Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում

Պարգևատրումներ եղան նաև  Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցների մասնագիտական տոն օրվա առթիվ  կառույցում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: Միջոցառմանն   ներկա էին ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանը, ՀՀ  արտակարգ  իրավիճակների  նախարար  Ֆելիքս  Ցոլակյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ԱՀ  ԱԻՊԾ  տնօրեն   Վլադիկ Խաչատրյանը, ԱՀ  պետական  պաշտոնյաներ, հյուրեր:Ներկաները  ծաղիկներ են   խոնարհել   ԱԻՊԾ շարահրապարակի   տարածքում  կանգնեցված   խորհրդանշական   խաչքարի  պատվանդանին:
Նախագահը շնորհավորել է համակարգի ծառայողներին, պետական բարձր պարգեւներ հանձնել մի խումբ աշխատակիցների, մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:
Դիմելով համակարգի աշխատակիցներին՝ Նախագահն ընդգծել է. «Բոլոր խնդիրների հաջող լուծման գրավականը դուք եք, ձեր արհեստավարժ ու անձնվեր ծառայությունը: Այն ծանր է եւ ոչ անվտանգ: Ձեր պարտականություններն իրականացնելիս դուք հաճախ ստիպված եք լինում հաղթահարել մեծ դժվարություններ ու փորձություններ՝ ցուցաբերելով խիզախություն ու սխրանք, մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ նվիրվածություն ձեր ընտրած գործին: Դա հայրենասիրության վառ դրսեւորում է եւ արժանի է ընդօրինակման»:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շարունակելու է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները:

ԱՀ  ԱԻՊԾ   տնօրեն գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը ևս  շնորհավորել  է  ծառայության  աշխատակիցներին՝ ցանկանալով   հաջողություններ  իրենց  պատասխանատու  գործում:

 

«1995 թվականին ԼՂՀ կառավարության որոշմամբ ստեղծվել  է  արտակարգ իրավիճակների վարչությունը` որպես հանրապետական նշանակության պետական մարմին: Հետագայում վարչության ենթակայությանն են միացվել  Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի ռազմականացված հրշեջ մասերը: ԼՂՀ օրենքի ընդունմամբ 2007 թվականին հանրապետությունում ներդրվեց ծառայության նոր տեսակ՝ փրկարարական ծառայությունը: Հետագա տարիները զարգացման նոր փուլի հիմք հանդիսացան արտակարգ իրավիճակների համակարգի զարգացման, նրա հետագա կատարելագործման և արտակարգ իրավիճակների միասնական համակարգի ձևավորման հարցում: Ներկայումս համակարգն իր մեջ ընդգրկում է փրկարարական և հրշեջ-փրկարարական ծառայությունները, քաղաքացիական պաշտպանությունը, տեխնիկական անվտանգության, սեյսմիկ պաշտպանության, հիդրոօդ ծառայության պետական նյութական պահուստի բնագավառների գործառույթների իրականացումը: Ծառայության նախկին ծառայողներից շատերն այսօր էլ շարունակում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի զարգացման գործում: Երկրի պաշտպանության նվիրական գործում իր դերն ու խնդիրներն ունի նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, որի գործունեության արդյունավետությունից է կախված մեր ազգաբնակչության անվտանգ կյանքի ու կենցաղի ապահովումը: Այսօր արդեն ծառայությունը կայացած և ազդեցիկ կառույց է՝ ընթացքը համաքայլ միջազգային չափանիշներին: Համակարգի հաջողությունները տեսանելի են տարբեր ոլորտներում: Նախորդ տարիների ընթացքում համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման արդյունքում կատարելագործվել է ծառայության իրավական դաշտը, չկարգավորված խնդիրներին տրվել է համապատասխան օրենսդրական լուծումներ, որոնք լինելու են շարունակական նաև առաջիկա տարիներին: Ծառայությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես հանրապետության տարբեր կառույցների և գերատեսչությունների, այնպես էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ` իրականացնելով փորձի փոխանակում, կադրային, մասնագիտական վերապատրաստում, տեխնիկական և նյութական աջակցություն և այլն»,- մասնավորապես  ասել  է  Վ. Խաչատրյանը:

Վերջինիս դիտարկմամբ ՝ վերջին մեկ տարում իրականացված շինաշխատանքների շնորհիվ էապես բարելավվել են ծառայության շենքային պայմանները և բարեկարգվել հարակից տարածքները: Նմանատիպ աշխատանքներ իրականացվում են նաև շրջաններում, որոնք  ավարտին կհասցվեն նախատեսված ժամկետներում: Ընթացիկ տարում արդիականացվել և թարմացվել են ծառայության նյութատեխնիկական բազան և ավտոտեխնիկական պարկը, ձեռք են բերվել նոր ավտոմեքենաներ: Ծառայությունը համալրվել է տարբեր գրասենյակային տեխնիկայով, փրկարարական և հատուկ գույք-սարքավորումներով: Այդ ամենն իրականացվել է ինչպես պետբյուջեի, այնպես էլ մի շարք բարերարների նվիրատվությունների շնորհիվ:

Տոնի  առթիվ ԱՀ ԱԻՊԾ  տնօրեն  Վլադիկ Խաչատրյանը, ՀՀ  արտակարգ  իրավիճակների  նախարար  Ֆելիքս Ցոլակյանը, ԱՀ  ուժային  կառույցների  ղեկավարները  մեդալներով, դրամական  պարգևներով  և  թանկարժեք  նվերներով  պարգևատրել  են  ԱԻՊԾ  մի   խումբ  աշխատակիցների:

Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են <<Հայրենյաց պաշտպան >>մեդալով, պատվոգրով դրամական պարգևով, պարգևատրումն իրականացրել է Արցախի ազատամարտիկների միության վարչության անդամ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը: