Հայրենիքի նվիրյալ Ռոբերտ Աբաջյանը պարգևատրվեց Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» մեդալով

Նոյեմբերի 16-ին ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս  Ռոբերտ Աբաջյանի ծննդյան տարելիցին նվիրված միջոցառումներին    ներկա էր Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար  Էդուարդ Խաչատրյանը: Միջոցառման  մասնակիցները  Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ խոնարհելուց հետո եղան  հերոսի ուսանած 147-րդ դպրոցում :

Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի Երախտիքի խոսքը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Էդուարդ  Խաչատրյանը:

Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմում Արցախի Հանրապետության պաշտպանության գործում ցուցաբերած քաջության, անձնական արիության համար և ծննդյան օրվա կապակցությամբ Արցախի հերոս, Ռոբերտ Աբաջյանը պարգևատրվեց <<Հայրենյաց պաշտպան>> մեդալով:

Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայության սիրտը Արցախի սահմանին էր, այդ օրերին նոր սխրանքներ գործեցին, 18-20 տարեկան երիտասարդները հերոսացան:  Արցախա-ադրբեջանական շփման գծում  ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ ևս մեկ անուն, բոլորից ամենաերիտասարդը։ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով, բարձրագույն կոչման արժանացավ: Նա ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու արժանացավ  «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվեց  «Ոսկե Արծիվ» շքանշանով:

Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց և ոչ մեկին, ապրիլյան պատերազմից հետո նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ հարազատների, ընկերների համար, բացի հերոս լինելուց, մնաց բարի, հումորով, բոլորին հասնող Կյաժը:

 Ծնողների խոսքերով՝ որդին ընկերասեր էր, սիրում էր բոլորի հետ կապ պահպանել: «Բոլորի հետ էր շփվում, նման մարդ չկար, ում հետ 15-20 րոպե շփվեր ու հետագայում նրա հետ ընկերություն չանեին:

-Տղաս 5 տարեկանից մինչև 80 տարեկան ընկեր ուներ»,- ասում էր Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը։

Ռոբերտը սիրում էր, երբ նշում էին իր ծննդյան օրը, մայրը հիշում է նրա 5-ամյակը։

Հերոսի անունն են կրում Հայաստանում բազմաթիվ դասասենյակներ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի լսարանն ու գրադարանը։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին գիշերը եղավ  շատ հայորդիների համար:
Այդ գիշեր արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու վեց զինծառայողից բաղկացած դասակը։ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին: Երբ հասկացավ, որ այլևս դիմադրել անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամատարի հետ, իսկ մյուսները վիրավորվեցին:

Ուրֆանյանի զոհվելուց հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա և պատնեշի վրայից շարունակել մարտը։ Նկատելով, որ խրամատում վերջանում է զինամթերքը, զինվորներին ուղարկել է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը հանում է իր մոտ մնացած վերջին նռնակը և տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Հերոսությունը մարդու գիտակցականի և գործնականում այն իրագործելու բացառիկ ընդունակության արգասիք է, որը ծնվում և կյանքի ուժ է ստանում համազգային խնդիրների լուծման պահանջով:Տկար է այն ժողովուրդը, որը չի տիրապետում բացառիկին հասնելու արվեստին և որի շարքերն աղքատ են հերոսանալու կամքով թրծված անհատներով:Այս ճշմարտության հեղինակը պատմությունն է, իսկ ապրիլյան առճակատումը ամբողջական է հենց այս պատմության համատեքսում,որովհետև առանց հերոսանալու հաղթանակը կլիներ կիսատ, հայրենիքը՝ խեղճ, իսկ ապագան՝ անհույս: ՈՒ երկրի զավակը հարազատեց այս իրողությունը. գնաց, որ եկողների համար հայրենիքը լինի ազատ ու բարգավաճ:Ռոբերտ Աբաջյանը հերոսացավ և Արցախի հողը սրբացավ ևս մեկ հերոսի արյամբ: