Հիշենք և փառավորենք հայրենիքի նվիրյալին

Հոկտեմբերի  6-ին, լրացավ Արցախյան գոյապայքարի նվիրյալներից մեկի՝ Աշոտ Ղուլյանի (Բեկորի) ծննդյան 60-ամյակը:Ներկա էր ԱՀ ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորն Արցախյան ազատամարտի լեգենդներից է, որի սխրանքներն օրինակ կծառայեն սերունդների համար:

Արցախի ազատամարտիկների միության մի շարք անդամներ իրենց լուռ խոնարհումը բերեցին հայրենիքի նվիրյալի հիշատակաին:

Բեկորը մասնակցել է Արցախում մղված մարտերից շատերին: Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը դարձավ Բեկորի համար։

Նա հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի, պարգևատրվել՝«Ոսկե արծիվ» շքանշանով:Ելույթով հանդես եկան Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անունը կրող թիվ 2 դպրոցի  տնօրենն ու աշակերտները: Այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում տեղի ունեցավ հուշ–ցերեկույթ՝  նվիրված հայրենիքի նվիրյալի հիշատակին: Ներկաների ուշադրությանը ներկայացվեց  ՊԲ  <<Գոյամարտ>> հեռուստածրագրի պատրաստած «Բեկորը կամ Հայրենասիրության բանաձևը» ֆիլմը:

Բեկորի մարտընկերները, հարազատները բեկոր առ բեկոր ամբողջացրին նրա մարտական կենսագրությունը:Իսկ ելույթ ունեցող ժամկետային զինծառայողը հավաստիացրեց, որ նրանք դաստիարակվում են Բեկորի հերոսական էությամբ:Արցախի Ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Աշոտ  Ղուլյանի  60-ամյակի կապակցությամբ ներկայացրեց միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը:Է. Խաչատրյանը միության կողմից արժեքավոր  հուշանվեր հանձնեց Աշոտ Ղուլյանի ընտանիքին: Հուշ–ցերեկույթին հնչած ելույթներն ընդմիջվում  էին ՊԲ <<Ասպետ>> համույթի ռազմահայրենասիրական կատարումներով: Բեկորն ապրում է ապրողների հոգիներում: Հիշենք և փառավորենք հայրենիքի նվիրյալին: