Նրա անցած երկրային փառավոր ուղին կդառնա լուսավոր ուղենիշ…

Արցախը ազատագրվեց հազարավոր քաջորդիների արյան գնով: Ստեփանակերտի ծնունդ Աշոտ Պետրոսյանը այդ հայորդիներից մեկն է: Նա առաջիններից էր, որ գիտակցելով Արցախյան գոյապայքարի անխուսափելիությունը, կամավորագրվեց նրան, հակառակվեց գործադուլներին, ցույցերին ու միտինգներին, գիտակցեց զենքի՝ իբրև ճշմարիտ կռվանի անհրաժեշտությունը մեր ժողովրդի ազատության համար մղվող պայքարում:

Արժանապատվություն ունեցող երիտասարդը ստիպված էր պաշտպանել իր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Իր ինքնությունը քողարկելու նպատակով Շավարշ կեղծանունն ընտրեց:

Նախ՝ ընդհատակյա, իսկ այնուհետև ստեղծելով մարտական ջոկատ, անցավ զինված պայքարի: Ընդհատակում թեև գործում էր ծածկանունով , աննկատ մնալ չէր կարող և ձերբակալվեց ու մոտ վեց ամիս մնաց ադրբեջանական տարբեր բանտերում: Ինչ հալածանքների և կտտանքների ասես չենթարկվեց Շավարշը Կիրովաբադի բանտում, բայց նա դիմացավ, որովհոտև հավատ ուներ իր ընկերների ուժի ու հայրենիքի ազատության գաղափարի հանդեպ:

Մարտընկերների համառ ջանքերից հետո ազատվելով գերությունից, նոր թափով շարունակեց պայքարը և ձեռնամուխ եղավ զենքի ու զինամթերքի հայթայթմանը, նաև ինքնաշեն զենքերի պատրաստման գործն էր հաջող ընթացք ստանում: Երբ սաստկացան հայ-ադրբեջանական բախումները և ազատագրական շարժումը բացահայտ զինված պայքարի բնույթ ստացավ, Աշոտ Պետրոսյանը դարձավ ինքնապաշտպանության ջոկատներից մեկի հրամանատարը, հետո ազատամարտիկների սիրելի մարտընկերն ու անփոխարինելի զինակիցը:

Շավարշը փաստորեն նրանցից էր, ովքեր այսօրվա բանակի հիմքերը դրեցին: Մոտոհրաձգային գումարտակում էր ծառայում, ընկերների սիրելին էր: Նրանց միշտ ոգեշնչում ու խորհուրդներ էր տալիս: Նրա համար վատ մարդ չկար: Տարիքն անհամապատասխան լրջախոհ էր, պարտաճանաչ, խիզախ և միևնույն ժամանակ՝ նրբահոգի: Շրջապատի ուրախությունն էր, գոհացնում էր դիմացինին՝ ուրախություն պարգևելով: Քաջորդին մասնակցել է մի շարք մարտական գործողությունների:

Նա չէր ընկրկում դժվարություններից: Մարտընկերները պատմում են՝ անկախ այն հանգամանքից, թե առաջադրանքն ինչ ընթացք էր ստանում, միևնույն է նա երբեք գործը կիսատ չէր թողնում:

Պատերազմում շատ արագ բացահայտվեց Աշոտի ռազմական տաղանդը : Նա չէր սիրում ճառել, մարտընկերների հետ սիրում էր խորհրդակցել, բայց որոշումն ընդունում էր ինքը: Նա քաջ էր ու համեստ, խիզախ ու շիտակ, ուներ հրամանատարին հատուկ ոգի, իսկական զինվորական էր: Բարի լայնախոհ մարդ էր Աշոտը, հարգում էր մեծահասակներին, գորովագութ սեր տածում երեխաների հանդեպ: Նա Արցախի համար պայքարող այն մարտիկներից էր, որին բնավ չէր մտահոգում անձնական կյանքը: Նա շնչում, ապրում էր ժողովրդի ցավով ու տառապանքով, նրա երջանկությամբ:

Տանը հազվադեպ էր լինում, թեև գիտեր, որ իրեն տանը կարոտով է սպասում մայրը՝ տիկին Նորան: Նոթատետրերից մեկում կարդում ենք. <<Աշոտը միշտ առաջինն էր վտանգի ու մահվան ճանապարհին և վերջինը դեպի կյանք և ապահովություն տանող ճանապարհին>>: Նա մասնակցել է Կրկժանի , Շուշիի, Ծամձորի, Ջանհասանի, Ղարադաղլուի մարտերին:

Շավարշը սիրում էր նաև ստեղծագործել: Մեկ-մեկ ընկերանում էր գրչին, որը նրա համար <<երկրորդ զենք>> էր, բայց ոչ երկրորդական: Եվ հենց խրամատներում ու մարտական դիրքերում ծնվում էին  ջերմ ու ոգեղեն տողեր, որոնց մասին, մարտական ընկերներից բացի, քչերը գիտեն: Այդ տողերը հայրենասիրությամբ տոգորված ահազանգի ու պատգամի տողեր են՝ մայր հողի պաշտպանության դիրքերում կանգնած երեկվա ու այսօրվա սերնդի համար:

Հրամանատարի բարեմասնությունների մասին կարելի է երկար պատմել, բայց նրա ամենամեծ բարեմասնությունը հանուն հայրենիքի մարտիրոսվելն է: Քաջորդին փառք չի փնտրել, նա փնտրել է ապրելու իրավունք: 1992թ. Մարտին Աշոտը ավտովթարից ծանր վիրավորվում է, իսկ 1993-ի հուլիսի 23-ին Աղդամի Խդրլը գյուղի մոտ թշնամու դարանակալ ականի պայթյունը մահացու եղավ 34-ամյա քաջ ֆիդայու ու խիզախ հրամանատարի համար: <<Ուժն է գաղափարի պահապանն ու իրավունքի ծնողը>>,-ահա այս սկզբունքն էր դրված Շավարշի հայրենասիրական բոլոր գործողությունների հիմքում:

Ժամանակն ասես մի օրագիր է, որի էջերը ներծծված են հերոսների արյամբ, այդ արյունը սուրբ է և սերունդների ճանապարհը սրբագործելու հատկություն ունի:

Իր անձնազոհ նվիրումով և գիտակից հայի խոյանքներով նա կռեց հայրենի բնաշխարհի ազատությունն ու անկախությունը , սակայն չտեսավ ազատագրված հայրենիքը: Եվ մարտիրոսվեց իր իսկ արյամբ ներկելով մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը:

Գերեզման տանող ճանապարհին Աշոտ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաղբյուր է կառուցվել, այն հայ քաջորդու կենսագրության շարունակությունն է:

Հայրենիքի հանդեպ ցուցաբերած ծառայուիթյունների  համար Աշոտ (Շավարշ) Պետրոսյանը պարգևատրվել է <<Մարտական Խաչ>> առաջին աստիճանի շքանշանով:

Աշոտ Պետրոսյանը սերունդների հիշողության մեջ մնաց որպես հայրենասիրության, հերոսության, հայրենիքի պաշտպանությանն անմնացորդ նվիրվելու օրինակ: