Ավանդույթ դարձած նախաձեռնություն

Մարտի 7-ին՝ Կանանց միջազգային տոն օրվան ընդառաջ,  ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները առանձնահատուկ ուշադրության են արժանացել  ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից: Կարևորելով գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների դերակատարումը զորքերի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը համոզմունք են հայտնել, որ ինչպես մեր բանակաշինության բոլոր փուլերում, այսօր և այսուհետ ևս կանայք կգտնվեն իրենց վստահված առաքելության լիարժեք կրողները և, կշարունակեն պատասխանատվության ու հոգատարության անհրաժեշտ չափաբաժին ներարկելով բանակային ծանր ու դժվարին առօրյայում, նպաստել հանրապետության զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացմանը:

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը հրապարակել է միության նախագահ գեներալ-մայոր Սամվել  Կարապետյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի ՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված էր.<<Մեծ է հայ կնոջ դերն ու առաքելությունը կյանքում: Հայ կինն հաստատեց իր անփոխարինելի դերը Պաշտպանության բանակում:Դարեր շարունակ հայ կինը եղել է ազգային ավանդների սերմանողն ու պահապանը, հայ գրի ու մշակույթի կենարար լույսով սերունդներ դաստիարակող ու կրթող  նվիրյալը, ով անմնացորդ նվիրումով ու անխոնջ ավյունով շենացրել  և այսօր էլ շարունակում է բարգավաճ պահել ոչ միայն սեփական օջախը, այլև հասարակական կյանքն ու հայրենիքի ապագան:

Հիրավի՛, անգնահատելի է կին-զինծառայողների դերը պաշտպանության բանակում, նրանց ցուցաբերած կամքն ու հմտությունը բացառիկ են և ոգևորիչ, արժանի հիացմունքի:

Հարգելի կին- զինծառայողներ, մայրեր, քույրեր նորից ու նորից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի ՝ կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ:Թող երջանկությունն ու հաջողությունը միշտ ուղեկցեն Ձեզ>>:

Միջոցառման ավարտին ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները բանակի հրամանատարության կողմից արժանացել են դրամական խրախուսանքի, իսկ Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից ստացել  ծաղիկներ: