Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը ՀՀ և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանի ծննդյան օրվա կապակցությամբ

Հայրենակիցներ

Պաշտպանական բանակի կապիտան Արմենակ Ուրֆանյանը հայրենանվեր սպայի լուսավոր կերպար է, ով իր հերոսական կենսագրությամբ ուրույն մի էջ գրեց Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ: Հիրավի՛, քաջերի վարքն ու գործը արիության ու սխրանքի դաս են նոր սերունդների համար: Մարտերում թրծված մեր բանակը հերթական անգամ աշխարհին ապացուցեց մեզ համար պարզ մի ճշմարտություն՝ զինատեսակներից հզորագույնը հայրենապաշտությունն է: Հիշենք մեծն Նժդեհի խոսքը. «Վաղվա Հայաստանի սահմանները գծելու են հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը»:

Ապրիլյան պատերազմը մի անգամ ևս վկայեց, որ մենք անպարտելի ենք մեր միասնությամբ: Երիտասարդ սերունդը Արցախյան պատերազմում հաղթանակներ կռած ազատամարտիկների արժանի հետնորդն է, որը դաժան փորձությունից դուրս եկավ՝ ավելի ամրապնդված ու զորացած:

Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում մարտիրոսված քաջորդիների հիշատակի առաջ:

Արցախի ազատամարտիկների միության վարչության և իմ անունից խորին երախտագիտություն ու շնորհակալություն եմ հայտնում Արմենակ Ուրֆանյանի ծնողներին, հարազատներին և ուսուցիչներին՝ այդպիսի նվիրյալ ու հայրենասեր զավակ դաստիարակելու համար:

Արցախյան գոյապայքարի նվիրյալներից մեկի՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի կերպարը սերունդների սրտերում կապրի, որպես պայքարի ու մաքառման խորհրդանիշ:

Փա՜ռք հերոսական մեր հայրենիքի անձնվեր ու քաջակորով սպաներին, փա՜ռք երկրի ազատության ու անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մարտիրոսներին, փա՜ռք հայ ժողովրդին, որ վստահորեն կերտում է իր ապագան:

 

 

Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր

 Ս. Ջ. Կարապետյան