Հիշենք և մեծարենք

Դարեր ի վեր մեր սրբությունների սրբություն հայրենիքի ազատությունը վերանվաճել ու կրկին կորցրել ու կրկին գտել ենք բազում քաջորդիների կյանքի  ու արյան գնով: Հայի  ամեն մի սերունդ հայրենիքի համար արյուն է թափել ու այսպես դարերի հետ կռիվ տալով դաժան կորուստների գնով սերնդեսերունդ  փոխանցվելով մեզ է հասել մեր հայրենիքը: Նրա անկախության ճանապարհին հազարավոր զավակներ ենք կորցրել, հազարավոր օջախների սյուն է փլվել մեր հայրենիքի անկախության ճանապարհին: Այդ ընտանիքներից է Հարությունյանների ընտանիքը: Վաչագան Հարությունյանը ծնվել է  1967թ. հուլիսի 3-ին Ստեփանակերտում:

Ծառայել է խորհրդային բանակի շարքերում:Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել կոշկի ֆաբրիկայում:

Վաչագանը արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր,1991-ից կամավորագրվել է Արցախի ինքնապաշտպանական ուժերում ԿՊՇ-ի ստորաբաժանումներից մեկի կազմում մասնակցել՝ Լաչինի, Աղդամի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Զանգելանի,  Հորադիզի, Մարտակերտի շրջանի մի շարք կրակակետերի վնասազերծման մարտերին:

Արժանապատվություն ունեցող երիտասարդը ստիպված էր պաշտպանել իր ժողովրդի  պատիվն ու արժանապատվությունը: Նրա համար վատ մարդ չկար, տարիքին համապատասխան լրջախոհ էր, պարտաճանաչ  և միևնույն ժամանակ խիզախ ու նրբահոգի: Շրջապատի ուրախությունն  էր, գոհանում էր շրջապատին ուրախություն պարգևելով:  Նա չէր ընկրկում դժվարություններից: Մարտընկերները պատմում են՝ անկախ այն բանից, թե առաջադրանքն ինչ ընթացք էր ստանում, միևնույն է, նա երբեք գործը կիսատ չէր թողնում: Պատերազմում շատ արագ բացահայտվեց Վաչագանի մարտական ձիրքը:Նա չէր սիրում ճառել, մարտընկերների հետ սիրում էր խորհրդակցել, բայց վճռորոշ պահերին որոշումն ընդունում էր ինքը: Քաջ էր ու համեստ, խիզախ  ու  շիտակ, ուներ հրամանատարին հատուկ ոգի, իսկական զինվորական էր: Բարի, լայնախոհ մարդ էր  Վաչագանը, հարգում էր  մեծահասակներին, գորովագութ սեր տածում   փոքրիկների հանդեպ: Տանը հազվադեպ էր լինում, թեև գիտեր, որ իրեն կարոտով էին սպասում հարազատները: Նա  Արցախի համար պայքարող այն մարտիկներից էր, ում բնավ չէր մտահոգում անձնական կյանքը: Շնչում, ապրում էր ժողովրդի ցավով ու տառապանքով, նրա երջանկությամբ: Հայորդու բարեմասնությունների  մասին կարելի է երկար խոսել, բայց նրա ամենամեծ  բարեմասնությունը  հանուն հայրենիքի մարտիրոսվելն էր:Նրա ջահել կյանքը բացառապես նվեր  ու ծառայություն էր հայրենիքին: Քաջորդին  հարազատների ու մարտական ընկերների հիշողության մեջ ապրում է որպես խիզախ ու հայրենասեր  մարտիկ և ընդհանրապես լավ մարդ:

  Պետությունը կկայանա, երբ հայ մայրը  պատրաստ կլինի  հայրենիքի զոհասեղանին  դնել իր որդիներին:  Նժդեհյան այս խոսքերի  ճշմարտացիությունը բազմիցս  հաստատել է հայ մայրը: Թերևս   սա է հայ կնոջ  վեհ դիմագծի  ողջ առեղծվածը անաց ցավի ու ծանր վշտի փոխհատուցումը  համարելով ազատ ու անկախ  հայրենիքը ՀՀ <<Արիության համար>> մեդալով պարգևատրված Վաչագան Հարությունյանի  մայրը՝ տիկին Նատաշան, իր մեծ ցավի  միակ սփոփանքն ու մխիթարանքը համարում է այն, որ իր որդու արյամբ սրբագործված Արցախ  աշխարհում մեծանում են նաև իր թոռներն ու ծոռները, որ նաև իր դաստիարակած որդու շնորհիվ է, որ ունենք ազատ ու անկախ հայրենիք: «Ուժն է գաղափարի պահապանն ու իրավունքի ծնողը»: Ահա այս սկզբունքն էր դրված Վաչագան Հարությունյանի   հայրենասիրական բոլոր գործողությունների  հիմքում: Նրա  անավարտ կենսագրությունը սերունդների  դաստիարակության համար լավագույն օրինակ է, ճշմարիտ կյանքով ապրելու պայծառ վկայություն: Իր անձնազոհ  նվիրումով և գիտակից հայի խոյանքներով նա կռեց հայրենի  բնաշխարհի ազատությունն ու անկախությունը, սակայն չտեսավ ազատագրված հայրենիքը:

Ցավից մրմռում, մխում է  տիկին Նատաշայի սիրտը, ալեկոծվում՝ հոգին, բայց գիտի որ այս հողը սրբացել է նաև իր որդու թափած արյամբ, ինչն էլ հուշում է ապրել, ապրել…