Նվիրյալ հայորդին

Կովկասյան տարածաշրջանն ազգամիջյան ու համաշխարհային ընդհարումների հավերժական եռացող կաթսա է: Ինչու՞ այս հարցի պատասխանները բազմաբնույթ են և բազմատեսակ: Իբրև ազգ մեզ ճակատագրից այս հողակտորն է բաժին հասել՝  որպես հայրենիք: Մենքհավատացել ենք, որ կատարյալին հասնելու ճանապարհն անցնում է դեպի մարդը տանող ճանապարհով: Եվ հավատացել ենք մարդուն, իսկ այդ նույն մարդը զենք է վերցրել քշել մեզ մեր տնից, խոշտանգել է մեր մայրերին, քույրերին, աքսորի ճամփին մորթել պապերին ու մանկահասակ երեխաներին, միայն նրա համար, որ նրանք հայի արյունն են կրել իրենց երակներում, սակայն լցվեց համբերության բաժակը  և 88-ին մի բռունցք դարձած կամավորական խմբերը դարձան ջոկատներ, ինքնաշեն զենքերով մարդիկ լեռները բարձրացան, ով ՝ իր գյուղը, ով՝ քաղաքը, թաղամասը պաշտպանելու, դրանով հաղթեցինք: Ժողովրդի կամքը հաղթեց, հաղթեց բռնությանն ու անարդարությանը ոչ ասելու վճռականությունը:

«Ապրել և գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժե ապրել»:

Այս գաղափարի հետևորդներն էին այն հերոսները,ովքեր անմնացորդ նվիրվեցին հայրենիքին, չմտածելով անգամ այն մասին, որ հնարավոր է այլևս չվերադառնան: Այդ հերոսների թվում էր նաև Սամվել Սաֆարյանը:

Մարդու կյանքում միշտ էլ տեղ կա հերոսությունների համար: Մաքսիմ Գորկու  այս արտահայտությունը բախտորոշիչ եղավ 20  տարեկանը դեռ նոր լրացած Սամվել Սաֆարյանի համար, ով արցախյան ազատամարտում իր երիտասարդ կյանքը ներդրեց հանուն հաղթանակի:

Սամվել Միքայելի Սաֆարյանը Արցախյան ազգային ազատագրական պայքարի նվիրյալներից է: Ապրեց կարճ, բայց միևույն ժամանակ ՝ հերոսական կյանքով, ընդամենը՝ 33 գարուն: Սամվելին շատերը գիտեն, որպես ազատամարտիկի ուսուցչի, շախմատի վարպետի: 1961 թվականին ծնված Սամվել Սաֆարյանը, ավարտելով հայրենի Ավդուռի դպրոցի 8-րդ դասարանը, ուսումը շարունակել է Երևանում՝  ֆիզիկամաթեմատիկական  թեքումով դպրոցում, այնուհետև ՝ Երևանի պետհամալսարանի  մեխանիկա- մաթեմատիկական ֆակուլտետում: Ավարտելուց հետո նա վերադարձել է Ստեփանակերտ, աշխատել ֆիզմաթ դպրոցում՝ որպես  ուսմասվար, իսկ շախմատի մանկապատանեկան դպրոցում ՝ որպես  մարզիչ: Արցախյան պատերազմում նա իր ներդրումն ունեցավ, նրա շնորհիվ են ոչնչացվել թշնամու բազմաթիվ կրակակետեր: Հայորդին ակտիվորեն մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Մարտունու, շրջաններում ծավալված մարտական գործողություններին: Շարքային զինվորից դարձել է մարտկոցի հրամանատար,հրետանու շտաբի պետ հրետանային բրիգադի հրամանատար:

1993թ. Ասկերանի շրջանում ծանր վիրավորվել է, երկար բուժվելուց հետո, դեռ չապաքինված՝ նորից նետվել է մարտի: Մեծ ներդրում ունի նա հրետանու զարգացման գործում: Նրան հրետանու ուղեղ էին անվանում: Քաջորդին փառք չի փնտրել, նա փնտրել է ապրելու իրավունք:

Սամվելը տանը  վերջին անգամ եղել է 1994 –ի մարտի 15-ին:

Երկու օր անց ՝ մարտի 17-ի գիշերը, Սամվելը զոհվում է  Օմարում,երբ նոր դիրքեր ընտրելու համար չորս հոգով դուրս էին եկել մեքենայից և նշումներ էին անում քարտեզի վրա: Հակառակորդի արկը պայթում է ուղիղ նրանց մեջտեղում: Չորս հոգուց միայն մեկն է հրաշքով ողջ մնում: Հենց նույն գիշերն էր, երբ 2,5- ամյա դուստրը՝ Գեղանուշը, արթնանալով քնից հեկեկալով մորը հայտնում է հոր զոհվելու մասին.«Պապային  թուրքերը սպանել են»:

Իջավ Մթնշաղը, բայց այն անդորրություն չբերեց հրկիզվող հոգիներին: Ընկավ այնքան կենսուրախ, այնքան կատակասեր հրամանատարը: Ամեն տարի Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում հուշ երեկո են կազմակերպում:

Սամվելի անունով է կոչվում նրա ծննդավայրի ՝ Մարտունու շրջանի Ավդուռի միջնակարգ դպրոցը,իսկ Ստեփանակերտի շախմատի  կենտրոնական տանն արդեն  երկար տարիներ նրա հիշատակին նվիրված հուշամրցաշար է անցկացվում: Հենց շախմատում աշխատելու ժամանակ է ծանոթացել ապագա կնոջ՝ Նունեի հետ: Ամուսնացան 1990 թվականի դեկտեմբերի  մեկին: Հարսանիքը երկու օր տևեց: Մեկ ամիս գյուղում մնալուց հետո վերադարձան Ստեփանակերտ: Սամվելն արդեն ինքնապաշտպանական կամավորական ջոկատում էր ընդգրկված: Որոշ ժամանակ անց, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, նա արդեն հրետանային մարտկոցում էր:

Մարտական ընկերները հպարտությամբ են խոսում նրա մասին:

Սամվել Սաֆարյանը զոհվել է 1994թ. մարտի 18-ին Օմարի բարձունքի ուղղությամբ ծավալված անհավասար մարտում:Նա  աշխարհին թողել է իր հոգու ճառագայթները: Նրա դուստրերը ցավում են հոր չապրած տարիների համար, բայց և հպարտ են, որ հայրն ընկել է հանուն Արցախի անկախության: Քաջորդուն հետմահու շնորհվել է «Մարտական խաչ»  առաջին աստիճանի շքանշան և փոխգնդապետի զինվորական կոչում: «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»: Նժդեհյան այս տողերով ապրեց ու հերոսացավ Սամվել Սաֆարյանը:

Ու այսօր իր և իր նմանների կատարած սխրագործություններով դաստիարակվում է նոր սերունդը: Սամվել Սաֆարյանը արցախյան գոյապայքարի այն նվիրյալներից է, ում կենսագրության ամենակարևոր ու նշանակալից մասը անցած մարտական ճանապարհն է, որն առինքնող ապրումներով է լցնում այսօրվա ու վաղվա հայրենյաց պաշտպանների սրտերը: