Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Աշոտ Համայակի Ղուլյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

Հայրենակիցներ, այսօր Արցախյան գոյապայքարի նվիրյալ, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանը կդառնար 60 տարեկան: Սիրված հրամանատարը ռազմաշխարհի այն անհատականություններից էր, ով իր կյանքով ու անմնացորդ նվիրվածությամբ կերտեց Ազատության ճանապարհը: Կենդանության օրոք լեգենդ դարձած զինվորականը պատվով կատարեց իր առաքելությունը. սեփական կյանքի գնով փրկեց հող-հայրենին, ազատագրեց հայոց ոստան Արցախը:

Բեկորն այն նվիրյալներից էր, ով մեծ ներդրում ունեցավ նաև Հայոց բանակի կազմավորման ու ստեղծման սուրբ գործում: Քաջությունն ու մարդկային վսեմ բնավորությունը նրան դարձրին ժողովրդի սիրելին և ազատատենչ ոգին: Իր վարքով և առաքինի կերպարով նա սերունդների համար հայրենասիրության ոգի է, արիության խորհրդանիշ:

Ակնհայտ է, որ «մեր ժողովրդի ամենազորավոր զենքը միշտ էլ եղել է ոգին: Ամեն ճշմարիտ հերոս նախ ոգու հերոս է»:

Մեծ խորհուրդ ու նշանակություն ունի Ազատամարտի նվիրյալ Աշոտ Ղուլյանի անցած մարտական ճանապարհը, որն այսօր նոր սերնդի համար ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն միջոց է: Եվ այս օրը ևս մի առիթ է վերարժևորելու անմահ հերոսի անցած ճանապարհի բացառիկությունը, սխրանքներով լի կյանքի նկարագիրը:

Իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Աշոտ Ղուլյանի հարազատներին՝ այդպիսի նվիրյալ և հայրենասեր զավակ դաստիարակելու համար:

Արցախյան ազատամարտի լեգենդար հերոսներից մեկի՝ Աշոտ Ղուլյանի կերպարը սերունդների սրտերում կապրի որպես արիության և սխրագործության դաս և ուղեցույց՝ մեր ժողովրդի լինելիության ճանապարհին:

Փա՜ռք հերոսական մեր հայրենիքի անձնվեր ու քաջակորով ազատամարտիկներին, փա՜ռք երկրի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մարտիրոսներին, փա՜ռք մեր ժողովրդին, որ վստահորեն կերտում է իր ապագան:

 

Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր

Սամվել Կարապետյան