Ազատության նվիրյալը

Ազատամարտի նվիրյալներն այսօր էլ մեր կողքին են: Մեր կողքին են իրենց ոգեղեն ներկայությամբ և Հայրենիքի ապագայի համար անսակարկ ապրելու գաղափարով: Եվ այդ գաղափարն այսօր սերնդեսերունդ փոխանցվում է մեր որդիներին, որպես պատգամ և գոյության բանաձև…

<<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Վլադիմիր Բաբայանը մեր 6000 նահատակ այն տղաներից է, որոնց համար սեփական կյանքից երիցս առավել թանկ էր Հայրենիքի ազատությունը: Դրա լավագույն վկայությունն է նաև այն, որ 1988-ին, երբ Արցախում ահագնանում էր ազատագրական շարժման ալիքը` նա ընտանիքով մի կերպ փրկվելով Սումգայիթյան դժոխքից` չերկմտեց հաստատվել հայրենիքում: Շատ-շատերի նման չգերադասեց արտերկրի հարմարավետ կյանքը, այլ` եկավ Հայրենիք, քարը քարի վրա դնելու և շենացնելու այն:

Հայի արարչագործ ձեռքերով հիմնված Սումգայիթ քաղաքում է ստացել միջնակարգ կրթությունը, այնուհետև ծառայել Խորհրդային բանակում: Իսկ Արցախում հիմնվելուց հետո, երբ օր-օրի պարզ էր դառնում, որ առանց զենքի հնարավոր չէ լուծել ժողովրդի բարձրացրած ազգային հարցը` զինվորագրվում է կամավորական շարժմանը: Քիչ ավելի ուշ` ընկերների հետ ստեղծում են <<Վրեժ>> ջոկատը, որը կազմված էր 47 սումգայիթցի տղաներից և մասնակցում բազմաթիվ ռազմագործողությունների: Անվեհեր մարտիկի համար, ցավոք 1993 թվականի հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլի շրջանի Կոյջակ գյուղի համար մղված կատաղի մարտը վերջինը եղավ…

Մի առիթով կինը`Արեգան, պատմել է, որ մարտից առաջ ընկերոջ հետ եկել էր տուն և շատ տարօրինակ էր պահում իրեն: Կարծես զգում էր, որ կնոջ ու երեխաների հետ վերջին անգամն է տեսակցում: Այդ օրը բոլորի հանդեպ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք էր դրսևորում, իսկ երբ պետք է հեռանար` կնոջը խնդրեց ճանապարհել իրեն` ասելով. <<Գուցե վերջին ճանապարհելն է>>: Իսկ մի քանի օր հետո Արեգան, ով աշխատում էր հոսպիտալում, լսեց չարաբաստիկ լուրը…

Մարտական ընկերները, հարազատները Վլադիմիրի հիշատակը միշտ վառ են պահում իրենց հոգում:

Վլադիմիրի մասին հիշողություններով կիսվեցին մարտական ընկերներ` Դավիթ Առուշանյանը, Անդրեյ Մելքումյանը` հավաստելով, որ այսօր էլ նա իրենց շարքերում է և բացակայում է լոկ ֆիզիկապես: Ինչքան էլ դժվար է ընկերոջ մասին անցյալ ժամանակով խոսելը, նրա լուսանկարի մոտ, այնուամենայնիվ, մարտական ընկերները ներկաներին  պատմեցին պատերազմական  դրվագներ, որտեղ Վլադիմիրը հառնում է որպես լավ ընկեր, անվախ ու քաջարի մարտիկ` ով մարտադաշտում երբեք չի լքում իր ընկերներին: Իսկ Վլադիմիրի վերջին մարտն էլ ծանր էր բոլորի համար, որովհետև կորցրել էին իրենց լավագույն ընկերներին: Անգամ այն, որ հակառակորդը ավելի շատ կորուստներ է ունեցել այդ օրը, չէր սփոփում ոչ մեկին:

Միջոցառման կազմակերպիչներին երախտիքի խոսք ասաց Վլադիմիրի այրին` Արեգան, ով ամուսնու նման Պաշտպանության բանակի ստեղծման ակունքներում էր,  այսօր մեծ ցավով է լսում նոր զոհերի մասին: Զոհված ազատամարտիկի կնոջ միակ ցանկությունն այն է, որ  Արցախում այսօր լիարժեք խաղաղություն տիրի և այլևս ոչ մեկը հարազատի կորուստ չունենա: