Քարին տակի հերոսամարտը՝ սերունդների դաստիարակման լավագույն միջոց

28 տարի առաջ քարինտակցին հաստատեց, որ ազատագրական պատերազմ մղող ժողովրդի համար կարևորագույնը ոչ թե մարդկանց թվաքանակն ու աշխարհագրական դիրքն է, այլ պայքարելու ոգին, բնակավայրն ամեն կերպ պահելու վճռականությունը։

Ի՞նչպես հաջողվեց դիմագրավել թվով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին։ Ի՞նչ նշանակություն ունի Քարին տակի հերոսամարտն այսօրվա սերնդի դաստիարակության գործում:

28 տարի առաջ հերոսական Քարին տակ գյուղի բնակիչներն ընդունեցին թշնամու հարձակումը։ Այդ օրից ի վեր հունվարի 26-ը Արցախյան գոյամարտի տարեգրության մեջ դարձավ անձնվիրության ու խիզախումի, ժողովրդի հավաքական կամքի դրսևորման եզակի օրինակներից մեկը։ Քարին տակի ինքնապաշտպանների թիվը հասնում էր ընդամենը մի քանի տասնյակի, ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանի գլխավորությամբ նրանք հերոսաբար պաշտպանեցին գյուղն օղակող բոլոր դիրքերը և հակառակորդին հասցրին զգալի կորուստներ։ Իսկ հաշված ժամեր հետո, երբ նրանց օգնության հասան Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի կամավորականները, հակառակորդը մարտադաշտում թողեց 136 զոհ, մեկ խփված զրահատեխնիկա։ Եվ թշնամին տեղանքն անվանեց ՙԱրյունոտ ձոր՚։ Ավաղ, այդ օրն անդառնալի կորուստներ ունեցավ նաև գյուղը։ Հերոսաբար մարտիրոսվեց 20 քարինտակցի, որոնց մահը թերևս, ոչ թե ընկճեց, այլև ապրողներին կոչեց այդուհետ շարունակել այն մեծ խիզախումը, որը եղել ու լինելու է հաղթանակների նախերգանքը։ Քանակով ու զինտեխնիկայով բազմիցս գերազանցող թշնամու դեմ մղված մարտն ապացուցեց, որ զենքն անզոր է ոգու գերակայության դեմ։ Ամեն տարի հունվարի 26-ին հավաքվում են ռազմագործողությանը մասնակից ազատամարտիկներ հանրապետության տարբեր շրջաններից, հարգանքի տուրք մատուցում զոհված մարտընկերների հիշատակին, վերագնահատում գործողության պատմական նշանակությունը ապրող և հաջորդ սերունդների համար ու հերթական անգամ փաստում, որ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում դրանց պակասի պատճառով։ Քարին տակի հերոսամարտը դաս եղավ ինչպես Շուշիի շրջանի, այնպես էլ ողջ երկրի համար։ Այդ ռազմագործողությունը մեկ անգամ ևս փաստեց, որ մեր ժողովրդի գոյատևման ու ինքնահաստատման կարևորագույն նախապայմանը եղել և մնում է կազմակերպված ինքնապաշտպանությունն ու, անհրաժեշտության դեպքում նաև, կանխարգելիչ քայլերի դիմելը։ Քարինտակցիները 1992 թվականի հունվարյան օրերից հետո էլ փառք ու պատվով շարունակեցին կերտել իրենց հերոսական պատմությունը։ Նրանք մասնակցեցին արցախյան գոյամարտի թե՜ պաշտպանական, թե՜ հարձակողական մարտերին, և պատվով կատարեցին իրենց առջև դրված մարտական առաջադրանքները։

Քարին տակի դպրոցի տնօրեն, պատմության մասնագետ Արամայիս Հովհաննիսյան.

-Քարին տակի հերոսամարտը բացառիկ նշանակություն ունի սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում, որովհետև այն գրվել է մեր ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ և նրա ոսկե էջերից մեկն է հանդիսանում։ Այդ հերոսամարտի դրվագները ուսումնասիրելով, այդ հերոսամարտի մասին խոսելով, պիտի դաստիարակվեն ոչ միայն աշակերտությունը, այլ ամբողջ երիտասարդությունը, զինվորականությունը։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում ևս քարինտակցի ազատամարտիկները շարունակում են իրենց դրսևորել հայրենանվեր աշխատանքում։ Ստանալով շրջանի, հանրապետության իշխանությունների հետևողական օգնությունն ու աջակցությունը գյուղը բուժեց պատերազմի վերքերը, վերականգնվեցին բոլոր ենթակառուցվածքները։ Հատկանշական է, որ կատարվող բոլոր գործերին իր մասնակցությունն ունի Արցախի ազատամարտիկների միության Քարին տակի համայնքային միավորումը։ Կյանքը Քարին տակում շարունակվում է իր բնական հունով. նոր տներ են կառուցվում, մանուկներ ծնվում։ Եկող սերնդին էլ սերմանում դաս հայրենյացը, սերմանում՝ աչքի լույսի պես պահել կյանքի գնով պաշտպանած հայրենիքը։