Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Ս. Ջ. Կարապետյանի ուղերձը

Արցախի ազատամարտիկների միության հարգարժան անդամներ.

Սիրելի ժողովուրդ.

Եվս մի քանի ժամ և մենք հրաժեշտ կտանք 2019 թվականին: Նման պահերին ընդունված է իմի բերել անցած 365 օրերի կատարածը, առանձնացնել ունեցած ձեռքբերումներն ու թերացումները և ուղենշել հետագա անելիքները:

Այսօր ամենայն վստահությամբ կարող ենք արձանագրել, որ Արցախի ազատամարտիկների միության համար անցնող տարին չի եղել սոսկ հերթական ժամանակահատված, քանզի այդ ընթացքում մենք ձեզ հետ միասին փորձել ենք երեկվա ձեռքբերումներն ամրապնդելով հարստացնել մեր ներկան: Թե որքանով է դա մեզ հաջողվել և ինչքանով է բարեփոխվել մեզնից յուրաքանչյուրի առօրյա կենսագործունեությունը, դժվար է միանշանակ արժեվորել: Բայց այն, որ մենք մեր համատեղ ուժերով և միակամ արարումներով կարողացել ենք շարունակական ընթացք ապահովել մեր համազգային ու անհատական նպատակների իրականացման համար և այդ ամենի կարևորագույն հանրագումարը հայկական երկու անկախ պետականությունների խաղաղ ու անվտանգ կենսագործունեության այսօրվա իրողությունն է, անկասկած է:

Համոզված եմ, որ ինչպես անցնող տարում, այնպես էլ գալիք 2020 թվականին երեկվա պատերազմի մասնակիցները շարունակելու են իրենց արժանի ավանդը բերել հայկական ինքնության պահպանման ու հզորացման հիրավի նշանակալի գործընթացում և, անհրաժեշտության դեպքում, համալրելով Հայոց բանակի շարքերը,  անելու են ամեն հնարավորը մեր երկրի պաշտպանությունն անխոցելի պահելու համար:

Ավարտելով խոսքս թույլ տվեք Արցախի ազատամարտիկների միության վարչության և անձամբ իմ անունից շնորհավորել երեկվա պատերազմի բոլոր մասնակիցներին, Արցախյան ազատամարտում նահատակված և անհայտ կորած զինվորների ընտանիքներին և ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2020 թվականը լինի խաղաղության, ինքնահաստատման և նորանոր ձեռքբերումների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: