Ճակատամարտում Սամվել Աղաջանյանը հաղթեց մահին, սակայն անժամանակ մահը խլեց նրա կյանքը

2020թ. փետրվարի 1-ին կյանքից անժամանակ հեռացավ Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Մարդիի Աղաջանյանը:Այս կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միության վարչությունը հայտնում է իր վշտակցությունն ու զորակցությունը Սամվել Աղաջանյանի ընտանիքին ու հարզատներին:

Նա ընտրել էր հայրենասիրության ճանապարհը, որը պատերազմից հետո վերածվել էր հայրենապաշտության: Հայրենիքի նվիրյալ զավակը երկար է ապրելու բոլոր իրեն ճանաչողների սրտերում: Հանուն Արցախի ազատության նա չի խնայել ոչինչ, ո՛չ առողջությունը, ո՛չ  էլ  իր երիտասարդ կյանքը: Հաղթող բանակի շարքերում անցել է տարբեր  ռազմաճակատներով, արել այն, ինչ որ հնարավոր էր …Իսկ երբ արդեն պատերազմ չէր, նա ընտրել էր  հայրենապահպանության ճանապարհը:

Եվ նրան նկատել էին  որպես այդպիսին՝ վստահելով պետական կարևորության տարբեր ուղղություններ…Եվ ինչպես երեկվա մարտադաշտում, այնպես էլ այստեղ, նա կարողացավ իքն իրեն գտնել, և կատարել այն ինչը հարիր է իր բնավորությանը և արմատներից եկող արյան կանչին: Ասկերանի քաղաքապետի պաշտոնում նա նոր առաքելություն էր ստանձնել ՝ զարգացնել հայրենի եզերքը, որը ինքն ու իր զինակիցները պաշտպանել էին արյամբ: Ծանր ու դժվարին ուղի անցնելով նա չկորցրեց իր կենսասիրությունն ու հայրենիքի հանդեպ սրտացավությունը:Նա հայրենիքի զինվոր էր և վայելում էր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը:

Սակայն ինչպես, ասում ենՙ աշխարհն ունի իր գրված ու չգրված օրենքները, որոնք բերում են անսպասելին:Ճակատամարտում նա հաղթեց մահին, բայց խաղաղ կյանքում անժամանակ մահը խլեց նրա կյանքը:

Ստորև ներկայացնում ենք Սամվել Աղաջանյանի ինքնակենսագրությունը.

Սամվել Մարդիի Աղաջանյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 14-ին, Ասկերան քաղաքում՝ ծառայողի ընտանիքում: 1977 թվականին հաճախել է Ասկերանի միջնակարգ դպրոցը և ավարտել այն 1988 թվականին: Նույն թվականի փետրվարի 22-ին, երբ Ակնայից (Աղդամ) ազերիների հրոսակախումբը հարձակվեց Ասկերանի ուղղությամբ, մասնակցել է Ասկերանի մատույցների պաշտպանությանը: 1988 թվականին ընդունվել է ՀՀ Կիրովականի պոլիտեխնիկական տեխնիկումը և անդառնալի երկրաշարժի ժամանակ մասնակցել փլատակներում մնացած մարդկանց օգնելու աշխատանքներին: 1988-1990թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում: Ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում և, միաժամանակ, կամավոր ընդգրկվել Ասկերանում գործող ինքնապաշտպանական կամավորական ջոկատում: Այդ ջոկատի կազմում 1992 թվականին մասնակցել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի պաշտպանական թեժ մարտերին, որտեղ էլ ծանր վիրավորվել է թնդանոթի ականի պայթյունից՝ վնասելով դեմքը ու կորցնելով երկու աչքերի տեսողությունը, որի հետևանքով տեղափոխվել է ՀՀ Զեյթունի 8-րդ հիվանդանոց: Երկու ամիս բուժվելուց հետո, աչքերի տեսողությունը մասամբ վերականգնելով, վերադարձել է Արցախ և շարունակել ծառայությունը նույն ջոկատի կազմում: Մասնակցել է մի շարք բնակավայրերի ազատագրման մարտական գործողություններին: 1992 թվականին նշանակվել է դասակի հրամանատար, որի կազմում 1993 թվականին մասնակցել է Աղդամի կրակակետի ոչնչացմանը, իսկ հուլիսին նշանակվել ՊԲ 34153 զ/մ-ի 2-րդ գումարտակի շտաբի պետ: Մարտական գործողություններին ակտիվ և խիզախ մասնակցության համար պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիություն», ՀՀ «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտություն» և ՊԲ մի շարք գերատեսչական մեդալներով: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ էր: 2006 թվականից մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը հանդիսանում էր Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման խորհուրդի նախագահ: Ակտիվ համագործակցում էին ՊԲ զորամասերի հետ, կատարւմ այցելություններ զորամաս և դիրքեր, մասնակցում՝ կազմակերպվող ռազմահայրենասիրական դասընթացներին: 2007 թվականից անդամագրվել է «Ազատ հայրենիք» կուսակցությանը և հանդիսանում է նույն կուսակցության խորհրդի անդամ: 2014 թվականին մասնակցել է մարտական հերթափոխությանը սահմաններում: 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ասկերանի շրջանից 1000-ից ավել ազատամարտիկներ Ս. Աղաջանյանի հրամանատարության ներքո ակտիվ մասնակցել են զորամասի մարտական հենակետերի հերթապահությանն ու հերթափոխերին: 2015 թվականի սեպտեմբերի 13-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում ընտրվել, 2019 թվականի սեպտեմբերի 8-ին վերընտրվել է Ասկերան համայնքի ղեկավար: Ամուսնացած է, ունի 1 դուստր և 2 որդի: 2020 թվականի փետրվարի 1-ին Ս. Աղաջանյանը սրտի կաթվածից հանկարծամահ է եղել: