Մարտական հիշողություններ

Արցախյան պատերամը մեզ տվեց ոչ միայն ազատություն, այլև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Համախմբվածությունը, երևույթներն ճիշտ հասկանալու կարողությունը, պայքարելու կամքը մեզ տվեց հաղթանակ: Այդ ժամանակ յուրաքանչյուր գյուղում ի հայտ եկան նվիրյալներ, ովքեր անհնարինը հնարավոր դարձրին և ապացուցեցին ոսոխին,որ ուժեղինն է հաղթանակը: Արցախյան պատերազմում իր անուրանալի դերակատարությունն ունեցավ Ճարտարի «Արայիկ» ջոկատը:

1992 թ. մայիսի 14-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի(այժմ քաղաքի) երիտասարդության հավաքն էր. օրըստօրե ահագնացող վտանգի առջև հարկավոր էր համախմբել անառիկ լեռների կրծքին բազմած շենի առողջ ուժերը, կազմակերպել և ստեղծել ինքնապաշտպանական ջոկատ, լուծել պաշտպանական գծի, զենք-զինամթերքի, համազգեստի և փոխադրամիջոցների հարցերը:

Ինչ խոսք, ջոկատի ստեղծումը չի կարելի կապել սոսկ գյուղի ինքնապաշտպանության հետ: Գերակա նպատակը մեկն էր. բարձրացնել մարդկանց ոգին, հույս և հավատ ներշնչել, հիշեցնել, որ իրենց հպարտ պապերը երբեք չեն ընկրկել ո՛չ թշնամու բիրտ ուժի, ո՛չ քանակային, ո՛չ զինատեսակների գերազանցության առջև: Հիշեցնել, որ հետջրհեղեղյան առաջին պատերազմում, երբ տիտանյանները ելել էին հսկաների դեմ, հաղթանակ են տարել իրենց նախնիները՝ ցեղի անվանադիր Հայկ Աղեղնավորի առաջնորդությամբ:

Ջոկատը կոչված էր ճակատում և թշնամու թիկունքում ցանկացած մարտական գործողության մասնակցելու, ընդ որում՝ ոչ միայն Ճարտարի ուղղությամբ, այլև ցանկացած վայրում և պահի, երբ ի հայտ գար դրա անհրաժեշտությունը: Փաստորեն, ստեղծվում էր մի հատուկ նշանակության ջոկատ, որի մարտիկներից ոմանք, ճիշտ է, անցել էին Աֆղանական պատերազմի բովով, սակայն հիմնական մասը չուներ և չէր էլ կարող ունենալ անհրաժեշտ պատրաստվածություն. նրանք հողի ազնիվ մշակներ էին, որ նոր էին ելել աշակերտական սեղանից կամ բուհում ուսումը թողած՝ անվտանգ ու խաղաղ մայրաքաղաքից վերադարձել էին հայրենի եզերքը պաշտպանելու:

«Մեր  խմբի    տղաներից  Երևանի  պետական համալսարանի իրավաբանական  ֆակուլտետի   4-րդ  կուրսի ուսանող Արայիկ  Ավանեսյանը, անցնելով որոշակի պատրաստվածության փուլ, եկավ   հայրենի  Ճարտար    և,  ցավոք սրտի, մարտական  գործողության   ժամանակ  թշնամու   գնդակից  զոհվեց: Արայիկը եղավ Ճարտարի  առաջին  զոհը,  և,  ի  պատիվ  նրա,  կոչվեցինք   «Արայիկ» ինքնապաշտպանական   հատուկ   ջոկատ: Մեզ  կոչել  են  հատուկ   ջոկատ, որովհետև  գաղափարական  կուռ   հիմքեր ենք  ունեցել, այդ  թվում՝    ֆիզիկական     լուրջ  պատրաստություն և   հայրենապաշտություն: Մենք  կարողացել ենք   ստեղծել  միասնական ու   համախմբված   ջոկատ, որը փայլուն   կերպով  կատարել  է  հատուկ  առաջադրանքներ: Հպարտությամբ   պետք  է  ասեմ, որ   ոչ  մի    մարտական  գործողության  ժամանակ  ջոկատը պարտություն  չի  կրել:  Մեր  հիմնական  խնդիրն  էր  հայրենի  գյուղի  և  հարակից  համայնքների պաշտպանությունը:  Անհրաժեշտության  դեպքում մենք  հանդես  ենք  եկել   նաև  արագ  արձագանքման  ջոկատ:  Երբ  որ  պետք   էր   հետախուզություն  կամ  հատուկ  առաջադրանքներ  կատարվեր, դիմում  էին  մեր  ջոկատին: Հետաքրքիրն  այն  էր, որ ժամանակ  անց,  թուրքերը,  իմանալով  որ  մեր  ջոկատի   հետ   պիտի ճակատեն, վախենում  ու չէին հարձակվում: Մենք գիտեինք, որ   կյանքի գնով   պետք  է  պաշտպանենք  մեր   հողը և  մարտի  դաշտում  չպիտի  թողնեինք    զոհ  կամ  վիրավոր»,- մասնավորապես  ասել   է  ջոկատի  հրամանատարը:

Սևակ Ղուկասյանը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետից էր, Վահրամ Ղահրամանյանն ու Հովիկ Ջիվանյանը` իրավաբանության, Մեսրոպ Մեքիյանը` Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ծանրամարտի բաժնից… Ջիվանու խոսքով՝ «Երկիրը ուսեալ զաւակին է փայփայում մօր պէս…».-Երկիրն իր զավակների կարիքն ուներ:

Ջոկատի ստեղծման նախաձեռնողը Վահրամն էր: Երրորդ կուրսի ուսանող էր: Ծառայել էր Աֆղանստանում` հատուկ նշանակության զորքերում, հմտացել արևելյան մարտարվեստներում: Ազատագրական շարժման սկզբից ևեթ մասնակցել էր մարտական գործողություններին, մշտապես պատվով ելել անգամ ամենածանր իրավիճակներից: Հիմա ժամանակն էր, որ իր փորձը փոխանցի: Հենց նա էլ ստանձնեց ջոկատի հրամանատարությունը և շուրջ մեկ տարի ղեկավարեց մարտերը: Վահրամի ծանր վիրավորվելուց հետո արդեն գումարտակի վերածված ջոկատը Հովիկ Ջիվանյանն էր ղեկավարում, մի մարտիկ, որ միայնակ գրոհել և գրավել էր թշնամու ամրացված բարձունքը: Հետո նրան փոխարինելու էր Սևակ Ղուկասյանը: Տարիներ անց էլ Սևակի կուրսեցիները միշտ պնդում էին, որ նրա պես խելացի և համեստ մեկը չկար ֆակուլտետում: Հետագայում էլ, Ֆրունզեի անվան ակադեմիայում ուսանելիս, Սևակը մշտապես աչքի էր ընկնելու իր համակողմանի գիտելիքներով:

Ջոկատը տարբեր ուղղություններում մասնակցել է երեք տասնյակից ավելի մարտական գործողությունների եւ երբեք պարտություն չի կրել՝ փայլուն կատարելով իր առջև դրված մարտական առաջադրանքները, անկախ այն բանից, թե թշնամու ինչ ստորաբաժանում և ինչ միավորում է իր առջև: Այդպես երկու անգամ մարտի բռնվեցին իրենց քանակապես գերազանցող «Գորշ գայլերի» հետ, որ հատուկ հեղինակություն էին վայելում թշնամու ռազմուժի կազմում, տարբերվում էին իրենց պատրաստվածությամբ, զինվածությամբ: Սակայն վերջիններիս սին-հերոսական համբավը չփրկեց նրանց: Երկու ընդհարումների ժամանակ էլ «գայլերը» գլխովին ջախջախվեցին՝ առաջին անգամ Ուրյան լեռան մարտում տալով վեց զոհ և նույնքան վիրավոր, ինչից հետո անմիջապես գործեց կաշին փրկելու գայլային բնազդը, և մեծաքանակ ռազմամթերք, զոհեր ու վիրավորներ թողնելով` իսպառ անհետացան: Գևորգավանի տեղամասում «գայլերը» թերևս արդեն սերտել էին հայտնի դասը՝ ամենակատաղած գայլի համար էլ կգտնվի արժանի գելխեղդ:

Հայրենիքը գնահատեց իր զինվորների սխրանքը. Անդրանիկ Ղահրամանյանը (հետմահու) և Հովիկ Ջիվանյանը «Մարտական Խաչ» առաջին աստիճանի, Հովիկ Առստամյանը (հետմահու), Սևակ Ղուկասյանը և Կարեն Շաքարյանը «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի ասպետներ դարձան:

Խաղաղ ժամանակներում «Արայիկ» ջոկատի հինգ մարտիկներ շարունակեցին իրենց ծառայությունն արդեն կանոնավոր բանակում: Սևակ Ղուկասյանը և Կարեն Շաքարյանը հասան գնդապետի աստիճանի, Վրեժ Գրիգորյանը, Մուշեղ Աղաջանյանն ու Արամ Խաչատրյանը` մայորի:

Իր անցած ողջ ուղու ընթացքում ջոկատն ութ զոհ տվեց, ևս չորսը կնքեցին իրենց մահկանացուն զինադադարից հետո.