Կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձը

Մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին Արցախի ազատամարտիկների միության կողմից

Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ  Կրկժանի ազատագրումը ունի իր առանձնահատուկ տեղը:

1992թվականի հունվարին Արցախի սահմանամերձ շրջաններում իրականցվող պաշտպանական մարտերին զուգընթաց, դեռևս ձևավորման փուլում գտնվող ինքնապաշտպանական ուժերի շտաբը պլանավորեց Ստեփանակերտի ինքնապաշտպանության ուժերի մի մասի ներգրավմամբ անցկացնել Կարկառաշեն արվարձանի թուրքաբնակ թաղամասում տեղակայված  թշնամական որջի վնասազերծման օպերացիան: Դրա անհրաժեշտությունը զգացվեց մանավանդ հունվարի երկրորդ կեսին՝ նշված հենակետից մայրաքաղաքի ուղղությամբ տեղի ունեցած հրետակոծությունից հետո, որի հետևանքով սպանվեցին 3 և վիրավորվեցին 5 խաղաղ բնակիչներ: Անելանելի վիճակում էր հայտնվել արվարձանի հայկական թաղամասը: Եվ ահա այս պայմաններում շարունակել ապրել ազերիների հարևանությամբ, անհնար էր…Իրավիճակից դուրս գալու ճանապարհը մեկն էր ՝ նախահարձակ հակառակորդին  ճնշել իր զբաղեցրած դիրքերում և ապահովել տեղի բնակչության անվտանգ կենսագործնեությունը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղյան ստորաբաժանումները ձեռնմուխ եղան ռազմահենակետի ոչնչացման օպերացիային և հաշված ժամերի ընթացքում թշնամուն դուրս մղեցին իր զբաղեցրած դիրքից:

28 տարի է անցել այդ նշանավոր օրից: Եվ ահա 28 տարի հետո կրկին հավաքվել էին միևնույն նպատակի ու գաղափարի համար մարտընչած ազատամարտիկները: Կրկժանցիներին շնորհավորելու էին եկել Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ- մայոր Սամվել Կարապետյանը, ԱԱՄ վարչության  անդամ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Կրկժանի ազատագրման մասնակից Արայիկ Հարությունյանը: Միջոցառման մասնակիցները  ծաղիկներ խոնարհեցին Կրկժանի ազատագրման համար նահատակվածների հիշատակին կառուցված հուշաքարին:

ԱԱՄ վարչության անդամ Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասաց` մարտական ուղին  սկսել է Կրկժանից:

Խոսելով ազատագրման մասին՝ Ա. Հարությունյանը հավելեց.«Մեր ամենակարևոր հաղթանակներից մեկն է եղել Կրկժանի ազատագրումը: Երկար պայքարից հետո մեզ հաջողվել է ազատագրել պատմականորեն հայկական այս բնակավայրը, որտեղ կան հարյուրամյակների պատմություն ունեցող գերեզմաններ, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ:

Հենց դրանց ազատագրումը մեր գոյապաքարի հիմնական նպատակներից էր: Եվ ազատամարտի ընթացքում գրանցված հաջողությունները հենց հերոս ու քաջարի տղաների շնորհիվ էին, որովհետև միավորված էինք հայրենիքի ազատագրման գաղափարի շուրջ: Գլուխ եմ խոնարհում մարտական բոլոր այն տղաների հիշատակի առաջ, ովքեր մասնակցել, բայց չեն հասցրել զգալ Կրկժանի ազատագրման հաղթանակի բերկրանքը: Նրանց՝ բոլորի հետ կապված ունենք հիշողություններ և պարտավոր ենք նրանց հիշատակը վառ պահել: Նրանց փոխարեն պետք է ապրենք և արարենք: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Կրկժանի ազատագրումը մեր հաղթարշավի սկիզբն էր»:

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը ներկայացրեց միության վարչության շնորհավորական ուղերձը՝ Կրկժանի ազատագրման առթիվ, որում մասնավորապես ասված էր.

«Մեծ է Կրկժանի ազատագրման պատմական նշանակությունը: Ամիսներ շարունակ այդ թաղամասի բարձունքներից թշնամին կրակի տակ էր պահում Ստեփանակերտ քաղաքը՝ կորուստներ պատճառելով մեր հայրենակիցներին: Կրկժանում տեղակայված որջը բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանք է խլել, և այն չեզոքացնելու խնդիրը ժամանակի կարևորագույն պահանջն էր: Կրկժանն ազատագրվեց 1992 թվականի հունվարի 20-ին: Դա նոր կազմավորված վաշտերի, ջոկատների ամենամեծ հաջողություններից մեկն էր, որը ձեռք բերվեց միասնական ուժերի և համառ ջանքերի շնորհիվ: Կրկժանի կրակակետերի ոչնչացումով կասեցվել են այդ ուղղությունից Ստեփանակերտ քաղաքի գնդակոծումները: Այսօր Կրկժանի բնակչությունը նոր ուժով ու եռանդով է շենացնում հայրենի բնօրրանը՝ ապավինելով սեփական ուժերին»:

Միջոցառման վերջում, Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից  Կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձի և հասարակական  ակտիվ գործունեության համար մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Պարգևատրումն իրականացրեց միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: