Մայիսյան եռատոնին ընդառաջ Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ հերթական ընդօրինակման արժանի միջոցառումների շարքով: Մայիսյան եռատոնի նախօրեին Արցախի ազատամարտիկների միության միջնորդությամբ թվով 65 ազատամարտիկներ պարգևատրվեցին «Մարտական Ծառայություն» մեդալով, 1 ազատամարտիկ՝«Շուշիի ազատագրման համար» մեդալով: Ազատամարտիկներից 10 հոգու պարգևատրումն իրականացվել է ԱՀ նախագահի նստավայրում նախագահ Բակո Սահակյանի կողմից: Արցախի անկախության ու ազատության համար նրանք չեն խնայել ոչինչ ո՛չ առողջություն, ո՛չ երիտասարդություն: Հայրենիքի կողմից նման բարձր պատվի արժանանալը կկրկնապտկի ազատամարտի մասնակիցների ուժն ու եռանդը, զորեղ ազդակ կհանդիսանա բանակաշինության կատարելագործման համար:
Արցախի ազատամարտիկների միությունը վարչության որոշմամբ մայիսյան եռատոնի և հասարակական ակտիվ գործունեության համար թվով 125 ազատամարտիկի արժանացրել է, պարգևատրման՝ յուրաքանչյուրին տալով 50 000 ական դրամ: Անշուշտ Արցախի ազատամարտիկների միության այսօրինակ գործելաոճն արժանի է դրվատանքի: Մանավանդ, որ այն նպատակաուղղված է հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց առողջությունն ու ֆիզիկական կարողությունները կորցրած ազատամարտիկներին հնարավորինս օժանդակելու և նրանց կատարածն ըստ արժանվույն գնահատելու գործընթացի իրականացմանը:
Միությունը թվով 69 դիմումատուների (բուժման, սոցիալ-կենցաղային և այլ հարցերի համար) ցուցաբերեց 2մլն.320 000 դրամ գումար, դրանով իսկ փորձելով լուծել նրանց հուզող հարցերը: Ազատամարտիկները կորցրել են իրենց առողջությունը, սակայն չեն կորցրել հաղթողի ոգին, նրանք ուշադրության ու հոգածության կարիք ունեն, ինչն էլ ցուցաբերվում է Արցախի ազատամարտիկների միության կողմից: Յուրաքանչյուր այցելու միության գրասենյակից հեռանում էր երախտագիտության զգացումով, համարելով, որ նման վերաբերմունքը վկայություն է մարդասիրության: