Կնոջ Պատերազմը

1988 թվականի համազգային շարժումը համախմբեց աշխարհասփյուռ հայությանը: Պատերազմ  էր, կշեռքի նժարին էր  Արցախի ազատության հարցը:Այդ նվիրյալ գաղափարին էր  ուղղվել ամեն բան՝ քաջորդիների անկոտրում կամքն ու  ոգեղեն խիզախությունը, հանուն հայրենիքի ինքնազոհաբերման պատրաստակամությունը:

Սեփական հողի պաշտպանությանը նվիրվեցին նաև կին ազատամարտիկներ: Թիկունքից մինչև մարտի դաշտ ու խրամատ` հայ կինը զենքը ձեռքին իր որդու, ամուսնու և եղբոր կողքին էր: Նա դարձավ վահան ու պաշտպանեց հող հայրենին: Ազատամարտին, վիճակագրական տվյալների համաձայն, մասնակցել է ավելի քան 200 կին ազատամարտիկ:

Հայրենիքի նվիրյալ կանանց շարքերում էին Կարմիր շուկայի ձորակի 21-րդ մոտոհրաձգային գումարտակի մարտական ապահովման առանձին ստորաբաժանման կապի դասակի կապավորներ Մարիետա Վլադիմիրի Հովսեփյանը, Նաիրա Լևոնի Քարամյանը, Վեներա Արտաշի Առաքելյանը, Վերա Շուրայի Ղազարյանը:

Կապի դասակի կազմավորման ու անցած մարտական ուղու մասին մեզ պատմեց Արցախյան ազատամարտի տարիներին դասակի կապավոր, Արցախի ազատամարտիկների միության Թաղավարդի համայնքային միավորման նախագահ, «Արցախփոստ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղի Թաղավարդի բաժանմունքի պետ Ռուդիկ Բադասյանը:

1992թ. ամռանը Կարմիր շուկայի ձորակում գործող ստորաբաժանումների հիմքի վրա սկսեցին ձևավորվել գումարտակային կազմավորումներ: Հուլիսի սկզբներին Կարմիր շուկայի, Թաղավարդի, Շեխերի, Զարդանաշենի և Սարգսաշենի ինքնապաշտպանական ուժերի միավորմամբ կազմավորվեց Կարմիր շուկայի գումարտակը` Առուշան Բադասյանի հրամանատարությամբ: Օգոստոսին ձևավորվեց կապի դասակը, որի հրամանատարն էր Շահեն Բեգլարյանը:

Պատերազմի սկզբնական փուլում կապի միջոցների, զինվորական կապի մասնագետների պակասը, դեռևս չձևավորված ստորաբաժանումները և համակարգը խոչընդոտում էին զինված ստորաբաժանումների ղեկավարմանը: Առանց կանոնավոր կապի անհնար էր կռվել ու հաջողության հասնել: Անցնելով բավականին բարդ ու դժվարին ուղի` դասակն ապահովել է գումարտակի ուժերի մշտական և հուսալի ղեկավարումը, դարձել նրա հաջողությունների գրավականներից մեկը: 1993թ. ապրիլին դասակը համալրվեց կապի հրամանատարական մեքենայով, որի միջոցով տեղեկատվությունը հաղորդվում և ընդունվում էր առանց շեղումների և կորստի:

Անհրաժեշտություն էր նաև կապի ապահովումը մարտական դիրքերի և թիկունքի միջև, և այդ պատասխանատու գործը հանձն առան Վեներան, Մարիետան, Նաիրան և Վերան: 1993թ.-ի սկզբներին նրանք բոլորն էլ երիտասարդ աղջիկներ էին, երբ նվիրվեցին հայրենիքի ազատագրության սուրբ գործին:

Նրանց` հայ կնոջ ավանդական նուրբ ու հեզ կերպարին զուգակցվեց մեկ այլ` խիզախ և քաջ կերպար, ինչպես մեր պատմության բազմաթիվ դրվագներում: Տարիների հեռավորությունից նրանք վերապրում են այդ ծանր օրերը` ցավով, ափսոսանքով, ինչ-որ տեղ` նաև ուրախությամբ: Զրույցի ընթացքում զրուցակիցներիս հիշողությունները տանում են 90-ականները: Վեներան 1988թ. Մինգիչաուրից տեղափոխվել է Ստեփանակերտ, 1992թ.` հայրենի Թաղավարդ, իսկ 1993թ. հունվարին, 21-րդ գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար Կարեն Ալավերդյանի առաջարկով, ծառայության է անցել նույն գումարտակի կապի դասակում, որտեղ իր ավանդն է բերել մինչև 1995թ.: «Զարմանալին այն է, որ այդ ընթացքում չենք հիվանդացել, չենք բացակայել ու երբեք չենք տրտնջացել: Սկզբում, իհարկե, դժվարանում էինք, բայց մեր աշխատասիրության և ընդունակությունների շնորհիվ հմտացանք: Հիշում եմ` լեգենդար Ավոն հաճախ էր գալիս մեզ մոտ և միշտ գոհ էր մեր կատարած աշխատանքից»,- պատմում է մասնագիտությամբ մանկավարժ, նախկին դաստիարակչուհի Վեներան:

Մարտունու շրջանի Թաղավարդ-Կալերի ակումբավար Մարիետայի հետ զրույցը սկսվեց 1988թ. հիշողություններով: Մեծ ոգևորությամբ պատմում է, թե ինչպես է մասնակցել Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքներին ու ցույցերին: «Այդ ժամանակ աշխատում էի Կարմիր շուկայի կուլտուրայի տանը: Շարժումը համազգային էր, և պարտավոր էի համարում բոլորիս մասնակցությունը:

Այնքան ուժեղ էր հայրենասիրական ոգին, որ ես ու եղբայրս` Սամվելը, դեմ ենք գնացել հորս հորդորներին ու գիշերները թաքուն դուրս ենք եկել տնից, որպեսզի մասնակցենք հանրահավաքներին, ոգևորված այն հույսով, որ Արցախը կմիանա Մայր Հայաստանին` չպատկերացնելով, որ այն կվերածվի արյունալի պատերազմի», -վերհիշում է նա:

Շարժման փոխակերպումից նրանք ինքնըստինքյան մտան նաև պատերազմական փուլ` որպես եղբայրների և ընկերների աջակից: 1993թ. հունվարից մինչև 1995թ. նոյեմբեր շտաբում ծառայել են անթերի: Սկզբում շտաբը տեղակայված էր Թաղավարդում, ամռանը տեղափոխում են Կարմիր շուկայի գյուղամերձ տարածք, այնուհետև` Ֆիզուլի: Կին ազատամարտիկներից յուրաքանչյուրն առանձնահատուկ էր իր գործունեությամբ ու կատարած աշխատանքով: «Կապավորի ծառայությունը շատ բարդ է և պատասխանատու: Եվ մենք` կապավորներս, գիտակցում էինք մեզ վստահված խնդրի կարևորությունը»,- ասում է Մարիետան:

Մարիետայի հուշերում առանձնահատուկ տեղ ունեն նաև ֆիդայիների համար հաց թխողները, ովքեր գիշերները թոնրում հաց էին թխում և սնունդ մատակարարում մարտիկներին:

Տարիներն անցել են, բայց ոգին ու սերն առ հայրենիք մնացել է նույնը: Այսօր նրանք նույն ոգով դաստիարակում են իրենց որդիներին: Հպարտությամբ են նշում, որ ներդրում են ունեցել ազատագրական պայքարին:

Կին կապավորների նվիրական, հայրենանվեր ու պատվով կատարած գործն ակնածանքով են գնահատում մարտական ընկերները: «Աղջիկներն իրենց առաքելությունը կատարել են անթերի, պարտքի ու պատասխանատվության զգացումով: Տղամարդկանց հավասար կրել են պատերազմի դժվարությունները:

Նրանց նմանների սխրանքի ու նվիրումի շնորհիվ է, որ հաղթանակ տարանք Արցախյան պատերազմում»,- այսպես է բնորոշում կին ազատամարտիկներին ազատամարտիկ Լևոն Ալավերդյանը:

Հայրենիքին մատուցած անբասիր ծառայության, բարեխիղճ աշխատանքի համար նրանք պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրերով:

Ցավոք, Արցախյան պատերազմը, բացի ազատագրված հայրենիքից, անկախ պետությունից, շատերին անդառնալի ցավ ու կորուստ է պատճառել: Այո, պատերազմն ունի իր չգրված, դաժան օրենքները: Մարտական գործողությունների ընթացքում արիաբար մարտիրոսվեցին Մ. Հովսեփյանի, Ն. Քարամյանի և Ռ. Բադասյանի հարազատ եղբայրները, ովքեր ապրողներիս հուշերում կմնան որպես հավերժի ճամփորդներ: