Հաճելի ձեռնարկում

Կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ հերթական ընդօրինակման արժանի նախաձեռնություններով: Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ Հանրապետության 761 կին ազատամարտիկներին միության կողմից հատկացվեց ֆինանսական աջակցություն ՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 40 000-ական  դրամ գումարի չափով: Միության ներկայացուցչությունը ՝ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանի գլխավորությամբ միության նախագահի անունից շնորհավորեց բոլորին և հանձնեց ծաղիկներ: Իր ստեղծման օրից ցայսօր միությունը միշտ ակնածանքով է վերաբերվել իր շարքերում գտնվող կանանց նկատմամբ՝ վերջիններիս պահելով  ուշադրության ու հոգածության կենտրոնում և ամեն տարի Կանանց միջազգային և Մայրության ու գեղեցկության տոն օրերի կապակցությամբ շնորհավորել է ոչ միայն միության կին անդամներին, այլև Արցախի Հանրապետության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:Այս տարի նույնպես միությունը հավատարիմ մնաց իր որդեգրած սկզբունքին: Գարնանային տոնը կին ազատամարտիկների համար արժևորվեց գեղեցիկ  ու գնահատանքի արժանի նախաձեռնություններով: Մեր  հետ զրույցի ընթացքում  կին ազատամարտիկները շնորհակալություն հայտնեցին  կանանց մեծարել ու գնահատել իմացող մարդուն՝ Սամվել Կարապետյանին, հավելելով, որ այսօրինակ գործելաոճը  հատուկ է միայն ազգի նվիրյալին: