Իրականություն, որը նման է լեգենդի.Արմենակ Ուրֆանյան

Արմենակ Ուրֆանյանի կյանքում ամեն ինչ կիսատ մնաց, բացի հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումից:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին գիշերը եղավ  Արմենակի ու նրա շատ զինակիցների համար: Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին կապիտան Արմենակն իր  դասակի հետ: Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին: Երբ հասկացավ, որ այլևս դիմադրել անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամատարի հետ, իսկ մյուսները վիրավորվեցին:

Լեգենդի նմանվող իրականությունը, թե  ինչպես են դիմադրել թշնամուն ու զոհվել կապիտանն ու նրա զինվորները, հետո այդ մասին դեռ շատ կպատմեն վիրավոր զինակիցները:
Արմենակ Ուրֆանյանի տան եմ, նրա մայրիկի մոտ: Նախօրոք մտածված սփոփանքի  բոլոր խոսքերը ի չիք դարձան, քանի որ աշխարհի ոչ մի լեզվում չկան այն խոսքերը, որոնք կարող են սփոփել որդեկորույս մորը: Մայրն էլ հավանաբար չի սպասում այդ խոսքերին:

Տիկին Համեստը օգնության հասավ մեզ՝ պատմելով մեկ Արմենակի մանկությունից, մեկ զինվորական կյանքից, նրա զինվորներից, մեկ ուսանողական տարիներից ու անընդմեջ նրա սիրած աղջկանից՝ Գոհարիկից:

Սիրած աղջկա հետ ընտանիք կազմելը, սեփական տուն ունենալը, դեռ մանկուց երազած զինվորականի բարձր կոչումը և բոլոր նպատակները Արմենակի հետ մնացին Մարտակերտի դիրքերում…

Մորը թվում է, թե որդին դեռ Մարտակերտում է ու իրեն յուրահատուկ շուքով կտնի տուն, կգրկի իրեն և կժպտա, ժպիտ, որի մեջ ամփոփված կլինի սեր, ջերմություն, կարոտ, ամեն, ամեն ինչ:
Ուրֆանյանի մասին ջերմությամբ են խոսում նախկին և այսօր ծառայող զինվորները:

Հրամանատար լինելուց բացի ավագ ընկեր էր, խորհրդատու, և նրանք բնական են համարում, որ այդ դժվարին պահին զինվորը հրամանատարին մենակ չթողեց:

Շատ էի ցանկանում Արմենակի մասին խոսեր ընկերը, որի հետ միահյուսված են նրանց մանկության և երիտասարդության տարիները, սակայն նա ուզում էր հեռու գնալ իրականությունից, նրա համար էլ Արմենակը դեռ կա, նա դիրքերում է և երբեք ընկերոջ մասին անցյալով չի խոսելու:

ՀՀ   և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, կապիտան Արմենակ Մերսի ՈՒրֆանյանը իր ծննդյան 30-ամյակին Արցախի հանրապետության պաշտպանության գործում   ցուցաբերած քաջության, անձնական արիության համար արժանացավ Արցախի ազատամարտիկների միության <<Հայրենյաց պաշտպան >>մեդալին:

Արմենակ Ուրֆանյանի, նրա մարտական ընկերների մասին դեռ շատ կգրվի, հայրենիքի արժանավոր զավակները դեռ շատ-շատերի համար կհանդիսանան սխրանքի, հայրենասիրության, նվիրումի օրինակ: Ամեն մի սերունդ յուրովի կմեկնաբանի նրանց հերոսությունը, բայց որ ոգեշնչման, հայրենասիրության, նոր սխրանքների ազդակ կհանդիսանա, անկասկած է: