Արցախի ազատմարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման գործունեությունը

Արցախ աշխարհում ծավալված ազգային-ազատագրական պայքարը ցույց տվեց,որ համազգային նշանակության բոլոր հաղթանակները կերտվել են  համազգային ուժերի և ջանքերի կենտրոնացման շնորհիվ: Ադրբեջանաղարաբաղյան զինված հակամարտության բոլոր թատերաբեմերում արցախցին հասավ հաջողության,քանզի նրա ուժերը ժամանակին համալրվեցին աշխարհասփյուռ հայության հոգևոր ու նյութական ներուժով: Մենք հաղթեցինք, որովհետև յուրաքանչյուրիս մեջ ծնվեց ու հասունացավ միասնության գաղափարը, մենք հասկացանք ու հավատացինք մեկս մյուսին և իրարով դարձանք անպարտելի ու հզոր:Անչափ կարևոր է, որ դրանում մենք համոզվեցինք ոչ միայն մարտադաշտում,այլև այսօրվա խաղաղ շինարարության բոլոր ճակատներում,իսկ այդ ճակատներից մեկն էլ թերևս այն գործունեությունն է, որ ծավալում է Արցախի ազատամարտիկների միությունը:Միություն,որ ստեղծվել է 2000թ. ժամանակի պահանջով և ըստ անհրաժեշտության: Երկիրն ուներ մի այնպիսի կազմակերպության կարիք,որն ի վիճակի լիներ համախմբել բոլոր այն մարդկանց,ովքեր ընդամենը երեկ՝ մեր ժողովրդի համար ամենածանր պահերին,զինվորագրվել էին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Միությունն իր շուրջը համախմբելով արցախյան գոյապայքարի մասնակիցներին փորձում է ըստ արժանվույն գնահատել յուրաքանչյուրի դերը հայրենիքի անկախության գործում, ինչպես նաև ապահովել հաղթանակած զինվորի  բովանդակալից առօրյան:

Վերջերս զրուցեցինք Քաշաթաղի  տարածքային միավորման  անդամների հետ:Տարածքային միավորման նախագահի խոսքով  ազատամարտիկները հաճախ են հավաքվում:

Հավաքվում են խոսելու տարած հաղթանակներից, ձեռքբերումներից, մարտական հիշողություններից, հիշելու կորցրած մարտընկերներին:

Պատերազմ էր …Առաջ էինք շարժվում միշտ դեպի երևացող նպատակը: Իսկ երբ հերթական բնակավայրն էինք ազատագրում ու վերականգնում նախնական հայկական անվանումը մի անբացատրելի զգացում էինք ապրում:Այդ րոպեներին, հավատացեք ,հստակորեն զգում ես կյանքի երջանկությունը: Պատերազմն անցած ու անկախ երկրում ապրելու իրավունք վաստակած ազատամարտիկները  հանուն Արցախի անկախության չեն խնայել ոչինչ՝ ո՛չ երիտասարդություն, ոչ՛ առողջություն:

Մեր երազած երկիրը կառուցել ենք, բայց դեռ անելիքներ շատ կան, մենք ուզում ենք, որ մեզ ճանաչեն, սա է  մեր մտահոգությունը: Կենցաղային խնդիրները հաղթահարում ենք, հուսալով, որ էլ ավելի կբարելավվի  մեր կյանքը,-ասում են ազատամարտիկները:

Տարածքային միավորման նախագահի խոսքով՝ գրեթե բոլոր անդամները պարգևատրված են մեդալներով, պատվոգրերով, սակայն ամենամեծ պարգևն ու հատուցումը նրանք համարում են մեր երկրի անկախությունն ու մեր հզոր բանակը:

Ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ Քաշաթաղի շրջանից 1200 կամավոր մեկնեց առաջնագիծ, 10-ից ավելի մարդ՝ փոքրիկ Աղանուսից: ԱՀ նախագահի հրամանագրով մի շարք կամավորականներ պարգևատրվել են <<Մարտական ծառայություն>>մեդալով: Աղանուսից այդ պատվին է արժանացել կամավորական Արմեն Հովհաննիսյանը: Ազատամարտիկները շնորհակալ են Արցախի ազատամարտիկների միության նախագահից: Ասում են մենք ապրում ենք վերածնված հողում, միշտ էլ ուշադրության կենտրոնում ենք:

Պատերազմ հիմա չկա, սակայն բացվող ամեն մի խաղաղ օրվա երաշխիքը հայ զինվորի գործն է,- ասում են Արցախի ազատամարտիկների Քաշաթաղի տարածքային միավորման 5-րդ համայնքի անդամները:

Պատերազմում հաղթանակած ազատամարտիկները վստահ են, որ շարունակվում է իրենց սկսած սուրբ գործը, որ հայրենիքի սահմանը վստահել են մի սերնդի, ով հստակ գիտի, որ հայրենիքը վերադրձվել է ավագ սերնդի արյամբ:

Զրուցելով ազատամարտիկների հետ, համոզվում ես, որ հետպատերազմյան հոգսերն ու անցումային շրջանին հատուկ դժվարություններն անգամ ի զորու չեն կոտրել ազատամարտիկի ոգին, որ այսօր էլ նրանք հավատարիմ են հայրենյաց պաշտպանի վեհ կոչմանը` հաղթողի իրավունքով միշտ պատրաստ զոհել իրենց կյանքը:

Այսօր Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի  տարածքային միավորման  անդամները խրոխտ հայացքով են ետ նայում իրենց անցած ճանապարհին, նայում են և հպարտությամբ փաստում` պատվով ենք կատարել մեր սերնդին բաժին ընկած առաքելությունը: Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի վերջակետվել խաղաղության մեծ համաձայնագրով: Իսկ դա նշանակում է, որ մեր երկրին ազատամարտիկների համախմբված ներուժն հույժ անհրաժեշտ է, քանզի վերահաս պատերազմի վերսկսման սպառնալիքը մնում է օրակարգում, իսկ դրա համար կազմակերպված բանակի մոդուլ ուենենալը անհրաժեշտ է: Եվ պատահական չէ որ այս միության նկատմամբ ակնածանք է տածում յուրաքանչյուր հայրենյաց պաշտպան: Մենք հպարտ ենք մեր միությամբ, նրա գործունեությամբ:

Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի համայնքային միավորման խորհուրդն իր աշխատանքներում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. <<Կառուցելով ու ամրապնդելով մեր պետությունը մենք իրական ու շոշափելի ենք դարձնում ժողովրդի երազանքը, այն է` պահպանել  Արցախյան գոյապայքարում ձեռք բերած արժեքները` ազգասեր ոգին, միասնական ու անկոտրում կամքը, մարտունակությունը, սեփական ուժերով կռելով վաղվա հաղթանակը>>: Մենք համոզված ենք, որ Արցախի ազատամարտիկների միությունը այսուհետ ևս իր ակտիվ մասնակցությունը կունենա մեր հանրապետության կենսագործունեության մեջ: Արցախյան ազատամարտի մասնակիցներին  համախմբող հասարակական կազմակերպությունը այսուհետ ևս իր ուժերն ու կարողությունը կներդնի պետականակերտման կարևորագույն գործում: