Զորակոչը՝ Արցախի ազատամարտիկների միության ուշադրության առանցքում

Դեկտեմբերի 17–ին պաշտպանության բանակի  հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2020թ.  առաջին զորակոչի մեկնարկին: Զորակոչիկներին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ  շնորհավորելու էր  եկել Արցախի ազատամարտիկների միության  ներկայացուցչությունը:

Զորակոչի կազակերպման գործնթացին մշտապես ներկա են Արցախի ազատամարտիկների միության աշխատակիցները: Նրանց հավաստմամբ՝ զինվորների համար բացվում է Հայրենիքին ծառայելու նոր հնարավորություն.դա պատասխանատվություն է, պարտք, որ պիտի կատարել միայն ու միայն սիրով: Մշտապես զորակոչին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ երեկվա ազատամարտի մասնակիցը բարի ծառայություն է մաղթում նորակոչիկներին, որոնք արժանի հետնորդն են արցախյան գոյապայքարում հաղթանակներ կռած քաջորդիների:

Հայրենիքին անձնվիրաբար ծառայելը և ժողովրդի անվտանգությունն ապահովելը յուրաքանչյուր հայ զինվորի պարտքն է: Դուք ձեր պապերից ժառանգել եք Հայրենիքին նվիրվելու ուժն ու կորովը:Ձեր երակներում հոսում է Անդրանիկի, Նժդեհի, արյունը, որը գիտե պայքարել և մաքառել Հայրենիքի փրկության համար:

Հպարտ ենք, որ պաշտպանության բանակը ամենօրյա հերթափոխ ունի,-իր ելույթում նշեց Արցախի ազատամարտիկների միության <<Հայրենյաց պաշտպան>> թերթի խմբագիր Ռոբերտ Եսայանը, հավելելով, որ անկախության և ազատության սերունդը պատվով է կատարելու իր պարտքը:

Հարազատներով շրջապատված տղաների հայացքներում հասունության խորհուրդ կար, որից ճառագող հպարտությունն ու ինքնավստահությունը նկատելի էր անգամ անզեն աչքով:

Իսկ պահն իրավամբ հուզառատ էր:Չորսբոլոր հնչում էին  ջերմ խոսքեր, բարի խորհուրդներ ու այդ ամենը գեղեցկանում կարոտաշատ համբույրներով: Նայում ու համոզվում ես, որ  կատարվածը դեռ երկար է թևածելու տղաների հուշերում…

Մոտենում էր հրաժեշտի պահը: Զորակոչիկը մի հերթական անգամ շրջվելով դեպի հարազատները, կարծես ուզում էր վերջնականապես հավաստիացնել, որ ինքը գնում է պաշտպանելու  մեր անկախության պատիվը:

Այնուհետև զորակոչիկները, վիճակահանության միջոցով, որոշել են իրենց հետագա ծառայության վայրերը: