Հուշամրցաշար՝ նվիրված շախմատիստ, ազատամարտիկ Սամվել Սաֆարյանի հիշատակին

Հոկտեմբերի 4-ից 7-ը մայրաքաղաքի Շախմատի կենտրոնական տանն անցկացվեց հուշամրցաշար՝ նվիրված զոհված ազատամարտիկ, շախմատիստ Սամվել Սաֆարյանի հիշատակին։

Սամվել Միքայելի Սաֆարյանն արցախյան գոյապայքարի նվիրյալներից է: Ապրեց կարճ, բայց միևնույն ժամանակ՝ հերոսական կյանքով: Նրա շնորհիվ ոչնչացվել են թշնամու բազմաթիվ կրակակետեր: Հայորդին ակտիվորեն մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջաններում ծավալված մարտական գործողություններին: Շարքային զինվորից դարձել է մարտկոցի հրամանատար, հրետանու շտաբի պետ, հրետանային բրիգադի հրամանատար: 1993թվականին Ասկերանի շրջանում ծանր վիրավորվել է, երկար բուժվելուց հետո ՝ դեռ չապաքինված նորից նետվել՝ մարտի: Մեծ է նրա ներդրումը հրետանու զարգացման գործում: Նրան հրետանու ուղեղ էին անվանում:

Ավանդական դարձած այս մրցաշարն անց է կացվել շվեյցարական մրցակարգով՝ ԱՀ գրեթե բոլոր շրջանների 56 մասնակիցներով՝ արագ շախմատի կանոններով։ Մրցույթի անմիջական նախաձեռնողը Պաշտպանության բանակն ու շախմատի  ֆեդերացիան էին։

Առաջինից երրորդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ՊԲ և շախմատի ֆեդերացիայի կողմից:Արցախի ազատամարտիկների միության կողմից Սամվել Սաֆարյանի այրուն հանձնվել է արժեքավոր հուշանվեր: Սամվել Սաֆարյանի այրին ՝ Նունե Սաֆարյանը, իր շնորհակալությունն ու գոհունակությունն է հայտնել Շախմատի ֆեդերացիային, ՊԲ–ին և Արցախի ազատամարտիկների միությանը նմանօրինակ վերաբերմունքի համար: