Հայրենասիրության գաղափարով պետք է դաստիարակվեն սերունդներ

Արթուրի հետ զրույցը սկսեցինք դպրոցական տարիներից մնացած տպավորություններով՝ կապված արցախյան հիմնախնդրին, ադրբեջանցիների հետ հարաբերություններին: Հարցի պատասխանը Արթուրին տարավ մանկական հիշողությունների դաշտը, որտեղ իշխում էին հայրական կողմով տատի պատմությունները: Պարզվեց` Հովսեփյանների տոհմը գաղթել է Պարսկաստանի Իսպահան քաղաքից, ամենայն հավանականությամբ, 20-րդ դարի սկզբներին: Գաղթի այդ դաժան ժամանակներից տատը` թեկուզ կցկտուր, պատմություններ էր պատմում, որոնց կիզակետում հայ մարդու դաժան բախումներն էին <<հարևանների>>հետ: Պատանին տպավորվում էր տատիկի պատմածներից, ավելի շատ, կիսատ թողած խոսքերից: Հարցեր էր առաջանում, փորձում էր պատասխաններ գտնել: Բայց այդ խմորումները խորանում և հաճախ զգացնել էին տալիս:

Եվ վերջապես եկան ստորագրահավաքների, գաղտնի գրականության տարածման ժամանակները: Երիտասարդը փնտրում և գտնում էր որոշ հարցերի պատասխաններ: Հայրենասիրությամբ տոգորված` նա ձգտում էր հնարավորինս օգտակար լինել մեծերին՝ կատարելով նրանց հանձնարարությունները:Ճարտարի ծնունդ Արթուրը երեկվա պես է հիշում դեպքերի ընթացքը:

1988-ը շրջադարձային եղավ բոլորիս, այդ թվում նաև 17-ամյա Արթուրի համար: Ավարտական դասարանն անցավ բուռն իրադարձությունների ներքո: 1989-ի գարնանը նրան տարան բանակ: Խորհրդային բանակում ծառայել է երկաթուղային զորքերում: 1991 թվականին զորացրվել ու վերադարձել է հայրենի գյուղ(այժմ քաղաք) և միանգամից ներգրավվել ծննդավայրի ինքնապաշտպանական ջոկատում:

Ո՞րն էր այն մարտը, որտեղ Արթուրն ստացել էր մարտական մկրտություն: Ազատամարտիկը նշեց երկուսը: Առաջինը կապված էր Մարտունու շրջանի նախկին Ղարադաղլու (այժմ Վարանդա) գյուղի ազատագրման հետ: Ճարտարցիների ջոկատը որպես օգնություն էր ուղարկվել Հայաստանից եկած <<Արաբո>>ջոկատին: Արթուրը նոր էր բանակից վերադարձել և ոչ մի մարտի դեռևս չէր մասնակցել: Միանգամից ոգեշնչվեց <<Արաբո>>ջոկատի տղաների մարտական կերպարներից: Նրանք անփորձ ճարտարցիներին արգելեցին մասնակցել մարտին, ասելով, որ իրենց ուժերը բավարար են: Եվ, իսկապես, հաշվարկված գործողություններով, մարտական բարձր ոգով պարտության մատնեցին հակառակորդին ու ստիպեցին հանձնվել՝ խոստանալով անվնաս բաց թողնել: <<Արաբոյի>> վճռականությունը, համոզվածությունն իր մարտավարության հանդեպ խորապես ազդեց ինձ վրա: Չէի հասկանում՝ իրողությո՞ւն է, տեսի՞լք է… Այդ ամենը վերապրեցի հետո, վերլուծեցի, և դա մեծ դեր խաղաց իմ մարտական ուղում>>,- խոստովանեց Արթուրը:

Երկրորդ մարտը, որը նույնպես կարևոր դեր է խաղացել ազատամարտիկի անցած ուղում, եղել է Ըլըբալի պահակակետի ազատագրումը: ՙԱզերիները կռվում էին տանկերով, իսկ մենք՝ հրացաններով և ավտոմատներով: Ինչպես սպորտում են ասում` տարբեր քաշային կարգեր էին: Շատ ծանր ու դժվար մարտ էր. հաղթանակի հաջողությունը կախված էր մի քանի գործողություններից, հատկապես այն բանից, թե  թշնամու տանկերի նկատմամբ ինչպիսի դիպուկություն կցուցաբերվի: Ես հասկացա, որ հաղթանակի կարևոր գրավականներից է տանկային գրագետ, բանիմաց  մարտավարությունը: Որոշում ծնվեց` դառնալ տանկիստ, տիրապետել տանկային մարտավարության նրբություններին ու իմ մասնակցությամբ յուրաքանչյուր մարտում ամեն գնով հաղթանակի հասցնել մեր ընդհանուր գործը: Կատարեցի ինքս ինձ տված խոստումը, դարձա տանկիստ՝ չնայած մինչ այդ երբեք չեմ առնչվել տանկի հետ>>,- ասաց Արթուրը:

Թե ինչպիսի հմուտ ու գիտակ տանկիստ դարձավ Արթուր Հովսեփյանը, պատմում են ընկերները, հրամանատարները: Փոխգնդապետ Ռուբիկ Հայրապետյանը հիշում է Ճարտարի Ուլյան լեռան կարևոր բարձրունքի գրավումը.

-Արթուրը կարճ ժամանակում տիրապետեց տանկի բոլոր նրբություններին. նա հմուտ մեխանիկ էր, տանկի վարորդ, հրամանատար, տանկի հրաձիգ: Շատ էր սիրում տանկում զբաղեցնել հենց հրաձիգի տեղը: Վարպետ էր այդ գործում: Նրան միայնակ ուղարկեցինք այդ կարևոր բարձունքի գրավմանը` իմանալով, որ Արթուրը չգիտի ՙնահանջ՚ բառը և ամեն գնով կկատարի հրամանը: Նա արեց ավելին: Անցավ առաջ` դեպի թշնամու խրամատները, ակնկալելով, որ հակառակորդը փախուստի կդիմի: Բայց նրանք մնացին իրենց դիրքերում, և Արթուրը կես ժամ միայնակ մարտնչեց, մինչև օգնություն հասավ, և թշնամին փախուստի դիմեց: Ի դեպ, տանկը խրվել էր երկու խրամատների միջակայքում, 4 անգամ նռնականետից կրակել են, բայց հմուտ մարտավարության շնորհիվ տանկը լուրջ վնասվածք չի ստացել:

Արթուրի բացառիկ վարպետության մասին է խոսում մեկ այլ պատմություն` կապված Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, ով և ՙՆվիրյալները՚ հաղորդաշարին պատմեց  հետևյալը. <<Ես մեքենայով ընթանում էի, հետևիցս գալիս էր տանկը, որը վարում էր Արթուրը: Նկատում եմ <<Ֆագոտից>> արձակված հրթիռը, վարորդը փորձում է փախցնել մեքենան, և այդ պահին հնչում է պայթյունի ձայնը: Թվաց, թե չհասցրինք մեքենան փախցնել, <<Ֆագոտը>> մեզ կպավ, բայց պարզվեց, որ Արթուրն էլ է նկատել ՙՖագոտից՚ արձակումը և հասցրել է կրակել ու ոչնչացնել այն: Միայն մասնագետները կարող են գնահատել նման իրավիճակը, կողմնորոշվել>>:

Արթուր Հովսեփյանը մասնակցել է Մարտունու շրջանի գյուղերի բոլոր պաշտպանական մարտերին, ինչպես և Մարտակերտի, Քարվաճառի, Աղդամի, Կուբաթլուի, Ֆիզուլու ռազմագործողություններին, և ինչպես մարտական ընկերներն են շեշտում` միշտ հաշվարկված գործողություններով մեծապես նպաստել է մարտի հաջողությանը: Ի դեպ, նրա վարած ոչ մի տանկ չի խոցվել, ինչի համար նրան շատ սիրում ու գնահատում էր Մոնթե Մելքոնյանը: Արցախյան ազատամարտի ժամանակ Արթուրը խփել էր 14 տանկ` չհաշված տարբեր տեսակի զրահատեխնիկան: Մարտակերտի ազատագրման մարտերում խփել էր 5 տանկ: Հերոսաբար մարտնչելու համար հենց այդ ժամանակ նա ու ողջ անձնակազմը պարգևատրվում են <<Մարտական խաչ>>2-րդ աստիճանի շքանշանով: Արթուրը մի քանի անգամ վիրավորվել է, բայց միշտ վերադարձել է շարք: Նա վերջին անգամ վիրավորվել է 1994թ. մայիսի 4-ին, կազդուրվել և կրկին ամբողջությամբ տրվել բանակաշինությանը:

Երկար ժամանակ եղել է տանկային վաշտի հրամանատար: Այդ տարիներին վաշտը բազմիցս ճանաչվել է լավագույնը:

1998-ին Արթուրն ամուսնացավ (իր սկզբունքներից է` պատերազմի ժամանակ չամուսնանալ), ունի մեկ դուստր և երկվորյակ տղաներ, ապրում են զինծառայողների համար կառուցված շենքում:

Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ: Արթուրը՝ ըստ պաշտոնի, չպիտի գնար առաջնագիծ, բայց բոլորը համոզված էին, որ նա կղեկավարի տանկային վաշտը և առաջինը կհայտնվի սահմանագծում: Անկախ պաշտոնից, տանկային վաշտի պատրաստվածությունը, խնդիրները գտնվում էին նաև նրա տեսադաշտում: Հրաման եկավ փորձառու տանկիստներ ուղարկել կռվի դաշտ` հակագրոհ կազմակերպելու համար: Անկասկած, թեկնածուն Արթուրն էր: Կապվեցին Արթուրի հետ, որ հաղորդեն հրամանը: Նա արդեն անհրաժեշտ կազմակերպական գործողությունները կատարել էր: Ինքը և փորձառու սպաներ Ադամյան եղբայրները կազմեցին առաջատար տանկի անձնակազմը (ի դեպ, Արթուրն իր վրա վերցրեց նշանառու օպերատորի գործը` հրամանատար նշանակելով  Արման Ադամյանին) և մտան մարտի մեջ: Հակառակորդը մարտի էր դուրս եկել նորագույն Ձ-90 տանկերով.

-Կրակում էի, հետ գնում խրամատ՝ հետևելով հակառակորդի կրակոցներին: Տեսա, որ նույն ազերիներն են: Էլ չէի թաքնվում: Դուրս եկա թաքստոցից և կրակ բացեցի թշնամու տանկերի վրա: Գործում էի առանց հետևակի, որ հանկարծ զոհ չտանք: 5 տանկ և մեկ այլ զրահատեխնիկա խփեցինք: Երկուսը բարվոք վիճակում էր, մտածում էի, բարձունքը կվերցնենք, այդ տանկերը մեզ կմնան: Ափսոս, պատերազմը շուտ կանգնեցրին, այդ տանկերը քաշեցին, տարան:

Արթուր Հովսեփյանը ողջ անձնակազմով պարգևատրվել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ: Նրանք արժանացել են ՀՀ <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանի:

Ներկայիս զորամասի հրամանատար գնդապետ Գեղամ Գաբրիելյանի կարծիքով` նա այն հերոսներից է, ով իր ներկայությամբ հերոսական է դարձնում մեր առօրյան: Բանակում ունենալ հենց այնպիսի սպա, ինչպիսին Արթուր Հովսեփյանն է, պատիվ է բոլորի համար: Նա պարտաճանաչ է, բարեխիղճ, ազնիվ, համեստ, ընկերասեր, միշտ պատրաստ պայքարի: Նման հերոսներն են կերտում ազգի պատմությունը:

Ի՞նչ ունի ասելու հասարակությանը երկու պատերազմի քուրայով անցած Արթուր Հովսեփյանը:

-Ունենալով նման հարևաններ` դատապարտված ենք պատերազմելու և նման իրավիճակներում կառուցելու մեր երազած երկիրը: Սերունդները պետք է դաստիարակենք հայրենասիրական գաղափարներով: Արժևորում եմ բանակ-հասարակություն կապի խորացումը, որն ապրիլյան պատերազմից հետո ամրապնդվել է: Դա մեծ դեր է խաղում զինվորների կյանքում, դրական ազդեցություն թողնում նրանց հոգեբանության վրա: Տարբեր կազմակերպությունների այցերը, մշակութային միջոցառումները հուշում են զինվորներին, որ ազգն իրենց կողքին է և անհրաժեշտության դեպքում միշտ սատար կկանգնի:

Արթուր Հովսեփյանի անցած ուղին ըստ արժանվույն գնահատվեց երկու հայկական պետությունների կողմից: <<Մարտական խաչ>> շքանշաններից բացի նա պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>>, <<Գարեգին Նժդեհ>>, <<Անդրանիկ Օզանյան>> <<Մարշալ Բաղրամյան>>մեդալներով: