2019թ. կատարված աշխատանքների ամփոփում Արցախի ազատամարտիկների միության գործունեությունը նպատակաուղղված է պետության հզորացմանն ու ժողովրդի կենսագործունեության բարձրացմանը

Արցախի ազատամարտիկների միությունը իր գոծունեության առանցքում ունի մեկ գլխավոր նպատակ. գոյապայքարի մասնակիցների ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով՝ նպաստել հայրենի բնօրրանի  հզորացմանն ու բարգավաճմանը: Եվ  ինչպես միշտ, 2019 թվականին ևս կառույցի գործունեությունը նպատակաուղղված էր  մեր նորանկախ հանրապետության  կայացման գործում իրենց անուրանալի  ավանդը ներդրած երեկվա պատերազմի մասնակիցների համախմբմանն ու հայոց  պետականակերտման ուղղությամբ նրանց  կատարածի  ըստ արժանվույն գնահատմանը:

Անցնող տարվա ընթացքում, Միության վարչության կողմից հաստատված աշխատանքային պլանի համաձայն, միությունը  կյանքի է  կոչել համապետական ու տեղային նշանակության բազմաթիվ ծրագրեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետականաշինության տարբեր ոլորտներում կազմակերպության անդամների ակտիվ ներգրավմանը: Նրանց մասնակցությամբ  բանակային ստորաբաժանումներում և հանրակրթարաններում  իրականացվել են ռազմահայրենասիրական կարևորության տարաբնույթ միջոցառումներ:

Այս և մյուս գործընթացներին զուգահեռ Միության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը շարունակել է մնալ երեկվա պատերազմի մասնակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը, ինչն արտահայտվել է նյութական ու բարոյական օժանդակությամբ: Մասնավորապես՝ 2019թ. ընթացքում  բուժման և սոցիալական հարցերի լուծման նպատակով թվով 457 ազատամարտիկի ցուցաբերվել է 29 315 000 դրամ ընդհանուր գումարով ֆինանսական օժանդակություն, ԱԱՄ միջնորդությունների արդյունքում իրականացվել են թվով 57 ազատամարտիկների անվճար բուժումներ ԱՀ ՊՆ  զինվորական հոսպիտալում: Նշանակալի աշխատանք է կատարվել նաև ազատամարտիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:

ԱԱՄ մի շարք անդամների բնակարանները նորոգելու համար Միության վարչության որոշմամբ հատկացվել է 12 մլն.  542 000 հազ. դրամի շինանյութ.:

Ներկայացվել և պաշտպանվել են ԱԱՄ մի շարք  անդամների իրավունքներն ու օրինական շահերը դատարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հասարակական կազմակերպություններում: Ներկայացվել և պետական ամենաբարձր մակարդակում իրենց կատարածի համար արժանավայել կերպով գնահատվել են բազում ազատամարտիկներ: Վկայությունը Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով տարվա ընթացքում պարգևատրված  298  ազատամարտիկներն  են, որոնցից  1-ը արժանացել է <<Արցախի հերոս>> կոչման, 6-ը՝ <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանի, 3-ը՝ <<Արիության համար>>, 285-ը  պարգևատրվել՝ <<Մարտական ծառայություն>>, իսկ 3-ը՝ <<Շուշիի ազատագրման համար>> մեդալներով: Նույն ժամանակահատվածում Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ 36 ազատամարտիկներ պարգևատրվել են <<Հայրենյաց պաշտպան>> մեդալով, 37-ը՝ Միության պատվոգրով, 11-ը շնորհակալագրերով, 108-ը՝ արժեքավոր նվերներով, 206 ազատամարտիկ դրամական պարգևով (22.745.000 դրամ գումարի չափով):

Բացի  պարգևատրումներից և խրախուսանքներից  Միության ղեկավարությունը հատուկ ուշադություն է դարձրել իր անդամների համար տոնական միջոցառումների (Ամանորի և Սուրբ ծննդի) կազմակերպմանը: Նախատոնական ծանրոցները (կոնյակը, շամպայնը, օղին)ստացան  ինչպես մայրաքաղաքի,այնպես էլ շրջանների ու գյուղերի ազատամարտիկները(թվով 14 549 հոգի):

Հատկանշական է Միության կողմից ծավալած հանրային ոլորտի հայրենանվեր գործունեությունը: Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակի բարեկարգման և տեխնիկական միջոցների համար ընթացիկ տարում Միության կողմից  ծախսվել է 66 000 000 դրամ:

Բացի վերոնշյալից Միությունը հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է մշտական սերտ կապ ապահովել ԱՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:  Վերջիններիս   միությունը հատկացրել է 400 000 դրամ:

Միության ներկայացուցչությունը մասնակցել է ԱՀ տարբեր շրջանների համայնքներում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանների հանդիսավոր արարողություններին, որոնց ժամանակ իրականացվել են ազատամարտիկների պարգևատրումներ և զոհված ազատամարտիկների հարազատներին (թվով 29 հոգու) ցուցաբերվել է դրամական օգնություն (840 000) դրամ գումար:Միության վարչության որոշմամբ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանների կառուցման,վերանորոգումների և կազմակերպչական հարցերի համար: Այդ նպատակով ծախսվել է 8 084  000դրամ գումար:

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ  Միության <<Հայրենյաց պաշտպան>>երիտասարդական թևի միջոցով գեղեցիկ  սեռի ներկայացուցիչներին բաժանվել են վարդեր և ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 2 636 000 դրամ: Մի շարք ազատամարտիկներ իրենց ընտանիքների հետ միության նախաձեռնությամբ  կազմակերպել են ծովափնյա ամառային իրենց հանգիստը ՌԴ Անապա քաղաքի ծովափում և Սևանա լճի Ծովինար համայնքի ՀՀ երկրապահների ճամբարում (թվով162):

Հավելենք, որ Արցախի ազատամարտիկների միության կողմից Ստեփանակերտի <<Մոր և մանկան առողջության կենտրոնին>>, թիվ 1 գիշերօթիկ հաստատությանը, Վերականգնողական կենտրոնին  հատկացվել են նվերներ:

<<Առողջ հոգին առողջ մարմնում>> կարգախոսին հավատարիմ մնալով, միության ֆինանսավորմամբ գործում է <<Կարատե-դո>> մարզական խմբակ, որտեղ անվճար պարապմունքներ են անցկացնում մոտ 25 երեխա: Ուրախությամբ պետք է արձանագրել,որ այդ մարզական խմբակի անդամներից ոմանք արդեն հաղթող են ճանաչվել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում և այսօր էլ շարունակում են վայելել Արցախի ազատամարտիկների միության վարչության հատուկ ուշադրությունը:Համալրվել է միության տարածքային միավորումների նյութատեխնիկական բազան:

Ասկերանի, Մարտունու, Շուշիի տարածքային  միավորումների գրասենյակներին  հատկացվել են  համակարգիչներ: Շուշիի տարածքային միավորմանը՝ կահույք 330 000 դրամ գումարի չափով:Միությունը Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրել է ձյուն մաքրող ավտոմեքենա:

Արցախի պետական-հասարակական կյանքում ապահովելով իր ակտիվ ու կառուցողական դիրքը, այդուհանդերձ Արցախի ազատամարտիկների միությունը, որպես երեկվա պատերազմի մասնակիցներին միավորող հասարակական կազմակերպություն, իր գլխավոր խնդիրն է համարում Հայրենիքի պաշտպանությունը:Հիմք ընդունելով այս առաջնահերթությունը, միությունը ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցում դա:

Ամփոփելով ԱԱՄ 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, կարելի է միանշանակ փաստել, որ տարվա կտրվածքով նախատեսված բոլոր միջոցառումները կյանքի են կոչվել լիարժեքորեն:

Ինչպես իր ստեղծման օրից մինչ այժմ այնպես էլ այսուհետ, Արցախյան ազատամարտի մասնակիցներին համախմբող,իր առաքելությունը պատվով կատարող  մեր հասարակական կազմակերպությունն իր ուժերն ու հնարավորությունները կներդնի Հայոց պետականակերտման կարևորագույն գործում և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կնպաստի Արցախի անվտանգության ամրապնդման, բանակի հզորացման և նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խթանման գործառույթներին: Մենք համոզված ենք այս ամենում, քանզի մեր շարքերը հարուստ են հայրենիքը սիրող արժանապատիվ զավակներով և այնպիսի անհատներով, որոնք իրենց բարեգործություններով ու հանգանակություններով մշտապես եղել ու մնում են Արցախի ազատամարտիկների միության կողքին,իսկ սա նշանակում է, որ մենք միասնական ուժ ենք, իսկ միասնության դրոշի ներքո համախմբված ազգն անպարտելի է: