Նվիրատվություն

Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել բանակի թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է նպաստել բանակի առջև դրված խնդիրների արդյունավետ կատարմանը: Պատերազմական իրադրությունում միության անդամները եղել են խրամատում, իսկ խաղաղ պայմաններում, իրենց ամենօրյա գործունեությամբ, նպաստել բանակաշինության  գործընթացին:

Հավատարիմ մնալով պաշտպանության բանակին նեցուկ լինելու իր գործելաոճին՝ մարտի 23-ին Արցախի ազատամարտիկների միությունը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ: Այս անգամ միության վարչության որոշմամբ բանակին է նվիրաբերել «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա:

Ընդունելով նվիրատվությունը՝ բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Առստամյանը մասնավորապես նշել է. «Արցախի ազատամարտիկների միությունը բանակը պահում է ամենօրյա ուշադրության կենտրոնում: Ուրախալի է մշտապես Միության աջակցությունը թիկունքին զգալը, որն արտահայտվում է ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլև կրում է պարբերական բնույթ»:

Այսօր Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ դրվատանքի արժանի մեկ այլ նախաձեռնությամբ ևս: Այս անգամ Միության կողմից նախաձեռնված մարդասիրական օժանդակության հասցեատերերը հանրապետութունում բնակվող, տնային պայմաններում սպասարկվող տարեցներն ու հաշմանդամներն էին: Բնակչության այս խավի կենցաղային կարիքները հոգալու համար ԱԱՄ վարչության որոշմամբ «Որոշում» քաղաքացիական նախաձեռնությանն է տրամադրվել 3.000.000 դրամ, որով նախատեսվում է վերջինիս կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում  թվով 162 (որից 112-ը Ստեփանակերտում, իսկ 50-ը Արցախի Հանրապետության շրջաններում) տնային պայմաններում սպասարկվող տարեցների ու հաշմանդամների համար ձեռք բերել հիգիենայի պարագաներ և մեկ ամսվա կտրվածքով առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ: