում գաղափարի անբաժան երկու մարտական ընկերներն էլ հերոսաբար զոհվեցին թշնամու դավադիր կրակից` կիսատ թողնելով իրենց երազանքները: Բարեբախտաբար, նրանց ընկերները վրեժ լուծեցին թշնամուց եւ խայտառակ պարտության մատնեցին, ինչի հետ նա այսօր էլ չի հաշտվում: Իսկ որպեսզի հակառակորդը չկարողանա իրագործել իր նենգ մտադրությունները, պիտի առավել զգոն եւ աչալուրջ լինենք, ամրապնդենք երկրի անվտանգությունը, զոհված տղաների, լեգենդար հրամանատարներ Լեոնիդի և Վլադիմիրի, բոլորի երազած երկիրը կառուցենք և հզորանանք>>:

<<Չնայած Լեոնիդն ու Վլադիմիրը ժամանակին պետական բարձր պարգևների են արժանացել, ես անկեղծորեն հավատում էի այս օրվան,–ասում է Մարիետա Հարությունյանը:Տղերքն անմահացել են իրենց հերոսությամբ, և նրանց ոտնահետքերով քայլում են մեր որդիներն ու թոռները՝ արժանապատվորեն իրականացնելով հայրենիքի պաշտպանի պարտականությունները: Փա՜ռք մեր ազատամարտի բոլոր զինվորներին, հայոց բանակին, որ Արցախի անվտանգության երաշխավորն է>>:

Իր ելույթում ԱՀ նախագահը շնորհավորելով պարգևատրվածներին` նշեց. <<Արդեն 28 տարի է, ինչ Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ եւ անկախ, ինքնիշխան պետություն>>: Նա վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս Արցախի ժողովուրդը համատեղ ուժերով կլուծի իր առջև  ծառացած խնդիրներ՝ ինչպիսին էլ նրանք լինեն: