Արցախի ազատամարտիկների միությունը միշտ այնտեղ է, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը

Սրանից 4 տարի առաջ մեր ժողովուրդը կրկին հայտնվեց պատերազմական իրավիճակի մեջ: Կրկին ցնցվեց ողջ հայությունը: Կրկին ապրիլն հայի համար դարձավ արյունոտ ամիս: Ու ապրիլն այդ դարձավ ապրելու ապրիլ մեր ժողովրդի համախմբվածությամբ, ճիշտ ու վճռական դիրքորոշմամբ:

Այդ ժամանակ Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հրահանգով  շուրջ 2400  ազատամարտիկներ մեկնեցին դիրքեր իրենց իսկ արյամբ գծած սահմանը պահելու,  երիտասարդներին, փորձը փոխանցելու: «Պատերազմի» տղաներով միավորվելով, ապացուցեցին աշխարհին, որ ուժեղինն է հաղթանակը, գոյապայքարի կռվանը, որ միասնության դրոշի ներքո  համախբված ազգն անպարտելի է:Երբ հիշում ենք ապրիլյան դեպքերը, խոր ցավ ենք  զգում մարտիրոսվածների համար, գնահատում  ենք նաև այն ազատամարտիկներին, ովքեր այսօր էլ պատրաստ են զոհել իրենց կյանքը: Ապրիլյան առճակատման մասին շատ է խոսվել ու գրվել և դեռ շատ է խոսվելու, այն յուրօրինակ հայրենասիրության դաս է սերունդների համար, դաս, որտեղ իր խոսքն ասաց նաև Ազատամարտիկների միությունը, խոսք, որը վերածվել էր գործի և դա  կարող է ակնածանք ներշնչել հայրենիք սիրող ցանկացած մարդու:ՈՒ նույն նպատակասլաց քայլերով միությունը շարունակեց իր գործունեությունը՝ մեծարելով ու գնահատելով ապրիլյան առճակատման նվիրյալներին:

Ոչ բոլոր երկրներին ու ժողովուրդներին է հաջողվում պատերազմից հետո պահպանել համերաշխություն ու միասնություն: Սակայն մեզ դա հաջողվեց Արցախի ազատամարտիկների միության և նրա ղեկավարության շնորհիվ:

Անդրադառնալով ազատամարտիկների միության  ներկայիս գործելաոճին ու հայրենիքի հանդեպ նվիրվածությանը համոզվում ենք մի բանում.ինչպես արցախյան ազատամարտի վետերաններն ու այսօրվա հայրենյաց պաշտպանները, այնպես էլ ողջ հայ ժողովուրդը վճռական են մեր հաղթանակների պահպանման և նոր ձեռքբերումների կերտման գործում ու, որ շատ կարևոր է, իրենց նվիրական արարումներով միշտ անառիկ են պահում Հայոց ոստան Արցախը:

Այսօր էլ Արցախի ազատամարտիկների միությունը հայոց բանակին սատար է ու թիկունք և պատրաստ է հարկ եղած դեպքում(Աստված մի արասցե) նույն վճռականությամբ կանգնել հայրենիքի պաշտպանության  դիրքերում, և պատասխանել նրան ով կփորձի խաթարել մեր երկրի անվտանգությունն ու սահմանների անառիկությունը: