Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Ս. Ջ. Կարապետյանի ուղերձը Մեծ հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի ստեղծման օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ.

Մայիսի 9-ը համայն հայության համար պատմական օր է: Այն իմաստավորում է մեր նախորդների ու ներկաների հերոսական արարումներով կերտված անանց հաղթանակների խորհուրդը: Մենք ազգովի այդ օրը նշում ենք որպես Եռատոն և առաջին հերթին հիշում ու մեծարում բոլոր նրանց, ովքեր գիտակցված մահով անմահացել են ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ Արցախյան ազատամարտի մարտադաշտերում, ովքեր վիրավորվել, հաշմանդամ են դարձել հանուն ազատ և արժանապատիվ Հայրենիք ունենալու գաղափարի և այսօր էլ շարունակում են իրենց համեստ ներկայությամբ օրինակ հանդիսանալ մատաղ սերնդի համար:

Կցանկանայի առանձնահատուկ մեծարանքի խոսքեր ուղղել Պաշտպանության բանակի բոլոր զինծառայողներին  ու նրա ակտիվ պահեստազորը հանդիսացող Արցախի ազատամարտիկների միության հազարավոր անդամներին և համոզմունք հայտնել, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ մենք վճռական ենք լինելու ոչ միայն պահելու և պաշտպանելու մեր այսօրվա ունեցածը, այլև հարկ եղած դեպքում՝ այն ընդլայնելու:

Ավարտելով խոսքս թույլ տվեք Արցախի ազատամարտիկների միության վարչության և անձամբ իմ անունից շնորհավորել Երկրորդ աշխարհամարտի մասնակից մեր հայրերին ու պապերին, Շուշիի ազատագրման և Արցախյան պատերազմի մասնակիցներին, բանակի ողջ անձնակազմին և մեր բոլոր հայրենակիցներին: Թող որ յուրաքանչյուրիս կատարածն արժանի լինի մեր երկրին ու ժողովրդին:

Շնորհավոր Եռատոն:

Արցախի ազատամարտիկների միության նախագահ,

Արցախի հերոս, գեներալ-մայոր

Ս. Ջ. Կարապետյան