Հաշմանդամ ազատամարտիկները Արցախի ազատամարտիկների միության ուշադրության կենտրոնում

Արցախի ազատամարտիկների միությունը, որ երեկվա պատերազմի մասնակիցներին համախմբող հասարակական կազմակերպությունն է, իր ստեղծման առաջին իսկ օրից, գործունեության կարևոր ուղղություններից մեկն է ընտրել նյութապես ու բարոյապես աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ մարտընկերներին և ընդհանրապես պատերազմն անցած ու այսօր սոցիալ -կենցաղային ծանր վիճակում գտնվող ազատամարտիկների ընտանիքներին:

Հայոց Բանակի 28-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և Միության վարչության որոշմամբ՝ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին շնորհավորելու նպատակով Արցախում բնակվող, բոլոր 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամներին՝ տրամադրվեց գումար՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 150 000 ական դրամի չափով:Ստեփանակերտաբնակ ազատամարտիկների համար կազմակերպված միջոցառմանը ներկա էին,  Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ԱԺ պատգամավոր, ԱԱՄ վարչության անդամ  Ժաննա Գալստյանը, Ստեփանակերտի տարածքային միավորման խորհուրդների նախագահները: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:

Մեր ողջախոհությունը հուշում է,- ասաց նա, որ այսօր մենք առավել ևս պարտավոր ենք լինել միասնական  ու համախմբված, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել մեր խնդիրները: Մենք պարտավոր ենք  նաև մշտական ուշադրության կենտրոնում պահել սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներին>>:

Նա շնորհավորեց ազատամարտիկներին և մեկ անգամ ևս կարևորեց նրանց կատարած նվիրական գործը: Կառույցի ղեկավարի խոսքով՝ պատերազմի ժամանակ մի շարք  հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի, իսկ մի  շարք քաջարի մարտիկներ էլ կորցրել են իրենց առողջությունը՝ հանուն ներկայի: «Հանրապետությունում մենք ունենք 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամ: Նման միջոցառումներով մենք փորձում ենք ևս մեկ անգամ արժևորել յուրաքանչյուր ազատամարտիկի վաստակը: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հարատև խաղաղություն»,-մասնավորապես ասել է Ս. Կարապետյանը:

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանի խոսքով՝տոնական օրերին կառույցը խրախուսում է ազատամարտիկներին՝ ուշադրության կենտրոնում պահելով նրանց:

Միության տարածքային միավորումները ևս հանդես են գալիս այդ նույն նախաձեռնությամբ:

ԱՀ ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի հերոս» Ժաննա Գալստյանն իր հերթին նշել է, որ հայոց բանակը ստեղծվել է այսօր արդեն հաշմանդամ դարձած ազատամարտիկների, նրանց զոհված և կենդանի հերոս մարտական ընկերների շնորհիվ: Դիմելով ազատամարտիկներին՝ Ժ. Գալստյանն ասել է. «Ձեր ոգու արիությամբ, համոզմունքով, բարոյական նկարագրով դուք մեր ազգի հերոսներն եք: Տա Աստված, որ դուք երբեք չզգաք, որ ձեր մարտական ընկերների արյունն անտեղի է թափվել: Ցանակնում եմ խաղաղ ու հանգիստ օրեր, հավատ, հույս և ոգու կորով»:

Ազատամարտիկների հավաստմամբ ՝սա ոչ միայն սրտացավություն է,այլև ՝ հոգատար  վերաբերմունք, որը հայրենասիրության ու ազգապահպանության իմաստ և արժեք է ստանում:

Առաջին կարգի հաշմանդամ Արայիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել է, որ վիրավորվել է 1992 թվականին: Մի քանի տարի շարունակ եղել է սայլակի վրա. բուժում ստանալուց հետո, իր մեջ ուժ գտնելով, այժմ քայլում է հենակների օգնությամբ:

«Ես հիմա էլ պատրաստ եմ լինելու պաշտպանը մեր երկրի: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեկնել եմ առաջնագիծ և փորձել եմ ամեն կերպ ոգևորել և ոգեշնչել մեր քաջարի զինվորներին»,- ասել է Ա. Հակոբյանը և իր շնորհակալությունը հայտնել միության աշխատակիցներին՝ իրենց մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

Գարուշ Սարգսյանն էլ, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, համոզմունք է հայտնել, որ Արցախին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում, իրենցից յուրաքանչյուրը կկանգնի զինվորի կողքին, ինչպես 2016 թվականի ապրիլին:

«Այս պարգևատրումն ինձ համար ավելի շատ բարոյական նշանակություն ունի, քան` նյութական»,- նշել է նա:

Ինչպես եզրակացրեց Արցախի ազատամարտիկների միության  նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ժամանակը պահանջում է, որ այսօր ավելի ու ավելի ուշադիր և հոգատար լինենք Արցախյան գոյապայքարում հաղթանակ կռած ազատամարտիկների և նրանց ընտանիքների նկատմամբ: Քանզի Արցախյան գոյապայքարի հաղթական ոգին փրկելով ու պահպանելով՝ մենք առաջին հերթին  փրկում և ամրապնդում ենք երկրի ապագան ու գալիք սերունդների հավատը: