Ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը

Պարգևատրումներ եղան նաև Արցախի ազատամարտիկների միության կողմից

Նոյեմբերի 30-ին ԱՀ ոստիկանությունում տեղի է ունեցել ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը,ԱՀ ՊՆ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:

ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված տոնական միջոցառումները մեկնարկել են հանդիսավոր տողանով, որից հետո ներկաները ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել հայրենիքի անկախության և իրավակարգի պահպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Հանդիսավոր արարողության սկզբում ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր խոսքում ընդգծեց՝ Արցախի Հանրապետության շուրջ երեսունամյա պետականության կայացման գործում իր ուրույն տեղն է զբաղեցնում ԱՀ ոստիկանությունը, որը կոչված է ապահովելու մարդու և հասարակության անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը:

Նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ոստիկանության ծառայողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ, նշեց, որ նման առիթները լավ հնարավորություն են ևս մեկ անգամ արժևորելու այն բարդ ու կարևոր ծառայությունը, այն ամենօրյա քրտնաջան ու անձնվեր աշխատանքը, որն իրականացնում է ԱՀ ոստիկանությունը՝ պաշտպանելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, մարդու, հասարակության և պետության շահերը՝ հետևողական պայքար մղելով հանցագործությունների և իրավախախտումների դեմ:

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նույնպես շնորհավորեց ԱՀ ոստիկանության ողջ անձնակազմին: Նա իր խոսքում ընդգծեց՝ Արցախն այսօր արդեն ունի ձևավորված ոստիկանական համակարգ, բարեխիղճ սպաներ, և ԱՀ ոստիկանությունը հմտորեն կատարում է իր առջև դրված պարտականությունները:

Հանդիսավոր արարողության ժամանակ ԱՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ԱՀ Նախագահի, ԱՀ ոստիկանության պետի, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի, ԱՀ պաշտպանության նախարարի, Արցախի ազատամարտիկների միություն  նախագահի, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի, ԱՀ քննչական կոմիտեի նախագահի, ԱՀ ԱԱԾ տնօրենի, ԱՀ ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, արժեքավոր նվերներով, հուշանվերներով, դրամական պարգևներով և շնորհակալագրերով:

Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը շնորհավորեց ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը: Հրապարակվեց միության վարչության որոշումը, որի համաձայն Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա՝ 18-րդ տարեդարձի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին «Հայրենյաց պաշտպան» մեդալով: