Արցախի ազատամարտիկների միության <<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպության 6-րդ համաժողովը

Սեպտեմբերի 28-ին Արցախի ազատամարտիկների միությունում տեղի ունեցավ <<Հայրենյաց պաշտպան>>երիտասարդական կազմակերպության 6-րդ համաժողովը:Ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, ԱՀ ՄԵ և զբոսաշրջության երիտասարդության բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ներկայացուցիչներ:

Համաժողովը մեկնարկեց ԱՀ օրհներգի կատարմամբ:

Համաժողովն ընտրեց նախագահության կազմ: Այնուհետև Գենադի ՕՀանյանը, ով վարում էր համաժողովի աշխատանքները ելույթի համար խոսքը փոխանցեց Անդրանիկ Գրիգորյանին: Վերջինս հանգամանորեն զեկուցեց <<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպության  կատարած աշխատանքների մասին. Այն ծավալուն էր ու բազմաշերտ:

<<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպությունը իր առջև խնդիր է դրել համախմբել հայ երիտասարդությանն ազգային գաղափարների շուրջ, նպաստել նրանց հոգևոր, ֆիզիկական զարգացմանն ու հայրենասիրական ոգու բարձրացմանը, ամրապնդել երիտասարդ սերնդի կապը մեր ազգային արժեքների և հայոց պետականության անվտանգության երաշխավորը հանդիսացող զինված ուժերի հետ: Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության կողմից իրականացված ծրագրերն ու միջոցառումները ուղղված են եղել երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային և գիտական մակարդակի բարձրացմանը, ազատ ժամանցի ակտիվ կազմակերպմանը, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանն ու նրանց աշխատանքների կազմակերպմանը: Իր միասնականությամբ ու համախմբվածությամբ <<Հայրենյաց պաշտպան>>երիտասարդական կազմակերպությունը կարողացել է արմատավորվել ԱՀ երիտասարդական դաշտում: Այս ամենին զուգահեռ ուսումնասիրվել են առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները,  հնարավորինս ստեղծվել են պայմաններ շրջանային, մասնավորապես գյուղական երիտասարդության լիակատար ինքնադրսևորման համար:

Ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումների շրջանակներում իրականացվել են այցելություններ ՊԲ զորամասեր, հրաձգարաններ և մարտական դիրքեր: Մի քանի անգամ հայրենյաց պաշտպանները մասնակցություն են ունեցել ՊԲ ինժեներական աշխատանքներին:Այցելել են մարտական դիրքեր.մասնակցել` ապրիլյան դիմակայության ժամանակ զոհված հերոսների ծնդյան տարելիցներին: Տոն և հիշատակի օրերին ՀՊ ԵԿ անդամները հաճախակի մաքրման աշխատանքներ են իրականացրել Դաշուշեն գյուղի մոտակայքում տեղադրված լուսատու խաչի մոտակայքում, շաբաթօրյակ կազմակերպել Արցախի ազատամարտիկների անվան  պուրակում: Սպորտային բնույթի միջոցառումների շրջանակում ՀՊ ԵԿ վարչությունը կազմակերպության  շրջանակներում իրականացրել է տարբեր միջոցառումներ:

Անցնելով հաջորդ կետին ներկայացվեց  ՀՊ ԵԿ նորընտիր վարչության անդամների առաջարկությունը: Իր հերթին նորընտիր վարչությունն ընտրեց <<Հայրենյաց պաշտպան>>երիտասարդական կազմակերպության նոր նախագահ` ի դեմս Գևորգ Սարգսյանի, փոխնախագահ ընտրվեց Սամվել Բեգլարյանը: Նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց իրեն նման պատասխանատու պաշտոնում ընտրելու կապակցությամբ և հավաստիացրեց նոր եռանդով ու ոգևորությամբ շարունակել <<Հայրենյաց պաշտպան>>երիտասարդական կազմակերպության սկսած սուրբ գործը: Համաժողովը ապագա գործունեության մասին կայացրեց մի շարք որոշումներ:

Լսելով և քննարկելով ՀՊ ԵԿ վարչության անդամների զեկուցումները երկամյա գործունեության մասին, համագումարը փաստում է, որ անցած 2 տարվա ժամանակահատվածում  մեծ  աշխատանք է կատարվել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական  դաստիարակության, ՀՊԵԿ շարքերը  համալրելու, ԱՀ միասնական երիտասարդական դաշտի ձևավորման, պատմական հուշարձանների պաշտպանության, արցախյան ազատամարտում  զոհված  հայորդիների ընտանիքներին և հարազատներին բարոյահոգեբանական և ֆիզիկական օգնություն ցուցաբերելու, բանակ-հասարակություն կապի ամրապնդման և այլ ուղղություններով:

Համագումարը բարձր գնահատելով ՀՊԵԿ երկամյա գործունեության արդյունքները, միևնույն ժամանակ փաստում է, որ առաջիկայում անհրաժեշտ է ՛լ ավելի  ակտիվացնել  կազմակերպության գործունեությունը, ընթացքավորել չլուծված խնդիրները, որպեսզի <<Հայրենյաց պաշտպանը>>կարողանա հանդես գալ ողջ արցախահայ երիտասարդության անունից: Այս նպատակն է հետապնդում մեր  ողջ գործունեությունը:

ԱԱՄ <<Հայրենյաց պաշտպան>> ԵԿ վեցերորդ համագումարը ապագա գործունեության վերաբերյալ կայացնում է հետևյալ որոշումները.

. Համախմբել  հայ  երիտասարդությանը: Մշտապես աշխատանքներ կատարել ՀՊԵԿ շարքերը 16-35 տարեկան երիտասարդներով համալրելու ուղղությամբ: Նրանց մեջ սերմանել հայրենի երկրի պաշտպանության, զարգացման ու  հզորացման գաղափարը: Առաջնորդվել <<Մեկ  ազգ, մեկ  հայրենիք, մեկ  պետություն>> և <<Հայրենիքի  ապագան երիտասարդության  ձեռքերում  է>>կարգախոսներով:

. Նպաստել ազգային և մշակութային արժեքների  պահպանմանն  ու երկրում  մշակութային  կյանքի  զարգացմանը: Կազմակերպության անդամների հետ իրականացնել պատմամշակութային կոթողների բարեկարգման և մասնակի վերանորոգման աշխատանքներ: Կազմակերպել արշավներ պատմամշակութային վայրեր:

. Մասնակցել հայ երիտասարդին  հայոց  բանակում  պատվով ծառայելու նախապատրաստման  գործընթացին: Հաճախակի այցելել զորամասեր և ծանոթացնել բանակի առօրյային: Կազմակերպել արիության դասեր և հանդիպումներ ազատամարտիկների հետ: Խոչընդոտել երիտասարդների միջոցով բացասական երևույթների և փողոցային բարքերի ներկրումը բանակ:

. Նպաստել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Կազմակերպության անդամների և զինծառայողների հետ համատեղ պարբերաբար իրականացնել տարաբնույթ ռազմահայրենասիրական ծրագրեր:

. Միջոցառումներ  կազմակերպել երիտասարդության գիտական  և  ինտելեկտուալ մակարդակի  բարձրացման  ուղղությամբ: Կազմակերպել սեմինար քննարկումներ, դասախոսություններ, կոնֆերանսներ, ինտելեկտուալ խաղեր և խորհրդակցություններ:

. Ձեռնարկել  անհրաժեշտ  միջոցներ  հաշմանդամների, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների  ընտանիքների սոցիալ-կենցաղային  պայմանների բարելավմանը, ցուցաբերել բարոյական  և  ֆիզիկական օժանդակություն նրանց մշտապես պահելով ուշադրության կենտրոնում:

. Համագործակցություն ծավալել այլ հասարակական, երիտասարդական  կազմակերպությունների  հետ` նրանց  մասնակից դարձնելով ՀՊԵԿ նպատակների  իրագործմանը: Կատարելագործվել փորձի փոխանակման շրջանակներում: Ակտիվ  մասնակցություն  ցուցաբերել ԱՀ քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական գործունեությանը:

. Աջակցել երիտասարդների առողջական  և ֆիզիկական պատրաստվածության  գործընթացին: Կազմակերպել տարբեր բնույթի սպորտային խաղեր և մրցումներ:

.Մշտապես աշխատանքներ կատարել կազմակերպությանը անդամակցող երիտասարդների համար հետաքրքրություններ ստեղծելու ուղղությամբ: Ակտիվ քաղաքականություն վարել կազմակերպությունը զարգացնելու ուղղությամբ և զերծ մնալ այն ամենից, ինչը կարող է բերել կազմակերպության լուծարմանը:

 ԱՀ մշակույթի և զբոսաշրջության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը ողջունելով և շնորհավորելով ՀՊ ԵԿ նորընտիր կազմի կապակցությամբ, շեշտեց, որ իրենց նախարարության աշխատանքները միշտ էլ  ակտիվ ու արդյունավետ են եղել ու գտնվել են բարձր մակարդակի վրա: Նշեց, որ <<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպությունը ԱՀ երտասարդական դաշտում ամենակազմակերպված  և պատասխանատու կազմակերպություններից է ու նաև հավաստիացրեց, որ այսուհետ ևս իրենց համագործակցությունը կլինի բարձր մակարդակի վրա:

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի, վարչության  և իր անունից շնորհավորեց նորընտիր կազմին  վարչության նախագահին ու փոխնախագահին և նշեց, որ <<Հայրենյաց պաշտպան>>երիտասարդական կազմակերպությունը հանդիսանում է ազատամարտիկների միության աջ թևը: Նա նշեց որ միության կողմից կատարվող բոլոր աշխատանքները նպատակաուղղված են մեր երկրի անվտանգության ապահովմանը: Մեր նպատակը մեկն է` աջակցել հայրենի երկրամասի հզորացմանն ու բարգավաճմանը: