Արցախի ազատամարտիկների միությունը մեր ժողովրդի ազատատենչ կամքի հավաքական կերպարն է

Արցախի ազատամարտիկների միության կյանքի կոչվելն ինքնանպատակ չէր,  այլ պահի ու ժամանակի թելադրանք: Հետպատերազմյան տարիներին մեր նորանկախ հանրապետությունը պետք է դիմագրավեր իր առջեւ ծառացած բոլոր մարտահրավերներին ընդ որում` կեցվածքների եւ ուղղությունների ճշտման պահերին Արցախի անվտանգության ճանաչման հարցը մնաց որպես գերխնդիր: Իսկ ժողովուրդն էլ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, հաստատակամ է իր ընտրած Ազատության ու Անկախության ուղուն: Այն ի վերուստ տրված իրավունք է եւ ոչ ոք չի կարող խոչընդոտել այդ երթը: Երթ, որտեղ ազգովին զինվոր ենք, չկա ահել ու ջահել կին ու տղամարդ:Այս է պահանջում ազգային գերխնդիրն ու տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը:

Արցախի ազատամարտիկների միությանը  ստեղծման օրից մեծ դեր էր վերապահված այս ամենում, ուստի, <<պատերազմի>> տղաներով միավորվելով, հաստատուն պահեցին այն բռունցքը, որը ջարդեց հակառակորդին եւ հետ շպրտեց մեր հողերից: Եվ այդ բռունցքի անհրաժեշտությունը, դժբախտաբար, կա նաեւ այսօր…

Տարիների ընթացքում Արցախի ազատամարտիկների միությունը որոշակի քայլեր է ձեռնարկել Արցախյան պատերազմի մասնակիցների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, դրանք իրականացրել ինչպես առանձին անհատների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների ու պետական գերատեսչությունների հետ համագործակցության միջոցով: Միությունն իր նպատակասլաց ծրագրերով ոչ միայն նպաստել է հանրապետության մատաղ սերնդի շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը, արիության դասերի և տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը, այլ նաև ամրապնդել է կապերը հասարակական կազմակերպությունների հետ: Պարբերաբար կազմակերպվել են ազատամարտիկների, զոհված զինծառայողների հարազատների և հաշմանդամների հետ հանդիպումներ` կարգավորելով վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր: Այս ամենով հանդերձ` Արցախի ազատամարտիկների միության ամենամեծ ձեռքբերումը հանրապետության տարբեր խավերի հետ միասնության պահպանումն է` դառնալով պետականակերտման փուլում երկրի զորացման գործուն լծակներից մեկը:

Կարևորելով երիտասարդության դերն ու մասնակցությունը պետականակերտման գործում` գործունեության լավագույն միջոց դիտարկվեց երիտասարդության ուժերի համախմբումն ու համատեղ մի կառույցի մեջ հանդես գալը: Արցախի ազատամարտիկների միության <<Հայրենյաց պաշտպան>>երիտասարդական  թևն իր հերթին միշտ այնտեղ էր, որտեղ զգացվում էր իր կարիքը:

Ոչ բոլոր երկրներին ու ժողովուրդներին է հաջողվում պատերազմից հետո պահպանել համերաշխություն ու միասնություն: Սակայն մեզ դա հաջողվեց Արցախի ազատամարտիկների միության և նրա ղեկավարության շնորհիվ: Արցախի ազատամարտիկների միությունը հանրապետությունում ամենամեծ եւ ամենաուժեղ կազմակերպություններից մեկն է, որն այսօր էլ համախմբելով <<պատերազմի>>տղաներին` փորձում է զորավիգ լինել նրանց ընտանիքներին:

Բացի նյութական ու բարոյական աջակցությունից, միության անդամները, հատկապես այս վերջին տարիներին, մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորին` Պաշտպանության բանակին, իրենց զորակցությունն էին ցուցաբերում առաջնագծում ամրաշինական կառույցների աշխատանքներին, մարտական հերթապահության կրման և նորաթուխ զինվորներին ավագ սերնդի փորձի փոխանակման գործում.

Ազատամարտիկների համար մեր երկրի սահմանը միայն ԱՀ սահմանը չէ, երբ իրավիճակը վատացել էր Տավուշում, Արցախի ազատամարտիկների միության տարածքային բոլոր միավորումներից շատերն են  մեկնել մեր երկրի սահմանային այդ հատվածը պաշտպանելու: Այդ համախմբվածությունն առկա էր ինչպես 2014 թվականի օգոստոսին, երբ 1500 ազատամարտիկներ, արագ կազմակերպվելով, առաջնագծում կանգնել են զինվորի կողքին, այնպես էլ այսօր: Օրինակներ շատ կարելի է բերել:Հիշենք 2016 թվականի  ապրիլի 2-ը , երբ հակառակորդի լայնածավալ նախահարձակ գործողությունից ընդամենը 2 ժամ հետո ԱՀ բոլոր շրջաններից միության  շենքի առջև հազարավոր ազատամարտիկներ են հավաքվել, անգամ, միության ամենափոքր տարածքային միավոր համարվող Քաշաթաղի շրջանից 500 հոգի են եկել:

Անդրադառնալով ազատամարտիկների անցած մարտական ուղուն ներկայիս գործելաոճին ու հայրենիքի հանդեպ նվիրվածությանը համոզվում ենք մի բանում.ինչպես արցախյան ազատամարտի վետերաններն ու այսօրվա հայրենյաց պաշտպանները, այնպես էլ ողջ հայ ժողովուրդը վճռական են մեր հաղթանակների պահպանման և նոր ձեռքբերումների կերտման գործում ու, որ շատ կարևոր է, իրենց նվիրական արարումներով միշտ անառիկ են պահում Հայոց Արցախը:

Եվ այսօր այս միասնականությամբ ևս մեկ անգամ աշխարհին փաստում ենք, որ հաստատակամորեն տերն ենք այն ժառանգության, որը ձեռք ենք բերել հազարավոր նահատակների թափած արյամբ…